ՄԱԿ-ն ու ԱՄՆ-ն կոչ են անում անհապաղ վերջ տալ բռնությանը ղարաբաղյան հակամարտության գոտում

ՄԱԿ-ն ու ԱՄՆ-ն կոչ են անում անհապաղ վերջ տալ բռնությանը ղարաբաղյան հակամարտության գոտում

PanARMENIAN.Net - ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ է արել ղարաբաղյան հակամարտության կողմերին պահպանել հրադադարի մասին պայմանավորվածությունները և ձեռնպահ մնալ բռնությունից: ՄԱԿ գալխավոր քարտուղարը նաև կոչ է արել հայկական ու ադրբեջանական կողմերին «անհապաղ լծվել լարվածության նվազեցման գործին ու շարունակել երկխոսությունն արագ և խաղաղ քաղաքական կարգավորման համար»: Նա նաև լիակատար աջակցություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին, կիսելով մտահոգվածությունը վերջին օրերին հակամարտության գոտում լարվածության աճի կապակցությամբ:

Իր հերթին ԱՄՆ-ն նույնպես կոչ է արել է ղարաբաղյան հակամարտության կողմերին անհապաղ միջոցներ ձեռնարկել լարվածության նվազեցման և հրադադարի պահպանման ուղղությամբ: Ճեպազրույցում ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսակին հերթական անգամ նշել է, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի; «Պատասխան գործողություններն ու հետագա բռնությունը կբարդացնեն խաղաղ կարգավորումը: Մենք նախկինի պես հավատարիմ ենք գործընթացին Մինսկի խմբի շրջանակում և պատրաստ ենք աջակցել երկարաժամկետ կարգավորման հասնելու ջանքերին»,-ասել է Փսակին:

Պատասխանելով այն հարցին, թե սատարում է արդյոք ԱՄՆ-ն Ռուսաստանի նախաձեռնած հանդիպմանը Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի միջև Սոչիում, Փսակին հայտարարել է, որ ԱՄՆ-ն «ավանդաբար սատարում է երկխոսությունն ապահովող հանդիպումներին»:

Մինչդեռ ՆԱՏՕ-ն նույնպես մտահոգ է վերջին օրերի լարվածությամբ Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ շփման գծում: Այդ մասին իր հայտարարության մեջ ասել է լրագրողներին Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի համակարգող Ուիլյամ Լաուն: Լաուն նշել է, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից է: Նա հավելել է, որ լարվածության սրացումը սպառնում է ապակայունացնել իրավիճակը ոչ միայն Ադրբեջանում ու Հայաստանում, այլ նաև ամբողջ տարածաշրջանում, և երկու կողմերը պետք է միջոցներ ձեռնարկեն լարվածությունը վերացնելու ուղղությամբ, հայտնում է ԱՊԱ գործակալությունը:

Օգոստոսի 4-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ շաբաթվա ավարտին Սոչիում տեղի կունենան ՌԴ նախագահի առանձին հանդիպումները Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ, և, հավանաբար, կքննարկվի նաև ղարաբաղյան թեման: «Անշուշտ, մենք կխոսենք Ադրբեջանի ու Հայաստանի մեր գործընկերների հետ այն մասին, թե ինչպես կարելի է մեր կողմից, ԵԱՀԿ ՄԽ կողմից, համանախագահների կողմից առաջին հերթին նպաստել վստահության ամրապնդմանն ու առճակատման ռիսկերի նվազեցմանը»,-հավելել է Լավրովը:

Ավելի վաղ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների օգոստոսի 8-9-ին հնարավոր հանդիպման մասին Սոչիում հայտարարել էր նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Ինչպես օգոստոսի 4-ին հայտարարեց ՀՀ ՊՆ ղեկավար Սեյրան Օհանյանը, թեև իրավիճակւ սահմանին լարված է, բայց վերջին օրերի միջադեպերի վերլուծությունները ցույց են տալիս՝ լայնամասշտաբ պատերազմի հենք այսօր չկա»: Նա ասել է, որ Ադրբեջանի ղեկավարության խղճին են ծանրանում երկու կողմերի կրած կորուստները, ինչպես նաև այն, որ «8-10 անգամ ավելի մեծ կորուստներ տալով, նրանք պատասխան չեն տալիս մարդկանց ճակատագրերի համար»:

«Իրավիճակն առաջնագծում լարված է, մեր հարևանները, անկասկած, ցանկացած պահի կարող են սադրանքներ կազմակերպել, որոնք կարող են վերաճել պատերազմի, բայց վերջին օրերի միջադեպերի վերլուծությունները ցույց են տալիս՝ լայնամասշտաբ պատերազմի հենք այսօր չկա»,- ասել է նախարարը։

Խոսելով դիրքեր մեկնած կամավորների մասին, նա նշել է, որ դա արվել է զինվորներին մարտական ոգի հաղորդելու համար, իսկ այս պահի դրությամբ հայկական բանակն իր ուժերով, առանց համալրումների կարող է իրականացնել իր առջև դրված խնդիրն ու հուժկու պատասխան հարվածներ հասցնել հակառակորդին։

Օգոստոսի 3-4-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական սահմանագոտում ու ղարաբայան հատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 859 անգամ, որից 830-ը` ղարաբաղյան հատվածում: Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ընդհանուր առմամբ 11․495 կրակոց:

Հայկական կողմից պատասխան կրակ է բացվել 29 անգամ, որից 12-ը` ղարաբաղյան հատվածում, հակառակորդի ուղղությամբ արձակվել է 3616 կրակոց:

Օոստոսի 4-ին, հակառակորդի դիպուկահար կրացից ԼՂՀ հյուսիսային սահմաններին տեղակայված դիրքերից մեկում զոհվել է 1971-ին ծնված կրտսեր սերժանտ Արամ Մկրտիչի Գրիգորյանը:

Օգոստոսի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտի) ուղղությամբ հակառակորդը հերթական անգամ հետախուզադիվերսիոն գործողություն է ձեռնարկել:

Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և վերջիններիս պատճառելով մարդկային ու նյութական կորուստներ, հետ շպրտել ելման դիրքեր: Դիմակայության ընթացքում զոհվել է ԼՂՀ ՊԲ զինծառայող Զորիկ Գևորգյանը, ով ավելի ուշ հետմահու պարգևատրվել է «Արիության մեդալով»: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ավելի ուշ հայտարարել է 4 զոհի ու մի քանի վիրավորի մասին։

Օգոստոսի լույս 1-ի գիշերը հակառակորդը նույնպես դիվերսիոն ներթափանցման փորձ էր ձեռնարկել, որի արդյունքում հայտնել էր իր 8 զինծառայողի կորուստի մասին: Ըստ որոշ տվյալների, հակառակորդը 11-14 զոհ էր տվել ու մոտ 30 վիրավոր: Հայկական կողմը կորուստներ չէր ունեցել։

Հուլիսի 31-ին հակառակորդը հարձակում էր ձեռնարկել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ: Դիրքապահ անձնակազմի կողմից հանդիպելով կազմակերպված դիմադրության ու բազմաթիվ կորուստներ կրելով հակառակորդը հետ է շպրտվել ելման դիրքեր:

Գործողության արդյունքում զոհվել էր ՊԲ 2 զինծառայող՝ Արարատ Խանոյանը և Աշոտ Ասոյանը: Իրականացված օպերատիվ գործողությունների արդյունքում հակառակորդից առգրավվել էր մեծ քանակությամբ հատուկ սպառազինություն և տեխնիկական միջոցներ:

Անհաջող հարձակման մասին լուրերից հետո Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել, թե ադրբեջանական զինված ուժերում կորուստների մասին տեղեկությունն «անհիմն է»։ Բայց մոտ 3 ժամ անց նույն գերատեսչությունը հայտարարել է զինծառայող Ահմեդով Գարյագդի Էլդար-օղլուի մահավան մասին։ Ըստ նախարարության, «միջադեպը տեղի է ունեցել Աղդամի շրջանի Չիրաղլի գյուղի մոտակայքում»։

Ավելի ուշ հակառակորդը հայտնել էր հայ-ադրբեջանական սահմանին Ղազախի շրջանում 1977-ին ծնված Ադրբեջանի ԶՈւ ենթասպա Ալմազով Իսա Զիյադ օղլուի մահվան մասին:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---