Capital Cities ինդի փոփ խումբը Երևանում է. Սեպուհ Սիմոնյանը հանդես կգա համերգներով

Capital Cities ինդի փոփ խումբը Երևանում է. Սեպուհ Սիմոնյանը հանդես կգա համերգներով

PanARMENIAN.Net - Capital Cities ինդի փոփ խմբի մենակատար Սեպուհ Սիմոնյանն առաջին անգամ հանդես կգա երեք համերգային ծրագրով, ասել է նա լրագրողներին, հայտնում է «Նովոստի-Արմենիան»:

«Շատ ուրախ եմ, որ հաջողվեց Հայաստան այցելել, իմ հայրենիքը, ուրախ եմ, որ կկարողանամ ներկայացնել ինչպես Capital Cities-ի կոմպոզիցիաները, այնպես էլ իմ առանձին աշխատանքները»,-ասել է երգիչը:

Սեպուհ Սիմոնյանը 3 համերգ կտա Երևանում՝ օգոստոսի 15-ին, 17-ին և 20-ին Dj set ոճով ու կենդանի ակուստիկ համերգով:

Համերգներին կմասնակցեն նաև հայտնի դուդուկահար Ջիվան Գասպարյան-կրտսերը, Bambir-ի մենակատարներից և երգերի հեղինակներից մեկը՝ Նարեկ Բարսը (Բարսեղյան) և ԱՄՆ-ում հանդես եկող երգչուհի Սոսե Քեշիշյանը:

«Մինչ Հայաստան այցելելս Քեթի Փերիի հետ համերգաշարով եղել եմ Ճապոնիայում, Հարավային Կորեայում, Մեքսիկայում: Մինչ տարեվերջ մենք մտադիր ենք համերգներով հանդես գալ նաև Հարավային Ամերիկայի երկրներում, Ռուսաստանում և համերգային շրջագայություն կունենանք ԱՄՆ-ում»,-ասել է երգիչը:

Անդրադառնալով նոր ծրագրերին՝ երգիչն ասաց, որ խումբը նոր երգ է ձայնագրել Սերժ Թանկյանի հետ: Ըստ նրա, նոր երգը շուտով լույս կտեսնի, իսկ ընդհանուր առմամբ Capital Cities խումբը մտադիր է շրջագայել տարբեր երկրներում՝ ներկայացնելով «In A Tidal Wave Of Mystery» ալբոմը, իսկ կարճատև հանգստից հետո նոր նախագծերի վրա կաշխատի: Երգիչը նշեց նաև, որ վերջին անգամ Հայաստան էր այցելել 2008-ին և հասցրել է լինել Լոռւ մարզում, Սյունիքում ու Արցախում, բայց ոչ որպես երգիչ:

Սեպուհ Սիմոնյանը իր ստեղծագործական ուղին սկսել է «Այո» խմբում, որից հետո մասնակցել է Unknown Project և AVR նախագծին:

Capital Cities-ը հայտնի ամերիկյան խումբ է Լոս Անջելեսից, որի երաժշտությունը դասվում է ինդի փոփ ոճին: Դուետը ձևավորվել է 2008 թվականին, և կազմված է ամերիկացի երգիչ Ռայան Մերչանտից (վոկալ, ստեղնաշարային գործիքներ) և հայազգի երգիչ Սեպուհ Սիմոնյանից (վոկալ, ստեղնաշարային գործիքներ)։ Դուետը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել իր 2011 թվականին թողարկված «Safe and Sound» երգի շնորհիվ, որը միջազգային մի շարք հիթ շքերթներում զբաղեցրել է առաջին հորիզոնականներ և ստացել է մի քանի սերտիֆիկատ։ 2013 թվականի հունիսի 4-ին դուետը թողարկել է իր դեբյուտային՝ «In a Tidal Wave of Mystery» ստուդիական ալբոմը։

Հայաստանում համերգների կազմակերպիչն է Deem Communications ընկերությունը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---