ՌԴ ԱԳՆ-ն ղարաբաղյան հակամարտության գոտում «զսպվածություն ցուցաբերելու» անհասցե կոչ է անում

ՌԴ ԱԳՆ-ն ղարաբաղյան հակամարտության գոտում «զսպվածություն ցուցաբերելու» անհասցե կոչ է անում

PanARMENIAN.Net - Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրման կապակցությամբ:

«Լրջորեն մտահոգված ենք ղարաբաղյան հակամարտության շփման գծում իրավիճակի կտրուկ սրացմամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի է հանգեցրել: Խորապես ցավակցում ենք զոհվածների ընտանիքներին»,-ասվում է ՌԴ ԱԳՆ Տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Մարիա Զախարովայի հայտարարության մեջ:

Փաստաթղթում նաև ասվում է. «Վերջին օրերի իրադարձությունները դիտարկում ենք իբրև հրադադարի վերաբերյալ և քաղաքական ուղիներով խնդրի կարգավորմանը հասնելու լրջագույն պայմանավորվածությունների խախտում: Հետագա էսկալացիան անթույլատրելի է: Կոչ ենք անում հակամարտող կողմերին զսպվածություն դրսևորել, հրաժարվել ուժի կիրառումից և անհապաղ քայլեր ձեռնարկել իրավիճակի կայունացման ուղղությամբ»:

Ավելի վաղ այս առնչությամբ մտահոգություն էր հայտնել նաև ԱՄՆ Պետդեպարտամենտը:

«Ցավակցում ենք բոլոր զոհվածների ու վիրավորների ընտանիքներին և կոչ անում կողմերին անհապաղ միջոցներ ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու համարու պահպանել հրադադարի ռեժիմը: Հակամարտությունը ռազմական լուծում չունի: Պատասխան գործողությունները և հետագա բռնությունը կբարդացնեն խաղաղ կարգավորումը»,- ասվում է Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի տեղակալ Մարի Հարֆի հայտարարության մեջ:

ԱՄՆ-ն նաև հորդորում է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին որքան հնարավոր է շուտ հանդիպել ու վերսկսել երկխոսությունը հիմնական հարցերի շուրջ: «Նաև կոչ ենք անում կողմերին ընդունել ԵԱՀԿ նախագահի բանակցություններ սկսելու հրավերը, որոնք կարող են հանգեցնել խաղաղ պայմանագրի կնքմանը: Նախկինի պես հավատարիմ ենք Մինսկի խմբի շրջանակում ընթացող գործընթացին և պատրաստ ենք աջակցել երկարաժամկետ կարգավորման հասնելու ջանքերին»,- ասվում է փաստաթղթում:

Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ հայտարարությամբ է հանդեսեկել նաև Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Համբարյանի հայտարարությունում ասվում է, որ ադրբեջանական ստորաբաժանումների դիվերսիան Ադրբեջանի կառավարության անմիտ զինված ագրեսիայի օրինակ է, որը դրսևորվում է տարածաշրջանում իրավիճակի կայունացման ու խաղաղության հաստատմանն ուղղված միջազգային հանրության ջանքերի ֆոնին:

«Այն, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը չի ցանկանում դատապարտել Ադրբեջանի ռազմական ագրեսիան, նպաստում է այդ երկրում անպատժելիության վտանգավոր մթնոլորտի արմատավորմանը, ինչն, իր հերթին, հանգեցնում է բռնության սրացման: Ժամանակն է, որ միջնորդները հրաժարվեն ադրբեջանական կողմի յուրաքանչյուր հարձակմանն արհեստական սառնասրտությամբ ու կեղծավոր դիվանագիտությամբ պատասխանելու սովորությունից: Միայն դատապարտելով ադրբեջանական ագրեսիան, նրանք կարող են հուսալ, որ կկարողանան կասեցնել Կովկասում նոր պատերազմ սանձազերծելու Ալիևի ձգտումը: Առաջին ու կարևոր քայլը պետք է լինի ԵԱՀԿ հովանու ներքո կազմակերպված միջազգային արշավը՝ հասցեագրված Բաքվին, որով կպահանջվի համաձայնվել հետ քաշել դիպուկահարներին շփման գծից, մի առաջարկ, որին արդեն 3 տարի է հավանություն են տալիս Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը»,- ասվում է Արամ Համբարյանի հայտարարության մեջ:

Օգոստոսի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտի) ուղղությամբ հակառակորդը հերթական անգամ հետախուզադիվերսիոն գործողություն է ձեռնարկել: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և վերջիններիս պատճառելով մարդկային ու նյութական կորուստներ, հետ շպրտել ելման դիրքեր: Դիմակայության ընթացքում զոհվել է ԼՂՀ ՊԲ զինծառայող Զորիկ Գևորգյանը, ով ավելի ուշ հետմահու պարգևատրվել է «Արիության մեդալով»: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ավելի ուշ հայտարարել է 4 զոհի ու մի քանի վիրավորի մասին։

Օգոստոսի լույս 1-ի գիշերը հակառակորդը նույնպես դիվերսիոն ներթափանցման փորձ էր ձեռնարկել, որի արդյունքում հայտնել էր իր 8 զինծառայողի կորուստի մասին: Ըստ որոշ տվյալների, հակառակորդը 11-14 զոհ էր տվել ու մոտ 30 վիրավոր: Հայկական կողմը կորուստներ չէր ունեցել։

Հուլիսի 31-ին հակառակորդը հարձակում էր ձեռնարկել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ: Դիրքապահ անձնակազմի կողմից հանդիպելով կազմակերպված դիմադրության ու բազմաթիվ կորուստներ կրելով հակառակորդը հետ է շպրտվել ելման դիրքեր:

Գործողության արդյունքում զոհվել էր ՊԲ 2 զինծառայող՝ Արարատ Խանոյանը և Աշոտ Ասոյանը: Իրականացված օպերատիվ գործողությունների արդյունքում հակառակորդից առգրավվել էր մեծ քանակությամբ հատուկ սպառազինություն և տեխնիկական միջոցներ:

Անհաջող հարձակման մասին լուրերից հետո Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել, թե ադրբեջանական զինված ուժերում կորուստների մասին տեղեկությունն «անհիմն է»: Բայց մոտ 3 ժամ անց նույն գերատեսչությունը հայտարարել է զինծառայող Ահմեդով Գարյագդի Էլդար օղլուի մահավան մասին։ Ըստ նախարարության, «միջադեպը տեղի է ունեցել Աղդամի շրջանի Չիրաղլի գյուղի մոտակայքում»: Ավելի ուշ հակառակորդը հայտնել էր հայ-ադրբեջանական սահմանին Ղազախի շրջանում 1977-ին ծնված Ադրբեջանի ԶՈւ ենթասպա Ալմազով Իսա Զիյադ օղլուի մահվան մասին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---