Այգեպարում կրակոցներից մեքենա է պայթել. Նախարարը Տավուշում էր

Այգեպարում կրակոցներից մեքենա է պայթել. Նախարարը Տավուշում էր

PanARMENIAN.Net - Օգոստոսի 7-8-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է Տավուշի սահմանամերձ գյուղեր։ Հավանաբար, այդ այցով պայմանավորված՝ ադրբեջանական կողմը սաստկացրել է գնդակոծությունը, ասել են Այգեպարի բնակիչները:

«Երեկոյան ադրբեջանցիները թիրախավորել են դիրքերից մեկի մոտ կայանված մեքենան։ Տերը չի տուժել, բայց կրակոցներից հրդեհվել է տարածքի խոտն ու ի վերջո հրդեհը հասել է մեքենային, որը պայթել է»,- ասել է բնակիչներից մեկը, գրում է «Սիվիլնեթ»-ը:

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով, օգոստոսի 7-ին նախարար Օհանյանն այցելել է առաջնագիծ, ապա եղել մի շարք գյուղերում։ Նախարարը նախ մեկնել է Բարեկամավան համայնք, որի ուղղությամբ հակառակորդը հաճախ է կրակում, այնուհետև ուղևորվել Կոթի: Սեյրան Օհանյանը հանդիպել է գյուղացիներին, լսել վերջիններիս հոգսերն ու խնդիրները, գրում է Tert.am-ը:

«Նախարարը հանդիպել է մարդկանց, որոնք նրան դիմել են իրենց խնդիրներով՝ հիմնականում տնտեսական, և նախարարն օգնել է նրանց: Զինվորների և գյուղացիների մարտական ոգին բարձր է»,- նշել է Հովհաննիսյանը, գրում է «Այսօր»-ը: Անդրադառնալով ժողովրդի տրամադրվածությանը, Հովհաննիսյանը նշել է․

«Միայն մարտական են տրամադրված: Բոլորը պատրաստ են զինվորի կողքին կանգնել, շատերը զենք են ուզում, ուղղակի նախարարն իրենց ասում է, որ առայժմ դրա կարիքը չկա, բանակն իր առջև դրած խնդիրը կատարում է»:

Հրամանատարները նաև պաշտպանական գերատեսչության ղեկավարին զեկուցել են սահմանին տիրող վիճակի, լարվածության, ինչպես նաև՝ հակառակորդի պահվածքի մասին:

Նախարարի այցն ավարտվել է երեկ՝ օգոստոսի 8-ի երեկոյան։

Օգոստոսի լույս 9-ի գիշերն ու առավոտյան ադրբեջանական կողմը շարունակել է խախտել հրադադարի պահմանման ռեժիմը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու տարբեր հատվածներում` կիրառելով հրաձգային, այդ թվում` խոշոր տրամաչափի զինատեսակներ:

ՀՀ ՊՆ օպերատիվ տվյալներով` օգոստոսի 8-9-ն ընկած ժամանակահատվածում սահմանին հրադադարը խախտվել է 20 անգամ: Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1400 կրակոց:

Հայկական կողմից պատասխան կրակ է բացվել 11 անգամ: Հակառակորդի ուղղությամբ արձակվել է 86 կրակոց, տուժածներ չունենք:

Հուլիսի վերջից հակառակորդի բոլոր գործողություններն աննախադեպ են 90-ականներից այս կողմ։ Կառավարության օգոստոսի 7-ի նիստին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զեկուցել է, որ վերջին օրերին հայկական ստորաբաժանումները կանխել են 20-ից ավելի դիվերսիա։ Նրա խոսքով, այս ամենի նպատակն է ազդել բանակցային գործընթացի վրա, ինչպես նաև ներքին լսարանի մոտ վերացնել պարտվածի հոգեբանությունը։ 2014-ի ընթացքում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է մոտ 18․000 անգամ, այնինչ 2013-ի ընթացքում այդ թիվը կազմել է 13․000:

Այս տարվա ընթացքում հակառակորդը 26 դիվերսիոն հետախուզական գործողության փորձ է ձեռնարկել, որից միայն 15-ը՝ հուլիսից 25-ից՝ օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում: Հակառակորդը ռազմական բնույթի աննախադեպ գործողությունների է դիմում, այդ թվում՝ հրադադարի ինտենսիվ խախտումների և խաղաղ բնակավայրերի ռմբակոծությունների, դիվերսիոն հետախուզական ակտիվ գործողությունների, ինչպես նաև ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ու թիկունքում զորքերի տեղաշարժերի, տեղեկատվական և քարոզչական ակտիվ աշխատանքներ տանում։

Հակառակորդն օգտագործում է այնպիսի մեծ զինատեսակներ, ինչպիսիք են ձեռքի հակատանկային և հաստոցային ավտոմատ նռնականետեր, 23 միլիմետրանոց զենիթային կայանքներ, 82 միլիմետրանոց ականանետեր:

Ադրբեջանական կողմն այլ գործողությունների էլ է դիմում` մտցվել են զորանոցային վիճակներ, արձանագրվել է զինտեխնիկայի տեղաշարժ, իրականացվում է ավիացիայի և ուղաթիռների ակտիվություն, ակտիվացել են հակառակորդի անօդաչու սարքերը, տարվում է ակտիվ տեղեկատվական քարոզչություն:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---