Ռուս փորձագետ. Հայատյացությունն այն ջինն է, որը կարող է խայթել հենց Ալիևին

Ռուս փորձագետ. Հայատյացությունն այն ջինն է, որը կարող է խայթել հենց Ալիևին

PanARMENIAN.Net - Վերջերս արձանագրված Ադրբեջանի ակտիվությունը Լեռնային Ղարաբաղի ԶՈւ հետ շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին, կարող է պայմանավորված լինել երկու գործոններով, հայտարարել է PanARMENIAN.Net ի հետ զրույցում ռուս փորձագետ, «Հայ-ռուսական համագործակցության» անդամ Դենիս Դվորնիկովը:

Մի կողմից, ըստ նրա, ադրբեջանական ագրեսիան Անդրկովկասի ապակայունացման արտաքին պայմանավորվածությունների կատարումն է: Ալիևների ընտանիքն ինտեգրված է արևմտյան պայմանական «գաղութների ակումբին», ունի հաշվեհամարներ, նախագծեր, այլ փոքր ու մեծ ուրախություններ երկրի սահմանից դուրս: Ուստի օվկիանոսից այն կողմ բնակվող հեղինակավոր անձանց որոշ ոչ պաշտոնական ակնարկներին դժվար էր չարձագանքել՝ սկսվեցին կրակոցներն ու սադրանքներն Ադրբեջանի կողմից:

Ինչպես նշեց Դվորնիկովը, կա նաև երկրորդ պահը, որը շատ կարևոր է: Ալիևը դարձավ սեփական ռազմաշունչ հռետորաբանության ու ներքաղաքական գաղափարախոսության պատանդը: Հայատյացությունը ջին է, որը կարող է խայթել հենց Ալիևին, եթե նա մշտապես չցուցադրի իր անհաշտությունը, եթե դադարեցնի արարողակարգային դարձած խոսակցությունները «բնիկ ադրբեջանական» Երևանի ու Հարավային Կովկասի քրիստոնյա ժողովրդների դեմ տարածքային ռևանշի մասին: Ըստ փորձագետի, հանդիպումը Սոչիում շատ պարզ ցույց տվեց. Ալիևն ամաչում է պարկեշտ հասարակության շրջանում արտասանել այն անհեթեթությունները, որ մշտապես ստիպված է հրամցնել իր ժողովրդին: «Պատրաստվելով եռակողմ հանդիպմանը, նա հասկանում էր, որ Ռուսաստանի ու Հայաստանի նախագահների, ինչպես նաև լրագրողների ու միջազգային դիտորդների ներկայությամբ, ստիպված է լինելու ներկայանալ որպես օրինապաշտ ու խաղաղասեր քաղաքական գործիչ: Կարծում եմ, որ նման կերպարն իրեն էլ է հարմար, սակայն միանգամայն անընդունելի է ընտրողների մեծ մասի համար, որոնք ատելության մթնոլորտում են դաստիարակվել: Ուստի արյունահեղությունը շփման գծում դա նաև զոհ է հօգուտ երկրի ներսում հասարակական կարծիքի»,-ասել է Դենիս Դվորնիկովը:

Ինչ վերաբերում է բախումների վերափոխմանը լայնածավալ պատերազմի, ապա փորձագետը կարծիք է հայտնել որ Սոչիի հանդիպումից հետո իրավիճակը կկայունանա, բայց ոչ անմիջապես: Ալիևին հարկավոր է ցույց տալ Ադրբեջանի բնակիչներին, ինչպես նաև արևմտյան հովանավորներին, որ ինքը չի պարում Մոսկվայի դուդուկի, առավել ևս, Երևանի դուդուկի տակ: «Ուստի, ցավոք, 2-3 շաբաթ, գուցե մի փոքր ավելի, մարդիկ կզոհվեն: Բայց հետո աստիճանաբար սադրանքների քանակն ու ինտենսիվությունը կմարի: Թեև հրադադարն ամբողջովին չի պահպանվի: Կրակոցներն ու մանր դիվերսիաները կշարունակվեն: Չէ որ Ալիևից բացի կան նաև բազում զորահրամանատարներ, փոքր ու միջին պաշտոնյաներ, որոնք երազում են զեկուցել հաջող դիպուկահար կրակոցի մասին, բնակարան ստանալ կամ կոչում այդ արյունալի տիրի համար»,-ասել է փորձագետը:

Ըստ Դվորնիկովի, լայնածավալ պատերազմ չի լինի շատ պատճառներով: Առաջինը, Ալիևը հասկանում է, որ արևմտյան գործընկերները կարող են նրան սպանդի մեջ ներքաշել, բայց հետո օգնության ոչ ոք չի շտապի: Նա նաև հասկանում է, որ կախում ունի Մոսկվայից, և որ քանի դեռ նրան հանդուրժում են Կրեմլում, նրա միանձնյա իշխանությանը ոչինչ չի սպառնում: Արդեն քանի էմիսարներ են ադրբեջանցի ընդդիմադիր ուժերից եկել Ռուսաստան, իշխանափոխության մանդատ խնդրել, բայց չեն ստացել: Դեռ: Ուստի առաջիկայում Բաքուն համարձակություն չի ունենա դեմ գնալու Ռուսաստանի խաղաղ նախաձեռնություններին: Էլ չասած արդեն հնարավոր պատերազմի հետևանքների մասին: Ռիսկը շատ մեծ է, որ ամբողջ թանկ գնով ձեռք բերված զենքը, որը գնվել է վերջին տարիներին, արդյունքում կհայտնվի ԼՂՀ ինքնապաշտպանության ձեռքերում, իսկ ավերված ենթակառուցվածքները 1,5-2 դար հետ կգցեն Ադրբեջանին: Դեպի ակունքներն, այսպես ասած:

Կրկին անդրադառնալով նախագահների հանդիպմանը Սոչիում՝ Դվորնիկովն ասել է. «Ալիևի հռետորության երկատումից բացի, կար ևս մեկ պահ, որը ես էական եմ համարում: Ես, ինչպես և փորձագետներից շատերը, վստահ եմ, որ հանդիպումը պետք է անցներ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մասնակցությամբ: Ինձ շատ է զարմացնում, որ Արցախի ժողովուրդը գտնվում է ձայնազուրկ դիտորդի կարգավիճակում, ոչ թե միջազգային հարաբերությունների լիարժեք սուբյեկտի: Առավել ևս, երբ այդ հարաբերությունները վերաբերում են անկախ հանրապետության յուրաքանչյուր բնակչի ճակատագրին: Ես վստահ եմ, որ Արցախի օրինական ընտրված նախագահն ուներ և ունի ասելիք Սոչիի հանդիպման յուրաքանչյուր մասնակցին ու ամբողջ համաշխարհային հանրությանը»:

Օգոստոսի 10-ին Սոչիում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը։ Իր խոսքում նախագահ Սարգսյանը նշել է, որ հիմնախնդիրը պետք է լուծել փոխզիջման և այն սկզբունքների հիման վրա, որոնք առաջարկել են Մինսկի խմբի համանախագահները:

Հուլիսի վերջից հակառակորդի բոլոր գործողություններն աննախադեպ են 90-ականներից այս կողմ։ Կառավարության օգոստոսի 7-ի նիստին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զեկուցել է, որ վերջին օրերին հայկական ստորաբաժանումները կանխել են 20-ից ավելի դիվերսիա։ Նրա խոսքով, այս ամենի նպատակն է ազդել բանակցային գործընթացի վրա, ինչպես նաև ներքին լսարանի մոտ վերացնել պարտվածի հոգեբանությունը։ 2014-ի ընթացքում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է մոտ 18․000 անգամ, այնինչ 2013-ի ընթացքում այդ թիվը կազմել է 13․000:

Այս տարվա ընթացքում հակառակորդը 26 դիվերսիոն հետախուզական գործողության փորձ է ձեռնարկել, որից միայն 15-ը՝ հուլիսից 25-ից՝ օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում: Հակառակորդը ռազմական բնույթի աննախադեպ գործողությունների է դիմում, այդ թվում՝ հրադադարի ինտենսիվ խախտումների և խաղաղ բնակավայրերի ռմբակոծությունների, դիվերսիոն հետախուզական ակտիվ գործողությունների, ինչպես նաև ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ու թիկունքում զորքերի տեղաշարժերի, տեղեկատվական և քարոզչական ակտիվ աշխատանքներ տանում։

Հակառակորդն օգտագործում է այնպիսի մեծ զինատեսակներ, ինչպիսիք են ձեռքի հակատանկային և հաստոցային ավտոմատ նռնականետեր, 23 միլիմետրանոց զենիթային կայանքներ, 82 միլիմետրանոց ականանետեր: Ադրբեջանական կողմն այլ գործողությունների էլ է դիմում` մտցվել են զորանոցային վիճակներ, արձանագրվել է զինտեխնիկայի տեղաշարժ, իրականացվում է ավիացիայի և ուղաթիռների ակտիվություն, ակտիվացել են հակառակորդի անօդաչու սարքերը, տարվում է ակտիվ տեղեկատվական քարոզչություն:

Օգոստոսի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտի) ուղղությամբ հակառակորդը դիվերսիայի փորձ էր ձեռնարկել, բայց ժամանակին հայտնաբերվել էր ու հետ շպրտել ելման դիրքեր: Դիմակայության ընթացքում զոհվել էր ԼՂՀ ՊԲ զինծառայող Զորիկ Գևորգյանը, ով ավելի ուշ Արցախի նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է «Արիության մեդալով», ՀՀ նախագահի՝ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: Եվս երեք հայ զինվոր վիրավորվել էր, նրանցից 1994-ին ծնված զինծառայող Սարգիս Մովսիսյանն օգոստոսի 3-ին հոսպիտալում մահացել է։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ավելի ուշ հայտարարել է 4 զոհի ու մի քանի վիրավորի մասին։

Օգոստոսի 2-ի երեկոյան հակառակորդի կողմից հետախուզադիվերսիոն ներթափանցման ևս մեկ փորձ է ձեռնարկվել, այս անգամ՝ արևելյան (Ասկերանի) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի վրա: Հակառակորդը հետ էր շպրտվել իր ելման դիրքերը՝ մարտադաշտում թողնելով մեկ զոհված զինվորի: Եվս մեկ դիվերսիոն ներթափանցման փորձ ադրբեջանցիները ձեռնարկել էին օգոստոսի լույս 1-ի գիշերը, որի արդյունքում հակառակորդը հայտնել էր իր 8 զինծառայողի կորստի մասին: Ըստ որոշ տվյալների, հակառակորդը 11-14 զոհ էր տվել ու մոտ 30 վիրավոր: Հայկական կողմը կորուստներ չէր ունեցել։

Հուլիսի 31-ին հակառակորդը հարձակում էր ձեռնարկել շփման գծի հյուսիսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ: Գործողության արդյունքում զոհվել էր ՊԲ 2 զինծառայող՝ Արարատ Խանոյանը և Աշոտ Ասոյանը, ավելի ուշ ՀՀ նախագահի կողմից նրանք հետմահու պարգևատրվել էին Մարտական ծառայության մեդալով։ Իրականացված օպերատիվ գործողությունների արդյունքում հակառակորդից առգրավվել էր մեծ քանակությամբ հատուկ սպառազինություն և տեխնիկական միջոցներ: Ադրբեջանի ՊՆ-ն նախ հերքել էր իր կորուստների մասին լուրերը, ապա՝ հայտարարել իր զինծառայողի, ավելի ուշ նաև մեկ ենթասպայի մահվան մասին:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---