Մեկ շաբաթվա ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 16.500 կրակոց

Մեկ շաբաթվա ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 16.500 կրակոց

PanARMENIAN.Net - ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հուլիսի 27-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 1500 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 16.500 կրակոց: Բացի հրադադարի պահպանման ռեժիմի վերոնշյալ խախտումներից, անցած շաբաթվա ընթացքում ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից տարբեր ուղղություններով ձեռնարկվել են դիվերսիոն ներթափանցման փորձեր:

Հայ դիրքապահների կազմակերպված դիմադրության և բարձր մարտական պատրաստականության ու բարոյակամային հատկանիշների շնորհիվ դրանք բոլորը ժամանակին հայտնաբերվել ու կանխվել են, իսկ վերջիններս, կրելով բազմաթիվ մարդկային կորուստներ և մարտադաշտում թողնելով նկատելի քանակությամբ սպառազինություն, հետ են շպրտվել ելման դիրքեր:

Օգոստոսի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտի) ուղղությամբ հակառակորդը հերթական անգամ հետախուզադիվերսիոն գործողություն է ձեռնարկել: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և վերջիններիս պատճառելով մարդկային ու նյութական կորուստներ, հետ շպրտել ելման դիրքեր: Դիմակայության ընթացքում զոհվել է ԼՂՀ ՊԲ զինծառայող Զորիկ Գևորգյանը, ով ավելի ուշ Արցախի նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է «Արիության մեդալով», ՀՀ նախագահի՝«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ավելի ուշ հայտարարել է 4 զոհի ու մի քանի վիրավորի մասին։

Օգոստոսի լույս 1-ի գիշերը հակառակորդը նույնպես դիվերսիոն ներթափանցման փորձ էր ձեռնարկել, որի արդյունքում հայտնել էր իր 8 զինծառայողի կորուստի մասին: Ըստ որոշ տվյալների, հակառակորդը 11-14 զոհ էր տվել ու մոտ 30 վիրավոր: Հայկական կողմը կորուստներ չէր ունեցել։

Հուլիսի 31-ին հակառակորդը հարձակում էր ձեռնարկել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ: Դիրքապահ անձնակազմի կողմից հանդիպելով կազմակերպված դիմադրության ու բազմաթիվ կորուստներ կրելով հակառակորդը հետ է շպրտվել ելման դիրքեր:

Գործողության արդյունքում զոհվել էր ՊԲ 2 զինծառայող՝ Արարատ Խանոյանը և Աշոտ Ասոյանը, ավելի ուշ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից նրանք հետմահու պարգևատրվել ենՄարտական ծառայության մեդալով։Իրականացված օպերատիվ գործողությունների արդյունքում հակառակորդից առգրավվել էր մեծ քանակությամբ հատուկ սպառազինություն և տեխնիկական միջոցներ:

Անհաջող հարձակման մասին լուրերից հետո Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել, թե ադրբեջանական զինված ուժերում կորուստների մասին տեղեկությունն «անհիմն է»։ Բայց մոտ 3 ժամ անց նույն գերատեսչությունը հայտարարել է զինծառայող Ահմեդով Գարյագդի Էլդար-օղլուի մահավան մասին։ Ըստ նախարարության, «միջադեպը տեղի է ունեցել Աղդամի շրջանի Չիրաղլի գյուղի մոտակայքում»։ Ավելի ուշ հակառակորդը հայտնել էր հայ-ադրբեջանական սահմանին Ղազախի շրջանում 1977-ին ծնված Ադրբեջանի ԶՈւ ենթասպա Ալմազով Իսա Զիյադ օղլուի մահվան մասին:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---