ՌԴ կառավարությունը հավանություն է տվել ԵՏՄ-ին ՀՀ-ի միանալու մասին պայմանագրին

ՌԴ կառավարությունը հավանություն է տվել ԵՏՄ-ին ՀՀ-ի միանալու մասին պայմանագրին

PanARMENIAN.Net - Ռուսաստանի կառավարությունն օգոստոսի 7-ին հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի միանալու մասին պայմանագրին: Պայմանագիրը կներկայացվի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

Միանալու մասին պայմանագիրը հիմնարար փաստաթուղթ է, որը սահմանում է ՌԴ, Բելառուսի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության պայմանավորվածությունները ԵՏՄ-ին Հայաստանի Հանրապետության միանալու մասին, ասվում է ՌԴ կառավարության պաշտոնական կայքում:

Ռուսաստանի կառավարությունը նաև հավանություն է տվել ԵՏՄ ստեղծման մասին պայմանագրին, որը ՌԴ նախագահը պետք է ներկայացնի Պետդումայի վավերացմանը:

Ինչպես ասվում է կառավարության կայքում, Պայմանագիրը հիմնարար փաստաթուղթ է, որը սահմանում է ՌԴ, Բելառուսի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության պայմանավորվածությունները Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին՝ ինտեգրաման հետագա խորացման, ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի, համակարգված, համաձայնեցված կամ միասնական քաղաքականություն վարելու նպատակով տնտեսության առանցքային ոլորտներում: Պայմանագիրը արձանագրում է անցումը ՄՄ-ից և Միասնական տնտեսական տարածքից հետո ինտեգրման հաջորդ փուլին:

Մայիսի 29-ին Աստանայում անցկացված Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Նուրսուլթան Նազարբաևն ու Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրեցին Եվրասիական տնտեսական միության ձևավորման մասին համաձայնագիրը: Այն կգործի 2015-ի հունվարի 1-ից: ՌԴ նախագահի խոսքով` ընդհանուր կառուցողական տրամադրվածության, մասնակից երկրների` փոխզիջումների գնալու պատրաստակամության շնորհիվ հաջողվել է բազում դժվարություններ հաղթահարել և ժամանակին հասնել փաստաթղթի ստորագրմանը:

Հուլիսի 17-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է լրագրողներին, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին համաձայնագիրը կստորագրվի հոկտեմբերին: «Մինչև հոկտեմբերի վերջ մենք կանադամակցենք ԵՏՄ-ին: Մնացածի մասին կհայտնի կառավարության մամուլի ծառայությունը»,-ասել է Աբրահամյանը:

Այն մասին, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը կստորագրվի առաջիկայում, հայտարարվել է հուլիսի 11-ին Սոչիում Հովիկ Աբրահամյանի և նրա ռուս գործընկեր Դմիտրի Մեդվեդևի հանդիպման ավարտին:

Ինչպես հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը, զրույցի ժամանակ Աբրահամյանն ու Մեդվեդևը գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների աճի կապակցությամբ և վստահություն են հայտնել, որ աճը կշարունակվի նաև ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո: Ավելի վաղ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը հայտարարել էր, որ Հայաստանը մինչև 2015 թվականը պետք է անցնի Մաքսային միությանն անդամակցելու բոլոր փուլերը, դառնա այդ միավորման լիիրավ անդամ և ակտիվորեն մասնակցի Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը: Ըստ Սլեպնյովի, «Հայաստանի լիիրավ մասնակցությունը Մաքսային միությանը կնպաստի հայկական տնտեսության վերականգնմանը, որն այսօր այնքան էլ բարենպաստ վիճակում չէ»:

Անդրադառնալով ՄՄ-ին միանալու ժամկետներին՝ նախարարը նշել էր, որ «պետք է ձգտել, որ Հայաստանը դառնա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի համահիմնադիրը: Ուստի, մոտ 1,5 տարում հարկավոր է աշխատել Մաքսային միությանն անդամակցելու ուղղությամբ»: Նա չի թաքցրել, որ Հայաստանը, հավանաբար, «մի շարք հարցեր կունենա, գուցե բավականին բարդ, կապված օրենսդրության ունիֆիկացիայի, միջազգային պարտավորություններին ներդաշնակեցնելու առումով»:

Հուլիսի 5-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ Երևանն ամբողջապես կատարել է իր բոլոր պարտավորությունները ԵՏՄ-ին անդամակցելու համար: «Մենք մեր կողմից լիովին կատարել ենք մեր պարտավորույթունները և կարծում ենք, որ դա տեղի կունենա ընթացիկ տարում»,-ասել է վարչապետը: Ավելի վաղ Ղազախստանի ԱԳ նախարար Երլան Իդրիսովը հայտնեց, որ Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը կարող է ստորագրվել ընթացիկ տարվա հոկտեմբերին: «Համապատասխան փաստաթղթերի ստորագրումը, հավանաբար, տեղի կունենա Մինսկում հոկտեմբերին, ԵՏՄ պետությունների ղեկավարների հերթական հանդիպմանը»,- նշել է Իդրիսովը:

Հուլիսի 1-ին ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը լրագրողներին հայտնել է, որ նախօրեին Եվրասիական տնտեսական հանձնաժողովը միջպետական համաձայնեցման է ներկայացրել ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը:

«Ոչ ոք չի ասել, թե Հայաստանը կանդամակցի ԵՏՄ-ին մինչև հուլիսի 1-ը: Կա ԵՏՄ Բարձրագույն խորհրդի որոշում, որ անդամակցության պայմանագիրը ստորագրման պետք է պատրաստել մինչև հուլիսի 1-ը: Երեկ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) արդեն նախապատրաստված պայմանագիրը ներկայացրել է միջպետական համաձայնեցման»,-ասել է Քոչարյանը «ՄԱԿ-ի սկզբունքների և ստանդարտների հիման վրա ազգային և տարածաշրջանային խաղաղարարական ներուժերի ինտեգրումը խաղաղ օպերացիաների համընդհանուր համակարգում» թեմայով միջազգային ռազմավարական քաղաքական համաժողովի կուլուարներում:

Ընդ որում նա չի կարողացել նշել պայմանագրի ստորագրման կոնկրետ ժամկետներ: «Ստորագրման ժամկետի վերաբերյալ որոշում չի կայացվել: Որոշվել է նախապատրաստել պայմանագիրը: Երեկ պայմանագիրն ուղղվեց միջպետական համաձայնեցման, և քանի որ հարցերը շատ խորն են ուսումնասիրվել, հուսով ենք, որ միջպետական համաձայնեցումը երկար չի տևի»,- ասել է Քոչարյանը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---