Պաշտպանության նախարարը` սահմանում իրավիճակի և Բաքվում սպանված հայ գերու դին վերադարձնելու մասին

Պաշտպանության նախարարը` սահմանում իրավիճակի և Բաքվում սպանված հայ գերու դին վերադարձնելու մասին

PanARMENIAN.Net - Հասել ենք նրան, որ սահմանային իրավիճակը հանգիստ է: Այս մասին օգոստոսի 15-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Այդ լարվածությունն իջել է, կրակոցները հասել է մինիմումի: ՀՀ սահմաններում կարելի է ասել, որ ընդհանրապես կրակոցներ չկան, և մենք կանենք ամեն ինչ, որ մեր բնակչությունը, և ինչու չէ, նաև Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները, հանգիստ լինեն»,-ասել է նախարարը:

Անդրադառնալով ԼՂՀ-ին` նախարարն ասել է. «Պաշտպանության բանակի ստորաբաժանումները երբևիցե անկանոն կրակոցների չեն պատասխանում,այլ պատասխանում են դիպուկահարների կրակոցներին, կամ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացնում՝ դիվերսիաներից զերծ մնալու համար: Այս օրերին հանգիստ է»:

Հուլիսի վերջից օգոստոսի 10-ը հակառակորդի բոլոր գործողություններն աննախադեպ էին 90-ականներից այս կողմ։ Կառավարության օգոստոսի 7-ի նիստին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զեկուցել է, որ հայկական ստորաբաժանումները կանխել են 20-ից ավելի դիվերսիա։ Նրա խոսքով` նպատակն էր ազդել բանակցային գործընթացի վրա, ինչպես նաև` ներքին լսարանի մոտ վերացնել պարտվածի հոգեբանությունը։ 2014-ի ընթացքում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է մոտ 18 000 անգամ, այնինչ 2013-ի ընթացքում այդ թիվը կազմել է 13 000:

Այս տարվա ընթացքում հակառակորդը 26 դիվերսիոն հետախուզական գործողության փորձ է ձեռնարկել, որից միայն 15-ը՝ հուլիսի 25-ից՝ օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում: Հակառակորդը ռազմական բնույթի աննախադեպ գործողությունների էր դիմում, այդ թվում՝ հրադադարի ինտենսիվ խախտումների և խաղաղ բնակավայրերի ռմբակոծությունների, դիվերսիոն հետախուզական ակտիվ գործողությունների, ինչպես նաև ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ու թիկունքում զորքերի տեղաշարժերի, տեղեկատվական և քարոզչական ակտիվ աշխատանքներ տանում։

Նախարարն անդրադարձել է նաև Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռանախագահների հանդիպմանը և նշել. «Եռակողմ հանդիպմանը՝ ՀՀ-ի տեսակետը ավելի տեսանելի և հիմնովին դարձնելու համար մեր Զինված ուժերը ստեղծեցին պայմաններ, և այդ հանդիպումից հետո այսօր իրավիճակն ավելի հանգիստ է»:

Օգոստոսի 10-ին Սոչիում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը։ Նախագահները հաստատել են ղարաբաղյան հիմնախնդիրը խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու պատրաստակամությունը: Իր խոսքում նախագահ Սարգսյանը նշել է, որ հիմնախնդիրը պետք է լուծել փոխզիջման և այն սկզբունքների հիման վրա, որոնք առաջարկել են Մինսկի խմբի համանախագահները:

Հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը կարծիք հայտնեց, որ միջադեպերը չեն շարունակվի նույն ինտենսիվությամբ, քանի որ իրադարձությունների զարգացումը ցույց տվեց, որ հայկական զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը, և ադրբեջանցիների բոլոր փորձերը ձախողվեցին:

Ինչ վերաբերում է սպանված գերի Կարեն Պետրոսյանի դին վերադարձնելուն, Սեյրանն Օհանյանը նշել է, որ միջազգային «Կարմիր խաչի» կազմակերպությունը աշխատում է այդ ուղղությամբ և կլինի կամ փոխանակում, կամ վերադարձ, գրում է Tert.am-ը:

Օգոստոսի 7-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած Կարեն Պետրոսյանը, ով Թովուզի շրջանում ձերբակալվել էր, այսօր՝ օգոստոսի 8-ի առավոտյան, «հանկարծամահ է եղել»։ Որպես մահվան պատճառ նշվում է «սիրտ-անոթային անբավարարությունը»։ Պետրոսյանի դին բժշկական փորձաքննություն է անցնում Գանձակի դատաբժշկական կենտրոնում։ Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունն արդեն տեղեկացված է դեպքի վերաբերյալ։

Երեկոյան Ադրբեջանի ՊՆ պաշտոնական կայքը լուսանկարներ ու տեսագրություն էր տարածել, որտեղ Կարեն Պետրոսյանին, ռազմական համազգեստ հագցրած, բռնի ուժով բերում էին Ադրբեջանի ԶՈւ Շամխորի 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռովշան Աքփերովի մոտ՝ փորձելով Չինարիի բնակչին որպես «դիվերսանտ» ներկայացնել։ Մինչդեռ Չինարիի գյուղապետը երեկ հայկական լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել էր, որ գերին իրենց համագյուղացին է, քաղաքացիական անձ է։Ադրբեջանական կողմը, չբավարարվելով գերեվարված ՀՀ քաղաքացու նկատմամբ կիրառված ակնհայտ անմարդկային վերաբերմունքով, Կարեն Պետրոսյանին նվաստացրել է, տանջանքների և կտտանքների ենթարկել` հասցնելով նրան մահվան. այս ամենի ապացույցն ադրբեջանական լրատվամիջոցներով շրջանառվող տեսանյութերն ու լուսանկարներն են:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---