Թուրքերը քվեարկել են հօգուտ «նոր դարաշրջանի». Էրդողանը հաղթել է նախագահական ընտրություններում

Թուրքերը քվեարկել են հօգուտ «նոր դարաշրջանի». Էրդողանը հաղթել է նախագահական ընտրություններում

PanARMENIAN.Net - Թուրքիայի գործող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դարձավ երկրի պատմության մեջ նախագահի առաջին ուղիղ ընտրությունների հաղթողը՝ հավաքելով 51,7 տոկոս: Այդ մասին օգոստոսի 10-ի երեկոյան լրագրողներին է հայտնել Թուրքիայի ԿԸՀ ղեկավար Սադի Գյուվենը:

«Թեկնածու Թայիփ Էրդողանը քվեաթերթիկների 100 տոկոսի մշակման արդյունքների համաձայն ստացել է ընտրողների մեծամասնության աջակցությունը: Ելնելով դրանից՝ ԿԸՀ-ն որոշեց չեղյալ համարել երկրորդ փուլի նախապատրաստումը»,-ասել է Գյուվենը:

Լուրջ խախտումներ, ըստ Թուրքիայի ԿԸՀ-ի, քվեարկության ժամանակ չեն արձանագրվել: Ընտրությունների նախնական արդյունքները, հավելել է ԿԸՀ ղեկավարը, կհայտարարվեն օգոստոսի 11-ին: Ավելի վաղ Էրդողանի հաղթանակի մասին հայտարարեցին Արդարության և զարգացման կուսակցության պաշտոնական ներկայացուցիչները:

«Այսպիսի հաղթանակները պատահական չեն լինում: Այժմ նրան սատարում է ընտրողների 52 տոկոսը, սակայն վերջնական տվյալներն Էրդողանը կհայտարարի անձամբ Անկարայում»,-հայտարարել է լրագրողներին ԱԶԿ պաշտոնական ներկայացուցիչ Հյուսեյն Չելիքը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Ինքը` Էրդողանը Ստամբուլից Անկարա ուղևորվելուց առաջ հայտարարեց, որ «ազգը որոշում է կայացրել և քվեարկելու իր կամքն արտահայտել»: Սակայն նա չի մեկնաբանել նախնական արդյունքները և չի շտապել ճանաչել իր հաղթանակը:

Էրդողանի գլխավոր մրցակից՝ ընդդիմությունից միասնական թեկնածու, «Իսլամական կոնֆերանսի կազմակեպության» նախկին ղեկավար Էքմելեդդին Իհսանօղլուն, ստացել է քվեների 38,9 տոկոսը: Երրորդ թեկնածուն՝ քրդամետ Ժողովրդների ժողովրդավարության կուսակցության համանախագահ Սելահադդին Դեմիրթաշը ստացավ քվեարկությանը մասնակցած Թուրքիայի բնակիչների 9 տոկոսը:

Իհսանօղլուն ճանաչել է իր պարտությունն ու շնորհավորել է Էրդողանին հաղթանակի կապակցությամբ: «Ես շնորհավորում եմ վարչապետին և հաջողություն եմ մաղթում»,-ասել է Իհսանօղլուն օգոստոսի 10-ի երեկոյան Ստամբուլում:

Հուլիսի 1-ին Թուրքիայի իշխող Արդարության և զարգացման կուսակցությունը նախագահի պաշտոնում առաջադրեց վարչապետ Էրդողանի թեկնածությունը: Ինչպես հայտարարել է Էրդողանը դրան նվիրված ելույթում, օգոստոսյան ընտրությունները պետք է «նոր դարաշրջանի հանգրվան» դառնան երկրի պատմության մեջ: «Եթե ինձ ընտրեք նախագահ, ես կպաշտպանեմ ժողովրդի շահերը»,-խոստացել է քաղաքական գործիչը: Մինչ այդ Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Ղըլիչդարօղլուն և «Ազգայնական շարժման» նախագահ Դևլեթ Բախչելին միասնական թեկնածու առաջադրեցին՝ Էքմելեդդին Իհսանօղլուին: Դատախազական «Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը» իր թեկնածու հայտարարեց Սելահադդին Դեմիրթաշին:

Էրդողանի թեկնածությունն առաջադրելուն գրեթե անմիջապես հաջորդեց ընդդիմադիր Taraf թերթի հրապարակումը՝ «Էրդողանի երկրորդ ժեստը Հայաստանի հանդեպ» հոդվածը, որտեղ ասվում էր, թե Էրդողանը մտադիր է հայ-թուրքական հաշտեցմանն ուղղված երկրորդ քայլը ձեռնարկել:

Հոդվածում ասվում է, որ Էրդողանի առաջին քայլ «ցավակցական ուղերձն էր»: «Հայկական սփյուռքը 2015-ի շեմին լայնածավալ գործողություններ է իրականացնում ներկայացնելու համար աշխարհին, թե ինչ է տեղի ունեցել հայ ժողովրդի հետ 1915 թվականին: Թուրքիայում իշխող Արդարության ու զարգացման կուսակցությունը միջոցներ է ձեռնարկում հայերին հակազդելու համար: Որպես առաջին քայլ վարչապետ Էրդողանը ցավակցություն հայտնեց 1915 թ. իրադարձությունների ժամանակ զոհված հայերի թոռներին: Ընդ որում, ցավակցական ուղերձը հրապարակվեց նաև հայերեն»,-գրել է թերթը:

Ըստ թերթի, երկրորդ քայլը կդառնա Հայաստանի հետ սահմանի բացումը: «Թուրքիայի կառավարությունը երկրորդ փուլում մտադիր է բացել 1993 թ. փակված սահմանը Հայաստանի հետ: Տեղեկություններ կան, որ Թուրքիայի վարչապետն արդեն իսկ կարգադրել է ավարտել նախապատրաստական աշխատանքները Ալիջան հսկիչ սահմանակետի բացման ուղղությամբ, որտեղ աշխատանքները սկսվել էին դեռ 2012 թվականին: Այս ընթացքում նորոգվել և ասֆալտապատվել է դեպի անցակետ տանող 7-կիլոմետրանոց ճանապարհը: Անցակետը հագեցվել է մաքսային ծառայության համար անհրաժեշտ սարքավորումներով: Չնայած, որ սահմանի բացման ժամկետը ճշտված չէ, այնուամենայնիվ, լուրեր են շրջանառվում, որ, հավանաբար, դա տեղի կունենա սեպտեմբերից հետո»,-ասվում է հոդվածում:

Թուրքիայի ԱԳՆ-ն պաշտոնապես հերքել է այս տեղեկատվությունը:

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ, CHP) օգոստոսի 6-ին հայտարարեց, որ պատրաստվում է դատի տալ երկրի վարչապետ և նախագահի թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանին իր հրապարակային արտահայտություններում հայերի հանդեպ ռասիզմի ու ատելության դրսևորման համար:

Ելույթ ունենալով NTV-ի «Խոսում են թեկնածուները» հեռուստահաղորդման ուղիղ եթերում՝ Էրդողանը, անդրադառնալով իր էթնիկ ծագման մասին շրջանառվող լուրերին, ասել էր. «Իմ մասին ինչեր ասես, որ չեն ասել, շատ են վիրավորել, վրացի են անվանել, դեռ ավելի վատ, կներեք՝ բայց նույնիսկ հայ են անվանել: Բայց ասեմ` ես հորիցս և մորիցս իմացել եմ, որ թուրք եմ: Աշխարհում ոչ մի քաղաքական գործիչ չէր հանդուրժի այսքան վիրավորանքներ իր հասցեին, բայց միշտ համբերատար եմ եղել: Թող յուրաքանչյուրն իրեն անվանի ինչպես ուզում է՝ թուրք, քուրդ, դրանում ոչ մի վատ բան չկա: Ես հպարտ եմ, որ թուրք եմ»,- ասել է Էրդողանը:

«Ժողովրդահանրապետական» կուսակցության պատգամավոր Հուրշիթ Գյունեշը, անդրադառնալով հեռուստաեթերից Էրդողանի հնչեցրած արտահայտություններին, ասել է. «Դա թշնամական պահվածք է: Փաստորեն, ըստ քրեական օրենսգրքի և սահմանադրության, վարչապետը ատելության արտահայտման հանցանք է գործել»: Գյունեշը հավաստիացրել է, որ այսօր գնալու է դատախազություն և Էրդողանին պատասխանատվության ենթարկելու պահանջով հայց է ներկայացնելու:

Թուրքաբնակ հայերը, «Նոր զարթոնք» շարժման, Ժողովրդվարաների դեմոկրատական կուսակցության անդամները դեմ են արտահայտվել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայատյաց հայտարարությանն ու ogwstwsi 7-in բողոքի ակցիա և երթ կազմակերպել Ստամբուլում հրատարակվող «Ակոս» շաբաթաթերթի խմբագրության շենքի մոտ: Հայերը պաստառներ են պարզել, որոնց վրա գրված էր. «Հայերից ներողություն խնդիր՛ր, Էրդողա՛ն», «Ատելության գագաթնակետն Էրդողանն է»:

Բողոքի ակցիայի մասնակիցները հայտնել են, որ հավաքվել են հայերի ինքնությունը վիրավորող այլատյաց արտահայտությունների դեմ բողոքելու համար: Նրանց կարծիքով, Էրդողանի հայտարարությունները քաղաքական դրդապատճառներ ունեն՝ այդ կերպ նա ցանկանում է իր կողմ բերել ազգայնական ընտրազանգվածին:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---