Հայաստանի ղեկավար. Մեզ համար էլ վիրավորական կլիներ, եթե պարզվեր, որ Էրդողանը հայ է

Հայաստանի ղեկավար. Մեզ համար էլ վիրավորական կլիներ, եթե պարզվեր, որ Էրդողանը հայ է

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը գտնում է՝ չարժե զարմանալ, որ Թուրքիան ամենաբարձր մակարդակով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում զոհված զինվորների մահվան կապակցությամբ ցավակցում է միայն Ադրբեջանին, քանի որ դա այն երկիրն է, որ ցանկացած հարցում միանշանակ սատարում է Ադրբեջանին:

«Ես իրոք կզարմանայի, եթե պարոն Էրդողանը ցավակցություն հայտներ նաև հայկական կողմին»:

Օգոստոսի 1-ին Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ հեռախոսազրույցում ցավակցություններ էր հայտնել ադրբեջանցի 9 զինվորի մահվան կապակցությամբ, որոնց մասին պաշտոնական Բաքուն այդ պահին հայտարարել էր: Նա նշել էր, որ իրենց սրտում «զգում են 9 նահատակի ցավն» ու հավաստիացրել, որ իր երկիրը «միշտ էլ պաշտպանել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»:

Անդրադառնալով Էրդողանի՝ հրապարակային ելույթում իր հայ լինելու վարկածը վիրավորանք որակելուն, Սերժ Սարգսյանը նշել է, որ այստեղ էլ զարմանալի ոչինչ չկա:

«Հայերի համար էլ վիրավորական կլիներ, եթե հանկարծ պարզվեր, որ Էրդողանը հայ է: Այնպես որ՝ այստեղ էլ պետք չէ զարմանալ: Այլ բան, որ այդպիսի դիրք զբաղեցնող մարդիկ պետք է զուսպ լինեն: Իսկ նրանք զսպվածություն չունեն: Թուրքիայի դիրքորոշումը մեզ համար շատ պարզ, ակնհայտ է: Մենք դրանում քանիցս համոզվել ենք: Այդ թվում նաև՝ արձանագրությունների բանակցությունների ժամանակ: Դրա համար մենք շատ ուշադիր էինք՝ հանկարծ այդ արձանագրություններում որևէ կետ, որևէ դրույթ չլինի, որ կարող է մեզ կաշկանդել ղարաբաղյան բանակցություններում: Այնպես որ՝ այստեղ ամեն ինչ պարզ և հստակ է»,- նշել է երկրի ղեկավարը:

Ելույթ ունենալով NTV-ի «Խոսում են թեկնածուները» հեռուստահաղորդման ուղիղ եթերում՝ Էրդողանը, անդրադառնալով իր էթնիկ ծագման մասին շրջանառվող լուրերին, ասել էր. «Իմ մասին ինչեր ասես, որ չեն ասել, շատ են վիրավորել, վրացի են անվանել, դեռ ավելի վատ, կներեք՝ բայց նույնիսկ հայ են անվանել: Բայց ասեմ` ես հորիցս և մորիցս իմացել եմ, որ թուրք եմ: Աշխարհում ոչ մի քաղաքական գործիչ չէր հանդուրժի այսքան վիրավորանք իր հասցեին, բայց միշտ համբերատար եմ եղել: Թող յուրաքանչյուրն իրեն անվանի, ինչպես ուզում է՝ թուրք, քուրդ, դրանում ոչ մի վատ բան չկա: Ես հպարտ եմ, որ թուրք եմ»:

Նախագահը նաև ևս մեկ բան է ընդգծել՝ շատերի այն կարծիքը, թե իր առջև դնելով տարածաշրջանային առաջնորդ դառնալու խնդիր՝ Թուրքիան կարող է հավասարակշիռ դիրքորոշում, հավասարաչափ մոտեցում ցուցաբերել:

«Դրանք միամիտ մարդիկ են՝ ոչ միայն մեր, այլև ուրիշների նկատմամբ: Չեմ տեսնում այսօր Թուրքիայում իշխող քաղաքական ուժի կողմից այդպիսի միտումներ, այդպիսի գործողություններ: Պետք է շատ ավելի լայնախոհ դրսևորումներ լինեն, որպեսզի մենք երբևէ հասնենք այդպիսի իրավիճակի»,- եզրափակել է ՀՀ ղեկավարը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---