Ուորլիք. Բախումները փաստում են, որ ղարաբաղյան հակամարտությունն այլևս սառեցված չէ

Ուորլիք. Բախումները փաստում են, որ ղարաբաղյան հակամարտությունն այլևս սառեցված չէ

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը կարծում է, որ ղարաբաղյան հակամարտությունն այլևս սառեցված չէ, ինչի մասին փաստում են տարածաշրջանում բախումները:

«Ցավոք, տարածաշրջանում տեղ գտնող բախումները փաստում են, որ հակամարտությունը այլևս սառեցված չէ։ Փորձի՛ր բացատրել վիրավոր կամ զոհված զինվորի ընտանիքին, որ այս հակամարտությունը սառեցված է։ Բնավ, տիրող իրավիճակը մեզ մեծապես անհանգստացնում է, և անշուշտ պետք է անհապաղ քայլեր ձեռնարկել իրավիճակը մեղմելու ուղղությամբ։ Առաջին քայլը նախագահների հնարավոր հանդիպումն է Սոչիում, և հուսով ենք, որ այս հանդիպումը թույլ կտա կասեցնել բախումները հայ - ադրբեջանական սահմանում, մենք հուսով ենք նաև, որ այս հանդիպումը թույլ կտա կասեցնել սադրիչ հայտարարությունները, որոնք չեն կարող որևէ դրական առաջնթացի հանգեցնել»,- «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում ասել է Ուորլիքը:

Պատասխանելով հարցին՝ թե արդյոք կողմերը պատրաստ են խաղաղ բանակցություններին, ամերիկացի համանախագհը նշել է, որ երկու նախագահների հետ զրույցներ ունենալուց հետո կարող է հավաստիացնել՝ կողմերը ցանկանում են գտնել խնդրի խաղաղ լուծում, և իրենց էլ պետք է փորձեն ամեն կերպ նպաստել խաղաղ բանակցությունների հաջող ընթացքին՝ ցանկալի արդյունքի հասնելու համար, բայց դրա համար անհրաժեշտ է երկու նախագահների պատրաստակամությունը։

«Այսպիսով, մեծ սպասելիքներ ունենք գործընթացի ապագա զարգացումներից, միևնույն ժամանակ անհանգստացած ենք ներկա կացությամբ։Բնավ կողմերից և ոչ մեկը չի ցանկանում թույլ թվալ մյուսի աչքերում, սակայն մեր համոզմունքը մնում է միայն մեկը, այն է ՝ խաղաղ բանակցություններ, այլ ոչ պատերազմ»:

Անդրադառնալով Ռուսաստանի դերին և այդ երկրի քողարկված նպատակին այս հարցում՝ Ուորլիքն ասել է, որ Ռուսաստանն այժմ արդեն իսկ ունի մեծ խնդիրներ իր երկրի սահմաններում և բնավ շահագրգռված չէ նոր բախումներ հրահրել։

«Արդյունավետ աշխատանքներ ենք տանում ռուսական կողմի հետ, հավատացած եմ, որ Ռուսաստանը հետաքրքրված չէ նոր խնդիրների ստեղծմամբ։ Խնդրի խաղաղ լուծում գտնելու մեջ հետաքրքրված ենք նաև մենք, քանի որ Հարավային Կովկասի երկրները մեր գործընկերներն են, և մենք հետաքրքրված ենք այս տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման հարցում»,- նշել է համանախագահը:

Այն հարցին, թե ինչպե՞ս կարելի է բացատրել Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենք վաճառելու փաստը, այն դեպքում, երբ Ադրբեջանը չլուծված խնդիր ունեցող երկիր է, Ուորլիքը պատասխանել է. «Ռուսաստանն իրավունք ունի առևտրական հարաբերություններ հաստատել ցանկացած երկրի հետ։ Դա ոչ մի կերպ չի խոչընդոտում Ռուսաստանին խաղաղ բանակցությունների խրախուսման գործում արդյունավետ աշխատանք ծավալելու հարցում։ Խաղաղության հաստատման որոշումը, այդուհանդերձ, Հայաստանինն ու Ադրբեջանինն է, իսկ խնդրի լուծումը պահանջում է շատ ավելի մեծ ջանքեր»:

Հարցին, թե հաշվի առնելով աշխարհում տիրող բարդ իրավիճակը (Ուկրաինայում, Սիրիայում, Իրաքում), կարող է արդյոք ղարաբաղյան խնդիրը և դրա լուծումը լինել ամերիկյան արտաքին քաղաքականության առաջնային խնդիրներից մեկը՝ դիվանագետը պատասխանել է. «Անշուշտ, աշխարհի տարբեր անկյուններում տիրող բարդ իրավիճակներն անհանգստության մեծ առիթ են ԱՄՆ-ի համար, սակայն սա և ոչ մի կերպ չի թուլացնում Ղարաբաղյան խնդրի լուծման անհրաժեշտության առաջնայնությունը ԱՄՆ-ի համար։ Մեր նպատակն է տեսնել Եվրոպան ամբողջական, ազատ և խաղաղ։

Լեռնային Ղարաբաղի խնդիրը սև բիծ է Եվրոպայի համար, և այդ իսկ պատճառով կողմերին բավարարող լուծում գտնելու հարցում ԱՄՆ-ն մեծ հետաքրքրություն ունի: Կրկնում եմ, մեր նպատակն է՝ ազատ, ամբողջական և խաղաղ Եվրոպա», հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 8-ին աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան՝ Սոչի: Օգոստոսի 9-ին կկայանա Հայաստանի նախագահի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Բացի այդ, հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել այցի շրջանակում անցկացնել նաև եռակողմ հանդիպում` Ռուսաստանի և Ադրբեջանական նախագահների հետ, որտեղ կքննարկվեն ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման խնդիրները, ինչպես նաև վերջին օրերին Ադրբեջանի կողմից հրահրած լարման արդյունքում ստեղծված իրավիճակը: Համոզված լինելով, որ ղարաբաղյան հակամարտության արդար և խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի` հայկական կողմը մշտապես կողմ է արտահայտվել բարձր մակարդակի հանդիպումների անցկացմանը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպմանը ներկա չեն լինի:

Ինչպես Կառավարության օգոստոսի 7-ի նիստին զեկուցել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, հուլիսի վերջից հակառակորդի բոլոր գործողություններն աննախադեպ են 90-ականներից այս կողմ։ Վերջին օրերին հայկական ստորաբաժանումները կանխել են 20-ից ավելի դիվերսիա։ Նրա խոսքով, այս ամենի նպատակն է ազդել բանակցային գործընթացի վրա, ինչպես նաև ներքին լսարանի մոտ վերացնել պարտվածի հոգեբանությունը։ 2014-ի ընթացքում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է մոտ 18 000 անգամ, այնինչ 2013-ի ընթացքում այդ թիվը կազմել է 13 000:

Այս տարվա ընթացքում հակառակորդը 26 դիվերսիոն հետախուզական գործողության փորձ է ձեռնարկել, որից միայն 15-ը՝ հուլիսից 25-ից՝ օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում: Հակառակորդը ռազմական բնույթի աննախադեպ գործողությունների է դիմում, այդ թվում՝ հրադադարի ինտենսիվ խախտումների և խաղաղ բնակավայրերի ռմբակոծությունների, դիվերսիոն հետախուզական ակտիվ գործողությունների, ինչպես նաև ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ու թիկունքում զորքերի տեղաշարժերի, տեղեկատվական և քարոզչական ակտիվ աշխատանքներ տանում։

Հակառակորդն օգտագործում է այնպիսի մեծ զինատեսակներ, ինչպիսիք են ձեռքի հակատանկային և հաստոցային ավտոմատ նռնականետեր, 23 միլիմետրանոց զենիթային կայանքներ, 82 միլիմետրանոց ականանետեր: Ադրբեջանական կողմն այլ գործողությունների էլ է դիմում` մտցվել են զորանոցային վիճակներ, արձանագրվել է զինտեխնիկայի տեղաշարժ, իրականացվում է ավիացիայի և ուղաթիռների ակտիվություն, ակտիվացել են հակառակորդի անօդաչու սարքերը, տարվում է ակտիվ տեղեկատվական քարոզչություն:

Օգոստոսի լույս 8-ի գիշերն ու առավոտյան ադրբեջանական կողմը շարունակել է հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու տարբեր հատվածներում խախտել հրադադարը` կիրառելով հրաձգային, այդ թվում` խոշոր տրամաչափի զինատեսակներ:

Ստացված օպերատիվ տվյալներով, օգոստոսի 7-8-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 31 անգամ: Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 4000 կրակոց: Oգոստոսի 4-5-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում հրադադարը խախտվել է 45 անգամ: Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 600 կրակոց:

Հայկական կողմից պատասխան կրակ է բացել 11 անգամ, հակառակորդի ուղղությամբ արձակվել է 211 կրակոց: Հայկական կողմը տուժածներ չունի:

Օգոստոսի 3-4-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական սահմանագոտում ու ղարաբայան հատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 859 անգամ, որից 830-ը` ղարաբաղյան հատվածում: Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ընդհանուր առմամբ 11․495 կրակոց:

Օգոստոսի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտի) ուղղությամբ հակառակորդը հերթական անգամ հետախուզադիվերսիոն գործողություն է ձեռնարկել: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և վերջիններիս պատճառելով մարդկային ու նյութական կորուստներ, հետ շպրտել ելման դիրքեր: Դիմակայության ընթացքում զոհվել է ԼՂՀ ՊԲ զինծառայող Զորիկ Գևորգյանը, ով ավելի ուշ հետմահու պարգևատրվել է «Արիության մեդալով»: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ավելի ուշ հայտարարել է 4 զոհի ու մի քանի վիրավորի մասին։

Օգոստոսի լույս 1-ի գիշերը հակառակորդը նույնպես դիվերսիոն ներթափանցման փորձ էր ձեռնարկել, որի արդյունքում հայտնել էր իր 8 զինծառայողի կորուստի մասին: Ըստ որոշ տվյալների, հակառակորդը 11-14 զոհ էր տվել ու մոտ 30 վիրավոր: Հայկական կողմը կորուստներ չէր ունեցել։

Հուլիսի 31-ին հակառակորդը հարձակում էր ձեռնարկել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ: Դիրքապահ անձնակազմի կողմից հանդիպելով կազմակերպված դիմադրության ու բազմաթիվ կորուստներ կրելով հակառակորդը հետ է շպրտվել ելման դիրքեր:

Գործողության արդյունքում զոհվել էր ՊԲ 2 զինծառայող՝ Արարատ Խանոյանը և Աշոտ Ասոյանը: Իրականացված օպերատիվ գործողությունների արդյունքում հակառակորդից առգրավվել էր մեծ քանակությամբ հատուկ սպառազինություն և տեխնիկական միջոցներ:

Անհաջող հարձակման մասին լուրերից հետո Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել, թե ադրբեջանական զինված ուժերում կորուստների մասին տեղեկությունն «անհիմն է»։ Բայց մոտ 3 ժամ անց նույն գերատեսչությունը հայտարարել է զինծառայող Ահմեդով Գարյագդի Էլդար-օղլուի մահավան մասին։ Ըստ նախարարության, «միջադեպը տեղի է ունեցել Աղդամի շրջանի Չիրաղլի գյուղի մոտակայքում»։ Ավելի ուշ հակառակորդը հայտնել էր հայ-ադրբեջանական սահմանին Ղազախի շրջանում 1977-ին ծնված Ադրբեջանի ԶՈւ ենթասպա Ալմազով Իսա Զիյադ օղլուի մահվան մասին:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---