Սարգսյան-Պուտին-Ալիև հանդիպումը կայացել է․ ՀՀ ու Ադրբեջանի նախագահներն ապավինում են ՌԴ-ի օգնությանը

Սարգսյան-Պուտին-Ալիև հանդիպումը կայացել է․ ՀՀ ու Ադրբեջանի նախագահներն ապավինում են ՌԴ-ի օգնությանը

PanARMENIAN.Net - Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը Սոչիում կայացել է։ Երեք երկրի ղեկավարները կողմ են Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի խաղաղ կարգավորմանը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր խոսքում նշել է, որ երեկ հնարավորություն են ունեցել խոսել երկկողմ հարաբերությունների մասին և՛ Հայաստանի Նախագահի, և՛ Ադրբեջանի նախագահի հետ, նշել, որ երեկոյան նաև ոչ պաշտոնական շփում են ունեցել, որի ընթացքում չեն անդրադարձել գործնական բնույթի հարցերի, բայց, այնուամենայնիվ, միմյանց հետ տարբեր թեմաներով խոսելու հնարավորություն կար: ՌԴ նախագահի կարծիքով, դա որոշակի մթնոլորտ է ստեղծում, որպեսզի բացեիբաց խոսեն ամենադժվար, ամենածանր հարցերով՝ կապված տարածաշրջանային կարգավորման հետ:

«Բնականաբար, գոյություն ունեն այդ խնդիրների լուծման, ղարաբաղյան կարգավորման միջազգային ձևաչափեր, և, անկասկած, հարգանքով ենք վերաբերում այդ բոլոր միջազգային ձևաչափերին և շարունակելու ենք աշխատել մեր գործընկերների հետ: Բայց, ելնելով նրանից, որ մեզ մոտ ամեն դեպքում յուրահատուկ, առանձնահատուկ սերտ հարաբերություններ են, այնպիսի խոր նախապատմություն է, որը թույլ է տալիս բացեիբաց մտքեր փոխանակել, թե որտեղ ենք գտնվում և ինչ պետք է անել, որպեսզի առաջ շարժվենք անցյալից մեզ հասած այդ խնդիրների լուծման ուղղությամբ»,- ասել է Պուտնիը՝ նշելով, որ ուրախ է հանդիպելու և բոլոր այդ թեմաներով խոսելու հնարավորության համար»:

Ադրբեջանի նախագահն իր հերթին ասել է, որ ինչպես երեկ քննարկել են Պուտինի հետ, հարցը լուծում է պահանջում, քանի ու «չափազանց երկար ձգձգվեց»:

«Հուսով եմ, որ Ձեր անձնական մասնակցությունն այդ գործընթացում նոր ազդակ կհաղորդի բանակցային գործընթացին: Ինչպես նշեցիք, արդեն գոյություն ունի բանակցությունների ձևաչափը: Գոյություն ունի նաև հակամարտությունների կարգավորման իրավական բազա: ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն ընդունել է 4 բանաձև, որոնք պահանջում են անվերապահորեն և անհապաղ Ադրբեջանի տարածքից հայկական օկուպացիոն ուժերի դուրսբերում: Ցավոք, արդեն անցել է ավելի քան 20 տարի, այդ բանաձևերը մնացել են թղթի վրա: Մինսկի խումբը՝ ի դեմս իր համանախագահների, աշխատում է, փորձում է մերձեցնել կողմերին, բայց դա այդքան էլ լավ չի ստացվում: Ուստի գտնում եմ, որ Ռուսաստանը՝ որպես մեր մտերիմ բարեկամ, գործընկեր և հարևան, ունի, իհարկե, յուրահատուկ դեր կարգավորման գործընթացում: Հուսով ենք, որ մոտակա ժամանակում բանակցությունների ուղիով, խաղաղ ճանապարհով կգտնենք լուծում, որը կհամապատասխանի միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին, ինչպես նաև՝ արդարությանը»:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Պուտինին այս բարդ ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին ուշադրություն հատկացնելու համար:

«Համարում ենք, որ, իրոք, հիմնախնդիրը կարելի է լուծել, պետք է լուծել փոխզիջման և այն սկզբունքների հիման վրա, որոնք առաջարկել են մեզ Մինսկի խմբի համանախագահները: Ադրբեջանական կողմը մշտապես վկայակոչում է ՄԱԿ-ի չորս բանաձևերի վրա, բայց այսպիսի հռետորական հարց պարոն Ալիևին՝ այդ բանաձևերից ո՞ր կետն է կատարել Ադրբեջանը: Միայն Հայաստանն է, որ կատարել է այդ բանաձևերի կետերը, որն օգտագործել է իր ազդեցությունը, որպեսզի դադարեցվեն մարտական գործողությունները: Եթե մենք վերադառնանք 90-ական թվականների սկզբների իրադարձություններին, ապա ես կարծում եմ, որ մի կողմից լավ կլինի, մյուս կողմից էլ կարող է ինչ-որ բան էլ ձգձգվել: Լավ կլինի այն առումով, որ այն ժամանակ եկանք այն եզրահանգման, որ հիմնախնդիրը չունի ռազմական լուծում, իսկ եթե նորից մեղադրենք միմյանց, կարծում եմ, որ բավական երկար ժամանակ այդ հիմնախնդիրը չի լուծվի: Շնորհակալ եմ, որ տրամադրված եք հիմնախնդրի լուծմանը, և այդ հարցի լուծումը ելնում է Հայաստանի ազգային շահերից»:

Պուտինը գոհունակություն է հայտնել, որ երկու կողմերը հիմնախնդրի խաղաղ կարգավորման կողմնակից են:

«Դա, իրականում, ամենակարևորն է, քանի որ չկա ավելի ողբերգական բան, քան մարդկանց մահը: Պետք է, այնուամենայնիվ, ելնել նրանից, որ կոնֆլիկտային իրավիճակը ձևավորվել է վաղուց, մեզ է հասել անցյալից, մեզ է հասել, կարելի է ասել և պետք է ասել, որպես Խորհրդային Միության ժառանգություն, և պետք է դրսևորենք համբերատարություն և իմաստություն, հարգանք միմյանց նկատմամբ, որպեսզի այդ լուծումը գտնենք: Անկասկած, յուրաքանչյուր բարդ իրավիճակ կարող է լուծվել, եթե կա բարի կամքի դրսևորում: Ես կարծում եմ, որ նման բարի կամք և՛ ադրբեջանցի ժողովրդի, և՛ հայ ժողովրդի կողմում առկա է»,- եզրափակել է Վլադիմիր Պուտինը:

Նախօրեին հանդիպել են Հայաստանի ու Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը։ Երկու երկրների առաջնորդները քննարկել են տարբեր ոլորտներում ռուս-հայկական գործակցության ակտուալ հարցերը, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները։

Սերժ Սարգսյանն իր հերթին նախագահ Պուտինին մանրամասնել է տարածաշրջանում իրավիճակի ու տեղեկացրել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանի կողմից լարվածության դիտավորյալ սրման մասին։

Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով Սոչի է մեկնել օգոստոսի 8-ին: Ավելի վաղ հայկական կողմը պատրաստակամություն էր հայտնել այցի շրջանակում անցկացնել նաև եռակողմ հանդիպում` Ռուսաստանի և Ադրբեջանական նախագահների հետ, որտեղ կքննարկվեն ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման խնդիրները, ինչպես նաև վերջին օրերին Ադրբեջանի կողմից հրահրած լարման արդյունքում ստեղծված իրավիճակը: Համոզված լինելով, որ ղարաբաղյան հակամարտության արդար և խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի` հայկական կողմը մշտապես կողմ է արտահայտվել բարձր մակարդակի հանդիպումների անցկացմանը:

Օգոստոսի 9-ին նախագահի մամուլի քարտուղարի օգնական Նարեկ Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում հաստատել է, որ օգոստոսի 10-ին կկայանա Սարգսյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպում, որի հնարավորության մասին ավելի վաղ խոսվում էր։

Մինչև այդ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Վերջինս բացման խոսքում նշել է, թե ղարաբաղյան հակամարտությունը «բավականին ձգձգվել է և խնդիրը լուծում է պահանջում»:

Հուլիսի վերջից հակառակորդի բոլոր գործողություններն աննախադեպ են 90-ականներից այս կողմ։ Կառավարության օգոստոսի 7-ի նիստին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զեկուցել է, որ վերջին օրերին հայկական ստորաբաժանումները կանխել են 20-ից ավելի դիվերսիա։ Նրա խոսքով, այս ամենի նպատակն է ազդել բանակցային գործընթացի վրա, ինչպես նաև ներքին լսարանի մոտ վերացնել պարտվածի հոգեբանությունը։ 2014-ի ընթացքում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է մոտ 18․000 անգամ, այնինչ 2013-ի ընթացքում այդ թիվը կազմել է 13․000:

Այս տարվա ընթացքում հակառակորդը 26 դիվերսիոն հետախուզական գործողության փորձ է ձեռնարկել, որից միայն 15-ը՝ հուլիսից 25-ից՝ օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում: Հակառակորդը ռազմական բնույթի աննախադեպ գործողությունների է դիմում, այդ թվում՝ հրադադարի ինտենսիվ խախտումների և խաղաղ բնակավայրերի ռմբակոծությունների, դիվերսիոն հետախուզական ակտիվ գործողությունների, ինչպես նաև ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ու թիկունքում զորքերի տեղաշարժերի, տեղեկատվական և քարոզչական ակտիվ աշխատանքներ տանում։

Հակառակորդն օգտագործում է այնպիսի մեծ զինատեսակներ, ինչպիսիք են ձեռքի հակատանկային և հաստոցային ավտոմատ նռնականետեր, 23 միլիմետրանոց զենիթային կայանքներ, 82 միլիմետրանոց ականանետեր:

Ադրբեջանական կողմն այլ գործողությունների էլ է դիմում` մտցվել են զորանոցային վիճակներ, արձանագրվել է զինտեխնիկայի տեղաշարժ, իրականացվում է ավիացիայի և ուղաթիռների ակտիվություն, ակտիվացել են հակառակորդի անօդաչու սարքերը, տարվում է ակտիվ տեղեկատվական քարոզչություն:

Օգոստոսի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտի) ուղղությամբ հակառակորդը դիվերսիայի փորձ էր ձեռնարկել, բայց ժամանակին հայտնաբերվել էր ու հետ շպրտել ելման դիրքեր: Դիմակայության ընթացքում զոհվել էր ԼՂՀ ՊԲ զինծառայող Զորիկ Գևորգյանը, ով ավելի ուշ Արցախի նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է «Արիության մեդալով», ՀՀ նախագահի՝ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: Եվս երեք հայ զինվոր վիրավորվել էր, նրանցից 1994-ին ծնված զինծառայող Սարգիս Մովսիսյանն օգոստոսի 3-ին հոսպիտալում մահացել է։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ավելի ուշ հայտարարել է 4 զոհի ու մի քանի վիրավորի մասին։

Օգոստոսի 2-ի երեկոյան հակառակորդի կողմից հետախուզադիվերսիոն ներթափանցման ևս մեկ փորձ է ձեռնարկվել, այս անգամ՝ արևելյան (Ասկերանի) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի վրա: Հակառակորդը հետ էր շպրտվել իր ելման դիրքերը՝ մարտադաշտում թողնելով մեկ զոհված զինվորի:

Եվս մեկ դիվերսիոն ներթափանցման փորձ ադրբեջանցիները ձեռնարկել էին օգոստոսի լույս 1-ի գիշերը, որի արդյունքում հակառակորդը հայտնել էր իր 8 զինծառայողի կորստի մասին: Ըստ որոշ տվյալների, հակառակորդը 11-14 զոհ էր տվել ու մոտ 30 վիրավոր: Հայկական կողմը կորուստներ չէր ունեցել։

Հուլիսի 31-ին հակառակորդը հարձակում էր ձեռնարկել շփման գծի հյուսիսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ: Գործողության արդյունքում զոհվել էր ՊԲ 2 զինծառայող՝ Արարատ Խանոյանը և Աշոտ Ասոյանը, ավելի ուշ ՀՀ նախագահի կողմից նրանք հետմահու պարգևատրվել էին Մարտական ծառայության մեդալով։ Իրականացված օպերատիվ գործողությունների արդյունքում հակառակորդից առգրավվել էր մեծ քանակությամբ հատուկ սպառազինություն և տեխնիկական միջոցներ:

Ադրբեջանի ՊՆ-ն նախ հերքել էր իր կորուստների մասին լուրերը, ապա՝ հայտարարել իր զինծառայողի, ավելի ուշ նաև մեկ ենթասպայի մահվան մասին:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---