Էբոլան Հայաստան աննկատ չի ներթափանցի՝ «Զվարթնոցում» բժիշկներն աչալուրջ են

Էբոլան Հայաստան աննկատ չի ներթափանցի՝ «Զվարթնոցում» բժիշկներն աչալուրջ են

PanARMENIAN.Net - «Զվարթնոց» օդանավակայանում 24 ժամ շարունակ առողջապահության ոլորտի մասնագետներ են հերթապահում, և եթե ժամանող օդանավից հաղորդվում է, որ ինչ-որ մի ուղևոր իրեն վատ է զգում, նա առանձնացվում է, հետազոտվում, նաև Հայաստան արտերկրից տարբեր վիրուսային հիվանդությունների ներթափանցման վտանգները հնարավորինս սահմանափակելու համար:

Ինչպես ասել է առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Լիլիթ Ավետիսյանը՝անդրադառնալով հարցին,թե արդյոք «Զվարթնոց» օդանավակայանում ինչ-որ միջոցառումներ իրականացվում են աֆրիկյան երկրներում բռնկված էբոլա համաճարակի ներթափանցումը մեր երկիր կանխելու համար, առհասարակ միշտ էլ ստուգում են, այդպես էր արվում նաև, օրինակ, թռչնագրիպի պարագայում, գրում է Tert.am-ը:

«Թռչնի գրիպը փոխանցման այլ մեխանիզմներ ունի, սա՝ այլ. և՛ աղբյուրն է տարբեր, և՛մեխանիզմը, ու իրար հետ համեմատելու ոչինչ չունենք: Ինչ վերաբերում է միջոցառումներին. դրանք արվում են անկախ որևէ բանից: Օրինակ՝ դրսից կարող է մարդ հիվանդանա ու գա Հայաստան, սահմանը պետք է անցնի, անկախ նրանից՝ ինչ հիվանդ է, իր նկատմամբ միջոցառումեր են անցկացվում:

Եվ Հայաստանն ու ամբողջ աշխարհը թռչնի գրիպի հետ այն ժամանակ առաջին անգամ էր շփվում, իսկ սա արդեն հայտնի հիվանդություն է: Ուղղակի խնդիրն այն է, որ շատ ծանր է ու տարածված է եղել հիմնականում Աֆրիկայում: Նման բան կարող է լինել բոլոր երկրներում, Հայաստանում երբևէ չի արձանագրվել»,- նշել է մասնագետը:

Էբոլայի հեմորագիկ տենդը համանուն վիրուսով վարակման արդյունքում առաջացող հիվանդություն է, որի պատճառով մահացության մակարդակը հասնում է 90 տոկոսի: Էբոլայի վիրուսի կրողը շիմպանզեն, պրիմատներն են, ինչպես նաև` որոշ խոշոր եղջերավորներ:

Տենդի ինկուբացիոն շրջանը 2-21 օր է: Հիվանդությունն ընթանում է ուժեղ գլխացավով, ընդհանուր հոգնածությամբ, լուծով, երիկամների ու լյարդի գործառույթների խախտմամբ, մկաններում և որովայնի հատվածում, ինչպես նաև թոքերի ցավերով և ուժեղ հազով: Սովորաբար մահը վրա է հասնում երկրորդ շաբաթում արյունահոսությունից և շոկից:

Էբոլայի վիրուսը փոխանցվում է վարակակիր մարդու արյան, արտաթորանքի, այլ հեղուկների ու օրգանների հետ անմիջական շփման արդյունքում:

Առաջին անգամ հիվանդությունն ախտորոշվել է 1976-ին՝ Աֆրիկայում՝ Սուդանում և Զաիրի (այժմ Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետություն) հարակից շրջաններում: Սուդանում հիվանդացել էր 284 մարդ, որոնցից 151-ըմահացել էին: Զաիրում հիվանդացել էր 318 մարդ, մահացել՝ 280-ը: Վիրուսն ախտորոշվել էր Զաիրի Էբոլա գետի շրջակայքում, որն էլ անուն տվեց վիրուսին:

Մի քանի անգամ բռնկումներ եղան Կոնգոյում և Ուգանդայում: Օրինակ, 2012-ի հուլիսին Ուգանդայում 14 մարդ էր մահացել:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, Աֆրիկայի ամենաաղքատ երկրներից երեքում՝ Գվինեայում, Սիերա Լեոնեում և Լիբերիայում առավել լայն տարածում գտած հեմոռագիկ տենդը, ընդհանուր առմամբ, հասցրել է ավելի քան 600 մարդու կյանք խլել: Եզակի դեպքեր են գրանցվել նաև այլ երկրներում, Արևմտյան Աֆրիկայից ժամանած ուղևորների շրջանում՝ Նիգերիայում, ԱՄՆ-ում, Անգլիայում, Գերմանիայում, Կանադայում: Օգոստոսի 8-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն Էբոլայի տենդը համաշխարհային մակարդակի սպառնալիք է համարել:

Օգոստոսի 12-ին հիվանդության ու մահվան առաջին դեպքը գրանցվել էր Եվրոպայում՝ մահացել էր 75-ամյա քահանա Միգել Պախարեսը, որն աշխատել էր Լիբերիայում և օգոստոսի 7-ից վարակի ակնհայտ ախտանիշներով հատուկ չվերթով տեղափոխվել Մադրիդ: Նրան բուժում էին ամերիկյան փորձարարական շիճուկով, սակայն հիվանդությունը տեղի չտվեց: Բուժում կամ պատվաստանյութ տենդի դեմ դեռ գոյություն չունի:

Դեղագործական խոշոր ընկերություններից ոչ մեկը միջոցներ չի ներդրել Էբոլայի վիրուսի դեմ պատվաստանյութ գտնելու համար, քանի որ նման պատվաստանյութն իրացման շատ սահմանափակ շուկա ունի և մեծ շահույթ չի խոստանում: Հետազոտությունները հիմնականում ֆինանսավորել է ԱՄՆ ՊՆ-ն ու Առողջապահության ազգային ինստիտուտը, որոնք մտավախություն ունեին, որ վիրուսը կարող է օգտագործվել կենսաբանական զենքի ստեղծման համար: Այդ ֆինանսավորման շնորհիվ մի քանի փոքր ընկերություն մշակել են պատվաստանյութեր, որոնք հաջողությամբ փորձարկվել են կենդանիների վրա: Երկու ընկերություն՝ Sarepta և Tekmira-ն արդեն փորձարկումներ են անցկացրել մարդկանց վրա։

Էբոլայի տենդն ու մյուս սարսափելի հիվանդություններն ու համաճարակները պատմության մեջ

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---