«Նախագծեր և իրականացումներ». Երևանում բացվել է Գուրգեն Մուշեղյանի ծննդյան 80-ամյակին նվիրված ցուցահանդեսը

«Նախագծեր և իրականացումներ». Երևանում բացվել է Գուրգեն Մուշեղյանի ծննդյան 80-ամյակին նվիրված ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Երևանի պատմության թանգարանի նախասրահում օգոստոսի 14-ին բացվել է Գուրգեն Մուշեղյանի ծննդյան 80-ամյակին նվիրված «Նախագծեր և իրականացումներ» խորագրով ցուցահանդեսը, որում ներկայացվել են ՀՀ վաստակավոր ճարտարապետի կյանքն ու գործունեությունն արտացոլող փաստավավերագրական նյութեր, լուսանկարներ:

Կազմակերպված ցուցադրությանը տեղում ծանոթացել են նաև ճարտարապետի գործընկերներն ու մտերիմները: Բացմանը ներկա էին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, էներգետիկայի և բնական պաշարների ու քաղաքաշինության նախարարներ Երվանդ Զախարյանն և Նարեկ Սարգսյանը, Երևանի նախկին քաղաքապետ Մուրադ Մուրադյանը, Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը, Մուշեղյանի համակուրսեցի, ճարտարապետ Սաշուր Քալաշյանը և այլք։

«Ճարտարապետությունը միայն մի հոգու գործ չէ, մանավանդ, երբ աշխատում ես մեծ կոլեկտիվում: Մտահաղացումը կարող է վայրկայնների ընթացքում ծնվել, բայց մշակումը տարիներ է տևում: Շատ է պատասխանատվությունը, որովհետև դու հաշվետու ես ոչ միայն անցյալ ու ներկա, այլև եկող սերունդներին. չէ՞ որ քաղաքներն ապրում են հազարամյակներ, և պետք է ուշադիր լինես, որ չփչացնես ներկադ ու անցյալդ՝ բարդություններ ստեղծելով ապագա սերունդների համար, որոնք պիտի ստեղծագործեն, ուղղեն քո սխալները: Նման է սպորտի էստաֆետային, ընտանիքում էլ է այդպես. երբ մեկը փչացնում է ընտանիքի անունը, մյուսների համար վերականգնելը շատ դժվար է»,- նշեց ճարտարապետը:

Գուրգեն Մուշեղյանը Երևանի պատմության թանգարանին նվիրեց Կարեն Դեմիճյանի անվան մարզահամերգային համալիրի, «Հրազդան» մարզադաշտի և մի քանի այլ աշխատանքների նախագծային 3 ալբոմները:

Ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառում ունեցած նշանակալի ավանդի, հասարակական ակտիվ գործունեության, ինչպես նաև ծննդյան 80-ամյակի առթիվ Գուրգեն Մուշեղյանը Հայաստանի ճարտարապետների միության կողմից պարգևատրվեց պատվո դիպլոմով և ոսկե հուշամեդալով:

«Նախագծեր և իրականացումներ» ցուցահանդեսի մուտքն ազատ է, այն այցելության համար բաց կլինի մոտ մեկ ամիս:

Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Գուրգեն Ներսեսի Մուշեղյանը ծնվել է 1934-ի օգոստոսի 14-ին Լենինականում(այժմ` Գյումրի): Համահեղինակել է մի շարք հայտնի շինություններ, որոնց շարքում են Գյումրու օդանավակայանը, Երևանի «Հրազդան» մարզադաշտը, Մարզահամերգային համալիրը, սեյսմիկ կայանը և այլն:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---