Հայաստանի հարավային երկաթուղու կառուցման նախնական ծրագիծը հաստատվել է

Հայաստանի հարավային երկաթուղու կառուցման նախնական ծրագիծը հաստատվել է

PanARMENIAN.Net - Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի հարավային երկաթուղու կառուցման նախնական ծրագծին: Անշարժ գույքի կադաստրի պետկոմիտեին հանձնարարվել է կոնցեսիոների կողմից միջազգային չափորոշիչների համաձայն ներկայացված կոորդինատային չափագրման տվյալները ստանալուց հետո երկամսյա ժամկետում Կառավարությանն առաջարկություն ներկայացնել Հայաստանի հարավային երկաթուղու կառուցման նախնական ծրագծի կոորդինատների տիրույթում ընդգրկված հողերի նպատակային նշանակության և կադաստրային արժեքների վերաբերյալ՝ հաշվի առնելով օտարման շերտի նախնական չափերը:

3 մլրդ 200 մլն դոլար գնահատված Հայաստանի հարավային երկաթուղու կառուցման նախագծի մեկնարկի մասին հայտարարվել էր դեռ 2013-ին։ Դուբայում գրանցված «Ռասիա ՖԶԷ» ներդրումային ընկերության նախագահ Ջոզեֆ Բորկովսկին 2014-ի փետրվարին ասել էր, որ շինարարությունը նախատեսվում է սկսվել 2016-ին, ավարտել՝ 6 տարում:

Նախարարներին, գերատեսչությունների ղեկավարներին և մարզպետներին հանձնարարվել է իրենց իրավասության շրջանակում երկամսյա ժամկետում երկաթուղու նախնական ծրագծում փոփոխություն կատարելու նպատակով առաջարկություն ներկայացնեն տրանսպորտի և կապի նախարարություն: ՏԿ նախարարությունն իր հերթին պետք է Կառավարություն ներկայացնի այդ առաջարկությունները, երկաթուղու կառուցման համար անհրաժեշտ միջոցառումների ցանկը և առաջարկություն՝ երկաթուղու կառուցման ծրագրի կառավարման սկզբունքների և մեխանիզմների վերաբերյալ:

«Հայաստանի հարավային երկաթուղու» երկարությունն ըստ նախատեսվածի լինելու է մոտ 300 կմ, այն բաղկացած կլինի կամուրջներից և 60 թունելից, կունենա 27 կայարան: Ըստ նախագծի` երկաթգիծը սկիզբ է առնելու Գավառի մոտակայքից ու ձգվելու մինչև Մեղրիի մոտակայքը՝ միանալով Հայաստանի կենտրոնական երկաթուղային համակարգին:

Ըստ տեխնիկատնտեսական փաստաթղթի՝ երկաթուղով տարեկան փոխադրվելու է 18,3 մլն տոննա բեռ, մինչդեռ Հայաստանի ընդհանուր բեռնափոխադրումները 12,3 մլն տոննա են, որից երկաթուղուն բաժին է ընկնում 26 տոկոսը (3,3 մլն տոննա):

Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա երկրի հարավում ունենալ նոր ճանապարհ, որը կմիացնի հարավային և հյուսիսային շրջանները: Որպես Հայաստանով իրականացվող տարանցիկ փոխադրում ապահովող ճանապարհ այն ռազմավարական և տնտեսական առաջնային նշանակություն ունի, ասվում է Կառավարության տարածած հաղորդագրությունում։

«Ռասիա ՖԶԷ» ներդրումային ընկերության ներկայացուցիչը փետրվարին նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպմանը նշել էր, որ չինական բանկերը հետաքրքրված են երկաթուղու կառուցման ծրագրով ու անգամ պատրաստակամություն են հայտնել ֆինանսավորել ծրագրի 60 տոկոսը` 1 մլրդ 920 մլրդ դոլար:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---