Բիթլիսի փողոցներից մեկը կվերանվանվի Վիլյամ Սարոյանի պատվին

Բիթլիսի փողոցներից մեկը կվերանվանվի Վիլյամ Սարոյանի պատվին

PanARMENIAN.Net - Բիթլիսի քաղաքային խորհուրդը հաստատել է հինգ փողոցներ վերանվանելու մասին որոշումը: Դրանցից մեկը կանվանակոչվի ծագումով Բիթլիսից, հանրահայտ ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի պատվին: Վերջինս թեև ծնվել է Ֆրեզնոյում, ամուր կապ է պահպանել իր նախնիների հայրենիքի հետ և 1964-ին այցելել Արմտյան Հայաստան: 2014-ին նշվում է այցի 50-ամյակը:

Վիլյամ Սարոյանի պատվին փողոց անվանակոչելու նախաձեռնության կողմնակիցներից մեկը Բարզան Սերեֆանօղլուն է, որի պապը Սարոյանի այցիտարիներին եղել է Բիթլիսի քաղաքապետ, գրում է Nouvelles d'Arménie-ն:

Սարոյանի անունով կանվանակոչվի քաղաքի Սափգոր թաղամասի գլխավոր փողոցը, որտեղ ապրել է գրողի ընտանիքը: Այս թաղամասի շատ տներ դեռ պահպանում են իրենց կառուցման ամսաթիվը հայկական, օսմանյան և արևմտյան համարներով:

Վիլյամ Սարոյանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Բիթլիս (Բաղեշ) քաղաքից Ֆրեզնո գաղթած հայի ընտանիքում: 4 տարեկանում զրկվել է հորից, որոշ ժամանակ ապրել է որբանոցում: Այնուհետև մայրը որդուն հանել է որբանոցից, կրթության տվել: Ընտանիքի հոգսն ստիպել է պատանուն թողնել դպրոցը և փողոցներում լրագիր վաճառել, ապա դարձել է հեռագրատան ցրիչ: Աշխատանքը, սակայն, նրան չի խանգարել զբաղվելու ընթերցանությամբ, նաև ստեղծագործել է, գրել պատմվածքներ:

Իր գրական կյանքի առաջին տասնամյակում Սարոյանը գրել է հարյուրավոր պատմվածքներ, որոնց մի մասը զետեղվել է ավելի քան 10 ժողովածուում («Փոքրիկ երեխաներ», 1937 թ., «Ողջույն քեզ, սեր», 1938 թ., «Անունս Արամ է», 1940 թ., «Սիրելիս», 1944 թ., և այլն): Դրանք բնական և ճշմարիտ պատկերների ու կերպարների մի ամբողջ շարք են. Սարոյանն ընթերցողի հետ խոսում է պարզ ու մատչելի լեզվով, իր իսկ բնորոշմամբ՝ «մարդկային սրտի համընդհանուր լեզվով, որը հավերժական է և նույնն է բոլորի համար աբմողջ աշխարհում»:

Սարոյանի հերոսներից շատերը հայեր են, որոնք ներկայացնում են հայկական միջավայրը՝ ազգային սովորույթներով ու բարքերով, հայրենիքի պատմական հիշողությամբ: Հայրենիքի թեման, նրա դարավոր ավանդույթները պահպանող մարդկանց ինքնատիպ կերպարները հակադրվում են ամերիկյան ապրելակերպի համահարթեցնող չափանիշներին: Սարոյանի հերոսները, հատկապես մանուկների ու պատանիների տպավորիչ կերպարները, համաշխարհային գրականություն են մտել որպես հոգու մաքրության և անկեղծության խորհրդանիշներ:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---