ԱԳ փոխնախարար․ Միջազգային հանրությանը դեռ ուշ չէ կանգնեցնել Ալիևին

ԱԳ փոխնախարար․ Միջազգային հանրությանը դեռ ուշ չէ կանգնեցնել Ալիևին

PanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները։ Նա, մասնավորապես, նշել է․

«Իր դեստրուկտիվ քաղաքականությամբ խաթարելով բանակցային գործընթացը, գործելով ի հակառակ իր իսկ կողմից ստորագրված փաստաթղթերի և ձեռք բերված պայմանավորվածությունների, քարանձավային մտածելակերպի վրա հիմնված ռասիստական հայտարարություններով, միջազգային ասպարեզում երկիրը դարձնելով ծաղկած կոռուպցիայի և ավտորիտարիզմի հոմանիշ, և բոլորովին վերջերս, իր իսկ կողմից նախապես ծրագրավորված սադրանքների արդյունքում անհաջողության մատնվելով մարտական գործողություններում, Ադրբեջանի ղեկավարն անհաջող փորձում է սուր ճոճել սոցիալական ցանցերում, որտեղ ևս արժանի հակահարված է ստանում։

Իր վրեժն Ալիև-կրտսերը լուծում է իր ժողովրդից՝ էլ ավելի խստացնելով խոսքի ազատության սահմանափակումները, բռնաճնշումները քաղաքացիական ակտիվիստների դեմ։ Նա շարունակում է ցինիկաբար հերոսացնել քնած մարդուն սպանողին, տանջամահ անել մոլորված գյուղացիներին։ Այսպիսի մթնոլորտում են ձևավորվել պատմության մեջ ամենատխրահռչակ բռնակալները՝ հայտնի բոլոր հետևանքներով հանդերձ: Միջագզային հանրությանը դեռ ուշ չէ նրան կանգնեցնել և իրականության դաշտ հետ բերել։

Մենք պատրաստ ենք ոչ միայն խաղաղություն պարտադրել մեր սանձարձակ հարևանին, այլև շարունակելու ենք ակտիվ մասնակցություն ունենալ նրան իրականության դաշտ հետ բերելու գործում»։

Օգոստոսի 7-ին Twitter-ի իր միկրոբլոգում Ադրբեջանի նախագահը գրել էր, թե «Պատերազմը դեռ չի ավարտվել: Ավարտվել է դրա առաջին փուլը: Երկրորդ փուլը կարող է վերսկսվել»: Նույն օրը նա նաև այցելել է Աղդամի ու Բարդայի շրջաններ, որտեղ իր ելույթում նշել է, թե «իրենց դիրքերն ամուր են ու ադրբեջանական բանակն էլ շփման գծում առավելություն ունի»:

Ադրբեջանի առաջնորդը նաև ասել է, թե շարունակելու են լրացնել սպառազինությունը: Նա նշել է, թե այսօր «կարող են ոչնչացնել Լեռնային Ղարաբաղում գտնվող ցանկացած օբյեկտ», ասել նաև, որ հայ ժողովուրդը «պետք է ազատվի ֆաշիստական իշխանությունից, այլապես հայկական պետության գոյությունը կասկածի տակ կդրվի»: Եզրափակելով, Ալիևը հայտարարել է, թե «հայերին հաղթել են տնտեսական ու քաղաքական դաշտում, կկարողանան հաղթել նաև մարտի դաշտում»։

Հուլիսի վերջից հակառակորդի բոլոր գործողություններն աննախադեպ են 90-ականներից այս կողմ։ Կառավարության օգոստոսի 7-ի նիստին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զեկուցել է, որ վերջին օրերին հայկական ստորաբաժանումները կանխել են 20-ից ավելի դիվերսիա։ Նրա խոսքով, այս ամենի նպատակն է ազդել բանակցային գործընթացի վրա, ինչպես նաև ներքին լսարանի մոտ վերացնել պարտվածի հոգեբանությունը։ 2014-ի ընթացքում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է մոտ 18․000 անգամ, այնինչ 2013-ի ընթացքում այդ թիվը կազմել է 13․000:

Այս տարվա ընթացքում հակառակորդը 26 դիվերսիոն հետախուզական գործողության փորձ է ձեռնարկել, որից միայն 15-ը՝ հուլիսից 25-ից՝ օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում: Հակառակորդը ռազմական բնույթի աննախադեպ գործողությունների է դիմում, այդ թվում՝ հրադադարի ինտենսիվ խախտումների և խաղաղ բնակավայրերի ռմբակոծությունների, դիվերսիոն հետախուզական ակտիվ գործողությունների, ինչպես նաև ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ու թիկունքում զորքերի տեղաշարժերի, տեղեկատվական և քարոզչական ակտիվ աշխատանքներ տանում։

Հակառակորդն օգտագործում է այնպիսի մեծ զինատեսակներ, ինչպիսիք են ձեռքի հակատանկային և հաստոցային ավտոմատ նռնականետեր, 23 միլիմետրանոց զենիթային կայանքներ, 82 միլիմետրանոց ականանետեր:

Ադրբեջանական կողմն այլ գործողությունների էլ է դիմում` մտցվել են զորանոցային վիճակներ, արձանագրվել է զինտեխնիկայի տեղաշարժ, իրականացվում է ավիացիայի և ուղաթիռների ակտիվություն, ակտիվացել են հակառակորդի անօդաչու սարքերը, տարվում է ակտիվ տեղեկատվական քարոզչություն:

Օգոստոսի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտի) ուղղությամբ հակառակորդը դիվերսիայի փորձ էր ձեռնարկել, բայց ժամանակին հայտնաբերվել էր ու հետ շպրտել ելման դիրքեր: Դիմակայության ընթացքում զոհվել էր ԼՂՀ ՊԲ զինծառայող Զորիկ Գևորգյանը, ով ավելի ուշ Արցախի նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է «Արիության մեդալով», ՀՀ նախագահի՝ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: Եվս երեք հայ զինվոր վիրավորվել էր, նրանցից 1994-ին ծնված զինծառայող Սարգիս Մովսիսյանն օգոստոսի 3-ին հոսպիտալում մահացել է։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ավելի ուշ հայտարարել է 4 զոհի ու մի քանի վիրավորի մասին։

Օգոստոսի 2-ի երեկոյան հակառակորդի կողմից հետախուզադիվերսիոն ներթափանցման ևս մեկ փորձ է ձեռրակնվել, այս անգամ՝ արևելյան (Ասկերանի) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի վրա: Հակառակորդը հետ էր շպրտվել իր ելման դիրքերը՝ մարտադաշտում թողնելով մեկ զոհված զինվորի:

Եվս մեկ դիվերսիոն ներթափանցման փորձ ադրբեջանցիները ձեռնարկել էին օգոստոսի լույս 1-ի գիշերը, որի արդյունքում հակառակորդը հայտնել էր իր 8 զինծառայողի կորստի մասին: Ըստ որոշ տվյալների, հակառակորդը 11-14 զոհ էր տվել ու մոտ 30 վիրավոր: Հայկական կողմը կորուստներ չէր ունեցել։

Հուլիսի 31-ին հակառակորդը հարձակում էր ձեռնարկել շփման գծի հյուսիսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ: Գործողության արդյունքում զոհվել էր ՊԲ 2 զինծառայող՝ Արարատ Խանոյանը և Աշոտ Ասոյանը, ավելի ուշ ՀՀ նախագահի կողմից նրանք հետմահու պարգևատրվել էին Մարտական ծառայության մեդալով։ Իրականացված օպերատիվ գործողությունների արդյունքում հակառակորդից առգրավվել էր մեծ քանակությամբ հատուկ սպառազինություն և տեխնիկական միջոցներ:

Ադրբեջանի ՊՆ-ն նախ հերքել էր իր կորուստների մասին լուրերը, ապա՝ հայտարարել իր զինծառայողի, ավելի ուշ նաև մեկ ենթասպայի մահվան մասին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---