ՀՀ վարչապետ․ Պետք է ունենանք սարքավորում, որը թույլ կտա դիտարկել ամբողջ սահմանը

ՀՀ վարչապետ․ Պետք է ունենանք սարքավորում, որը թույլ կտա դիտարկել ամբողջ սահմանը

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի նախագահը կարևոր առաջարկ է արել՝ պետք է ունենանք այնպիսի սարքավորում, որը թույլ կտա դիտարկել ամբողջ սահմանը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ում գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները, աշխատանքային այցով Արցախում է:

«Այժմ հաշվարկվում է այդ նախագիծը: Հայաստանի կառավարությունը կփորձի անպայման սատարել այդ ծրագրի իրականացմանը»,- նշել է վարչապետը:

Մինչև այդ կառավարության ղեկավարը հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին: Կողմերը քննարկել են առաջնագծում ստեղծված իրավիճակը, երկկողմ տնտեսական գործակցության հետագա խորացմանն ուղղված հարցեր:

Հայկական երկու պետությունների բարձրաստիճան պաշտոնյաները ևս մեկ անգամ շեշտել են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: Միաժամանակ ընդգծվել է, որ հայկական զինված ուժերը պատրաստ են հետագայում ևս ամենաբարձր մակարդակով ապահովել ՀՀ-ի և ԼՂՀ-ի ժողովրդի անվտանգությունը: Հանդիպմանը ներկա են եղել ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք:

Հովիկ Աբրահամյանը ճեպազրույցում անդրադարձել է նաև այցի նպատակին, այն է՝ լինել առաջին գծում՝ զինվորների կողքին:

«Խանդավառություն կա և Հայաստանի, և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Ժողովուրդը, հասարակությունը միասնական են անվտանգության հարցում: Դա շատ կարևոր է: Յուրաքանչյուր քաղաքացի պետք է հասկանա, որ Հայաստանի անվտանգությունը սկսվում է Արցախի անվտանգությունից, և եթե Արցախում ամեն ինչ ապահով է, ապա Հայաստանը նույնպես անվտանգ է: Այսօր մեր զինվորների բարձր ոգին մեզ ոգևորում է»,- նշել է Աբրահամյանը:

Գործադիրի ղեկավարը ևս մեկ անգամ նշել է, որ ցանկությունն է, որպեսզի հակամարտությունը լուծվի խաղաղ բանակցություների արդյունքում, «բայց եթե մեզ պարտադրում են և դիպուկահարներն անընդհատ փորձում են սպանել մեր զինվորներին, ապա մենք ունենք այդ հնարավորությունը` պաշտպանելու մեր հողն ու երկիրը»:

«Մեր նպատակն է՝ ծանոթանալ խնդիրներին, փորձել աջակցել նաև բարոյապես, որպեսզի մեր զինվորները հասկանան, որ իշխանություններն ու ժողովուրդն իրենց կողքին են: Համարում եմ, որ պարտավոր ենք նման այցելություններ կատարել, և այս վերջին լարված օրերին միշտ եղել ենք սահմանապահ գյուղերում: Այսօր էլ եկել ենք Լեռնային Ղարաբաղ և գիշերը լինելու ենք դիրքերում, առաջին գծում` մեր զինվորների կողքին»:

Հովիկ Աբրահամյանի խոսքով, որևէ աջակցություն չեն խնայելու, որպեսզի հայկական բանակն ավելի մարտունակ լինի: Յուրաքանչյուր ֆինանսական ռեսուրս պատրաստ են տրամադրել` բանակը զինելու, հայկական հողն ու սահմանը պաշտպանելու համար, քանի որ «այլընտրանք չունենք»:

ՀՀ վարչապետը հանդիպել է նաև ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասում կայացած զինվորների երդմնակալությանը ներկա զինծառայողների ընտանիքների անդամներին:

Հուլիսի վերջից հակառակորդի բոլոր գործողություններն աննախադեպ են 90-ականներից այս կողմ։ Կառավարության օգոստոսի 7-ի նիստին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զեկուցել է, որ վերջին օրերին հայկական ստորաբաժանումները կանխել են 20-ից ավելի դիվերսիա։ Նրա խոսքով, այս ամենի նպատակն է ազդել բանակցային գործընթացի վրա, ինչպես նաև ներքին լսարանի մոտ վերացնել պարտվածի հոգեբանությունը։ 2014-ի ընթացքում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է մոտ 18․000 անգամ, այնինչ 2013-ի ընթացքում այդ թիվը կազմել է 13․000:

Այս տարվա ընթացքում հակառակորդը 26 դիվերսիոն հետախուզական գործողության փորձ է ձեռնարկել, որից միայն 15-ը՝ հուլիսից 25-ից՝ օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում: Հակառակորդը ռազմական բնույթի աննախադեպ գործողությունների է դիմում, այդ թվում՝ հրադադարի ինտենսիվ խախտումների և խաղաղ բնակավայրերի ռմբակոծությունների, դիվերսիոն հետախուզական ակտիվ գործողությունների, ինչպես նաև ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ու թիկունքում զորքերի տեղաշարժերի, տեղեկատվական և քարոզչական ակտիվ աշխատանքներ տանում։

Հակառակորդն օգտագործում է այնպիսի մեծ զինատեսակներ, ինչպիսիք են ձեռքի հակատանկային և հաստոցային ավտոմատ նռնականետեր, 23 միլիմետրանոց զենիթային կայանքներ, 82 միլիմետրանոց ականանետեր:

Ադրբեջանական կողմն այլ գործողությունների էլ է դիմում` մտցվել են զորանոցային վիճակներ, արձանագրվել է զինտեխնիկայի տեղաշարժ, իրականացվում է ավիացիայի և ուղաթիռների ակտիվություն, ակտիվացել են հակառակորդի անօդաչու սարքերը, տարվում է ակտիվ տեղեկատվական քարոզչություն:

ՊԲ օպերատիվ տվյալներով, օգոստոսի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարը խախտել է մոտ 3000 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 60.000 կրակոց:

Բացի հրադադարի խախտման վերոնշյալ դեպքերից, ադրբեջանական բանակի հատուկ ջոկատայինները շփման գծի հարավային (Հադրութ), արևելյան (Ասկերան) և հարավարևելյան` Մարտունու (Յուսուֆջանլու) ուղղություններով դիվերսիոն ներթափանցման փարձեր են ձեռնարկել, որոնք ժամանակին հավաստանշվել են հայ դիրքապահների կողմից և հակառակորդը, տալով կենդանի ուժի կորուստներ և վիրավորներ, հետ է շպրտվել ելման դիրքեր:

Անցած 7 օրվա ընթացքում հակառակորդի օդուժը թռիչքներ է իրականացրել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ամբողջ երկարությամբ: ՊԲ ՀՕՊ ուժերը ոչ միայն դրանք ժամանակին հավաստանշել են և պահել վերահսկողության տակ, այլև առաջնագծում տիրող օպերատիվ իրադրությամբ պայմանավորված` օդ է բարձրացվել հայկական գրոհային ավիացիան: Ընդհանուր առմամբ իրավիճակը սահմանային գծում եղել է լարված: ՊԲ առաջապահ զորամասերը շաբաթվա ընթացքում շփման գծի ամբողջ երկարությամբ շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն` հարկ եղած դեպքում իրենց գործողություններով կանխելով հակառակորդի նախահարձակ գործողության ցանկացած փորձ:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---