Ադրբեջանում նոր դիակներ են «ի հայտ գալիս». Միանգամից 2 «պատահար» մեկ օրում

Ադրբեջանում նոր դիակներ են «ի հայտ գալիս». Միանգամից 2 «պատահար» մեկ օրում

PanARMENIAN.Net - Ադրբեջանական ԶՈւ շարքերում «շատ ժամանակին» մեկ օրում միանգամից երկու նմանատիպ արտակարգ դեպք է պատահել, որոնց հետևանքով երկու զինծառայող է զոհվել: Ինչպես հայտնում է ԱՊԱ ադրբեջանական գործակալությունը, դեպքերից մեկը գրանցվել է Բեյլագանի շրջանում տեղակայված Ադրբեջանի ՊՆ «N» զորամասում: Զորամասի զինվոր, 1992 թ. ծնված Ջավիդ Ջալիլ օղլու Մամեդովը մահացել է իրեն ամրակցված զենքից անզգույշ կատարված կրակոցի հետևանքով:

Երկրորդ արտակարգ պատահարը տեղի է ունեցել Ադրբեջանի ՊՆ մեկ այլ զորամասում: 19-ամյա զինվոր Սամեդով Մուրադ Մահիր օղլուն նույնպես վախճանվել է իրեն ամրակցված զենքից անզգույշ կատարված կրակոցի հետևանքով:

Այս հաղորդագրությունները հետաքրքրություն են ներկայացնում վերջին անհաջող դիվերսիաների զոհերի իրական թիվը թաքցնելու ադրբեջանական իշխանությունների ջանքերի ֆոնի վրա:

Օգոստոսի 4-ին ԼՂՀ ՊԲ-ն հայտնեց, որ ընդհանուր առմամբ ադրբեջանական բանակը հուլիսի 28-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում տվել է առնվազն 25 զոհ և 30-ից ավելի վիրավորներ:

Հուլիսի 28-ից օգոստոսի 3-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում դիվերսիայի 5-ից ավելի փորձ է ձեռնարկել, որոնցից յուրաքանչյուրում ստանալով հակահարված` բազմաթիվ կորուստներով հետ է շպրտվել իր ելման դիրքերը:

Ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, հուլիսի 28-ին Մարտակերտի ուղղությամբ Ադրբեջանի հատուկ նշանակության ջոկատայինները տվել են 2 զոհ և վիրավորներ, նույն օրը` Մարտունու ուղղությամբ, դիվերսիայի անհաջող փորձն ավարտվել է հակառակորդի 1 զոհով ու վիրավորներով, հուլիսի 31-ին` Գյուլիստանի ուղղությամբ գործող հայկական ուժերը շարքից հանել են 2 ադրբեջանցու, օգոստոսի լույս 2-ի գիշերը կանխարգելիչ գործողության արդյունքում հակառակորդը տվել է 9 զոհ և 7 վիրավոր: Ինքնուրույն փախուստի են դիմել 10-ից 3-ը։

Օգոստոսի լույս 2-ի գիշերն արդեն Մարտակերտի ուղղությամբ դիվերսիայի փորձ կատարող մոտ 50 հոգանոց հատուկ նշանակության ստորաբաժանումը հետ է շպրտվել իր ելման դիրքերը` տալով 6 զոհ և 7 վիրավոր․ նույն օրը` Մարտունու ուղղությամբ կլանխարգելիչ գործողության արդյունքում ՊԲ անձնակազմը շարքից հանել է 3 ադրբեջանցի զինծառայող, 4-ին` վիրավորել։

Օգոստոսի 2-ին Ասկերանի ուղղությամբ ձեռնարկած դիվերսիոն գործողության արդյունքում Ադրբեջանը տվել է 1 զոհ և վիրավորներ ու հետ շպրտվել:

Նույն ժամանակահատվածում Արցախի պաշտպանության բանակի կորուստների թիվը կազմել է 5 զոհ ու 7 վիրավոր: Մինչդեռ ադրբեջանական կողմը հաստատել է դեռևս 13 զինծառայողի մահվան փաստը, ևս 12 դիակի մասին նրանք դեռ չեն հայտնել: Այսուհետ զոհվածները, ըստ արդեն ավանդույթ դարձած ադրբեջանական սովորության, կսկսեն «ջրի երես ելնել», սակայն կվերագրվեն տարբեր դժբախտ պատահարների:

ՊԲ օպերատիվ տվյալներով, օգոստոսի լույս 5-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի հրադադարը խախտվել է մոտ 400 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 6500 կրակոց:

Օգոստոսի 5-ի առավոտյան հակառակորդը շարունակել է խախտել հրադադարը նաև հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու տարբեր հատվածներում։ Կիրառվել են հրաձգային, այդ թվում` խոշոր տրամաչափի զինատեսակներ, տեղեկացնում են Հայաստանի ՊՆ-ից:

Օպերատիվ տվյալների համաձայն` օգոստոսի 4-5-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում հրադադարը խախտվել է 45 անգամ: Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 600 կրակոց:

Հայկական կողմից պատասխան կրակ է բացել 11 անգամ, հակառակորդի ուղղությամբ արձակվել է 211 կրակոց: Հայկական կողմը տուժածներ չունի:

Օգոստոսի 3-4-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական սահմանագոտում ու ղարաբայան հատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 859 անգամ, որից 830-ը` ղարաբաղյան հատվածում: Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ընդհանուր առմամբ 11․495 կրակոց:

Հայկական կողմից պատասխան կրակ է բացվել 29 անգամ, որից 12-ը` ղարաբաղյան հատվածում: Հայկական կողմից հակառակորդի ուղղությամբ արձակվել է 3616 կրակոց:

ԼՂՀ ՊԲ տեղեկությունների համաձայն օգոստոսի 4-ին, հակառակորդի դիպուկահար կրացից ԼՂՀ հյուսիսային սահմաններին տեղակայված դիրքերից մեկում զոհվել է 1971-ին ծնված կրտսեր սերժանտ Արամ Մկրտիչի Գրիգորյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Օգոստոսի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտի) ուղղությամբ հակառակորդը հերթական անգամ հետախուզադիվերսիոն գործողություն է ձեռնարկել: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և վերջիններիս պատճառելով մարդկային ու նյութական կորուստներ, հետ շպրտել ելման դիրքեր: Դիմակայության ընթացքում զոհվել է ԼՂՀ ՊԲ զինծառայող Զորիկ Գևորգյանը, ով ավելի ուշ հետմահու պարգևատրվել է «Արիության մեդալով»: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ավելի ուշ հայտարարել է 4 զոհի ու մի քանի վիրավորի մասին։

Օգոստոսի լույս 1-ի գիշերը հակառակորդը նույնպես դիվերսիոն ներթափանցման փորձ էր ձեռնարկել, որի արդյունքում հայտնել էր իր 8 զինծառայողի կորուստի մասին: Ըստ որոշ տվյալների, հակառակորդը 11-14 զոհ էր տվել ու մոտ 30 վիրավոր: Հայկական կողմը կորուստներ չէր ունեցել։

Հուլիսի 31-ին հակառակորդը հարձակում էր ձեռնարկել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ: Դիրքապահ անձնակազմի կողմից հանդիպելով կազմակերպված դիմադրության ու բազմաթիվ կորուստներ կրելով հակառակորդը հետ է շպրտվել ելման դիրքեր:

Գործողության արդյունքում զոհվել էր ՊԲ 2 զինծառայող՝ Արարատ Խանոյանը և Աշոտ Ասոյանը: Իրականացված օպերատիվ գործողությունների արդյունքում հակառակորդից առգրավվել էր մեծ քանակությամբ հատուկ սպառազինություն և տեխնիկական միջոցներ:

Անհաջող հարձակման մասին լուրերից հետո Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել, թե ադրբեջանական զինված ուժերում կորուստների մասին տեղեկությունն «անհիմն է»։ Բայց մոտ 3 ժամ անց նույն գերատեսչությունը հայտարարել է զինծառայող Ահմեդով Գարյագդի Էլդար-օղլուի մահավան մասին։ Ըստ նախարարության, «միջադեպը տեղի է ունեցել Աղդամի շրջանի Չիրաղլի գյուղի մոտակայքում»։

Ավելի ուշ հակառակորդը հայտնել էր հայ-ադրբեջանական սահմանին Ղազախի շրջանում 1977-ին ծնված Ադրբեջանի ԶՈւ ենթասպա Ալմազով Իսա Զիյադ օղլուի մահվան մասին:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---