Ալիևի նստավայրի մոտ ինքնահրկիզվել է ղարաբաղյան պատերազմի մասնակիցը կնոջ հետ. Պատճառն անելանելի վիճակն է

Ալիևի նստավայրի մոտ ինքնահրկիզվել է ղարաբաղյան պատերազմի մասնակիցը կնոջ հետ. Պատճառն անելանելի վիճակն է

PanARMENIAN.Net - Օգոստոսի 13-ին Բաքվում Ադրբեջանի նախագահի նստավայրին հարակից զբոսայգում Սումգայիթի բնակիչներ 39-ամյա Էլչին Ալիմուրադովն ու նրա կինը՝ 32-ամյա Ժալին ինքնահրկիզվել են:

Տարբեր աստիճանի այրվածքներով ամուսիններին տեղափոխել են քաղաքային թիվ 5 հիվանդանոցի այրվածքների կենտրոն: Ժալի Սալախովայի վիճակը գնահատվում է ծանր, նա վերակենդանացման բաժնում է:

Ինչպես պարզվեց, ամուսիններն այդ քայլին դիմել ենորպես իրենց տունը քանդելու դատարանի որոշման դեմ բողոքի նշան:Ըստ Haqqin.az-ի, Էլչին Ալիմուրադովը ղարաբաղյան պատերազմի մասնակից է:

Ավելի ուշ Ալիմուրադովի քույրը՝ Եգանա Մահմուդովան, պատմել է, որ իր հարազատները դիմել են այդ քայլին ոչ թե տունը քանդելու, այլ որովհետև նրանց վռնդել են տնից ու փոխհատուցում չեն տվել:

Զանգվածային ինքնասպանություններն Ադրբեջանում, այդ թվում բանակում, վաղուց արդեն մտահոգություն են առաջացնում ադրբեջանցի փորձագետների շրջանում: Ըստ նրանց, Ադրբեջանում ինքնասպանությունների 80 տոկոսի պատճառը սոցիալական խնդիրներն են ու անելանելի վիճակը:

Ըստ պաշտոնական վիճակագրության, 2008-ին գրանցվել է 138 ինքնասպանություն, 2009-ին՝ 165, 2010-ին՝ 289, 2011-ին՝ 414, 2012-ին՝ 482: 2013-ին եղել է ինքնասպանության 920 փորձ, սակայն մահացածների մասին ճշգրիտ տեղեկություններ չկան, մոտավորապես այդ թիվը հասնում է 500-ի:

Ինքնասպանությունները քիչ չեն նաև բանակում: 2011-ին ադրբեջանական բանակում գրանցվել է ինքնասպանության 12 դեպք, 2012-ին՝ 19, 2013-ին՝ 16, իսկ 2014-ի հունվարին՝ 4:

Հիմնականում Ադրբեջանի իշխանությունները չեն հրապարակում ինքնասպանությունների իրական թվերը: Սակայն, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների 2014 թ. հունվարին Ադրբեջանում ինքնասպան է եղել առնվազն 32 մարդ: Ինքնասպանության 4 դեպք է արձանագրվել մինչև 18 տարեկան երեխաների թվում և 4 դեպք՝ բանակում: Միայն մեկ ամսում Ադրբեջանում ինքնահրկիզվել է ղարաբաղյան պատերազմի 3 մասնակից:

2013 թ. դեկտեմբերի 25-ից մինչև 2014-ի մարտն ընլած ժամանակահատվածում Ադրբեջանում կատարվել է միայն 5 ինքնահրկիզում:

Դեռ հունվարին Ադրբեջանի Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի նախագահ Ջամիլ Հասանլին Ադրբեջանի քաղաքացիների ինքնահրկիզման համար պատասխանատու համարեց երկրի իշխանություններին: «Կառավարությունը պետք է զարթնի և ինչ-որ բան անի, հակառակ դեպքում մարդու ինչ իրավունքների մասին է խոսքը»,-ասել է նա:

«Դա սարսափելի ողբերգություն է; Եթե այդպես շարունակվի, ամբողջ երկիրը բոցով կհամակվի: Կոռումպացված քրեածին քաղաքականության ծուխը պատել է երկիրը, կրակը մինչև երկինք է հասնում: Հավանաբար, Իլհամ Ալիևը անտարբեր կմնա, կկրկնի հեքիաթներն «աննախադեպ զարգացման մասին», քանի դեռ կրակով չի համակվել նաև նախագահի նստավայրը: Այրվում է ժողովրդից լիազորություններ չստացած կառավարության քաղաքականությունը՝ մարդկային հոտ ունեցող ծուխը պատում է ամեն ինչ: Ադրբեջանական նավթից Ադրբեջանի քաղաքացու հասույթը մի շիշ բենզինն է»,-նշում է Հասանլին:

Ադրբեջանցի հոգեբան Ազադ Իսազադեն նշել է, որ ինքնասպանության 10 փորձից 1-2 ավարտվում է մարդու մահով՝ նշելով, որ 2014-ին ինքնասպանությունների իսկական համաճարկ է սկսվել երկրում: «Եթե 36 մարդ է մահացել, ուրեմն եղել է 350-400 մահափորձ: Ինքնասպանությունների պատճառները երկուսն են՝ «չեմ կարող ապրել», «չեմ կարող այլևս համբերել»: Ադրբեջանում ռիսկային խմբում են հայտնվել նույնիսկ երեխաները: Օրերս ինքնասպանություն էր կատարել երրորդ դասարանի աշակերտը, քանի որ այլևս չէր ուզում խնամել տատիկին»,-ասել է Իսազադեն: Ըստ նրա, ինքնասպանների միայն 10-15 տոկոսն է հոգեպես անառողջ: Ինքնասպանությունները կատարում են մարդիկ, որոնք սոցիալական խնդիրներ ունեն, առաջին հերթին կանայք: Իրենց բողոքների պատասխանը չստանալով՝ մարդիկ սկսել են ինքնահրկիզվել, քանի որ հանրությունն անտարբեր է նրանց խնդիրների հանդեպ, ասել է Իսազադեն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---