ՊՆ փոխղեկավար․ Այնքան զենք ենք ձեռք բերում, որքան հարկավոր է հակառակորդին կասեցնելու համար

ՊՆ փոխղեկավար․ Այնքան զենք ենք ձեռք բերում, որքան հարկավոր է հակառակորդին կասեցնելու համար

PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը, որի գլխավորած պատվիրակությունն այս օրերին ԱՄՆ-ում է, վստահ է՝ Հայաստանը կարող է դիմակայել Ադրբեջանի յուրաքանչյուր գործողությանը։Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատանը տված մամուլի ասուլիսին նա անդրադարձել է լայնածավալ գործողություններ սկսելու դեպքում Ադրբեջանի կողմից կիրառվող զորքերին՝ նշելով, թե «Բաքուն կդիմի իր ունեցած բոլոր հնարավորություններին, իսկ մենք կդիմենք համապատասխան քայլերի»։

Ինչ վերաբերում է Սարգսյան-Ալիև Սոչիի հանդիպումից ակնկալիքների, ըստ Տոնոյանի, նոր հայտարարություն կլինի, որից հետո Ադրբեջանը դժվար թե դադարեցնի իր գործողությունները, գրում է «Ազատություն» ռադիոկայանը։

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 8-ին աշխատանքային այցով մեկնում է Սոչի: Օգոստոսի 9-ին կկայանա Հայաստանի նախագահի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Բացի այդ, հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել այցի շրջանակում անցկացնել նաև եռակողմ հանդիպում` Ռուսաստանի և Ադրբեջանական նախագահների հետ, որտեղ կքննարկվեն ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման խնդիրները, ինչպես նաև վերջին օրերին Ադրբեջանի կողմից հրահրած լարման արդյունքում ստեղծված իրավիճակը:

Անդրադառնալով ռուս խաղաղապահներին սահմանին տեղակայելուն, Տոնոյանը նշել է.

«Նախնական քննարկում անգամ չի եղել այդ հարցով։ Հայկական զինված ուժերն ինքնուրույն ու հաջողությամբ կարողանում են կատարել այդ գործը։ Երրորդ ուժի տեղակայման հարց չենք դիտարկում ոչ Ռուսաստանի, ոչ էլ որևէ այլ երկրի կամ կազմակերպության կողմից։ Բացի այդ, խաղաղապահ ուժերի տեղակայումը հնարավոր է միայն խաղաղության ինչ-որ մի համաձայնագիր կնքելուց հետո»։

Միջազգային համայնքից սպասելիքների մասին խոսելով՝ նա նշել է, թե գիտակցելով Հարավային Կովկասում կայունության կարևորությունը, միջազգային համայնքը պիտի Ադրբեջանի վրա ազդելու ու այդ երկրի վարքագիծը կասեցնելու լծակներ գտնի, հակառակ դեպքում տարածաշրջանում արյունալի զարգացումներ կսկսվեն։

Փոխնապարարը նշել է նաև, որ Հայաստանը շարունակելու է պահպանել հավասարակշռությունը ռազմական բնագավառում՝ հիշեցնելով, որ Հայաստանը Ռուսաստանից այդ նպատակով ձեռք է բերում ժամանակակից այնքան զենք, որքան հարկավոր է ադրբեջանցիներին կասեցնելու համար։

«Ու դա անելու ենք այնքան ժամանակ, մինչև մեր հարևանը գա դարձի», - նշել է նա:

Վաշինգտոնում օգոստոսի 7-ին փոխնախարարը նաև հանդիպել է ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Էվելին Ֆարկասին, պետքարտուղարի փոխտեղակալներ Գրեգ Կաուսներին և Էրիկ Ռուբինին: Հանդիպումների ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-ամերիկյան պաշտպանական գործակցության շրջանակում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:

Անդրադարձ է եղել վերջին շրջանում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին: Կողմերը կարևորել են իրավիճակը կայունացնելու անհրաժեշտությունը և վերահաստատել հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում բացառապես խաղաղ բանակցային ճանապարհով լուծելու դիրքորոշումը:

Դավիթ Տոնոյանը Վաշինգտոնում հանդիպումներ է ունեցել նաև ԱՄՆ-ում գործող ամերիկահայ լոբբիստական առաջատար կազմակերպությունների՝ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին և Ամերիկայի հայկական համագումարի ղեկավարներին:

Հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի տնօրեն Արամ Համբարյանի և Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունու հետ հանդիպումների ընթացքում կողմերն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը և ամերիկահայ համայնքին հուզող մի շարք հարցերի:

Օգոստոսի լույս 8-ի գիշերն ու առավոտյան ադրբեջանական կողմը շարունակել է հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու տարբեր հատվածներում խախտել հրադադարը` կիրառելով հրաձգային, այդ թվում` խոշոր տրամաչափի զինատեսակներ:

Ստացված օպերատիվ տվյալներով, օգոստոսի 7-8-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 31 անգամ: Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 4000 կրակոց:

Հայկական կողմից պատասխան կրակ է բացվել 5 անգամ: Հակառակորդի ուղղությամբ արձակվել է 1425 կրակոց: Հայկական կողմից տուժածներ չկան:

ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը շփման գծի ամբողջ երկայնքով, խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և իրավիճակին համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---