Չեխական ընկերությունն Արցախում անասնապահական խոշոր համալիր կկառուցի

Չեխական ընկերությունն Արցախում անասնապահական խոշոր համալիր կկառուցի

PanARMENIAN.Net - Չեխական Genoservice ընկերությունը նախատեսում է ԼՂՀ Թալիշ գյուղում մեծ անասնապահական կենտրոն հիմնել: Ընկերության ներկայացուցիչները հանդիպել են Արցախի գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Բախշիյանի հետ և քննարկել նախագիծը, գրում է Asbarez-ը:

Հիմնադրամից հայտնում են, որ խոսքը արտասահմանյան կապիտալի ներդրմամբ Արցախում ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած տոհմային անասնապահական խոշոր համալիրի շինարարության մասին է: Արտասահմանցի նախագծողներն այցելության ընթացքում մեր մասնագետների հետ միասին արդեն ընտրել են տեղանքը, որը կերային բազայի ստեղծման, ջրի և մի շարք բնակլիմայական գործոնների առկայության տեսանկյունից համապատասխանում է պահանջվող չափանիշներին:

Դա հանրապետության հյուսիսային թևում գտնվող Թալիշի տարածքն է, որն այս տարի ընդգրկված է նաև ԼՂՀ գյուղի և գյուղատնտեսության տարածաշրջանային զարգացման ծրագրերի մեջ: Ծրագրի առաջին փուլի համաձայն, համալիրը կկառուցվի 400 գլուխ «Հոլշտեյն» տեսակի տոհմային անասունների ժամանակակից պահվածքի համար: Հաջորդ փուլում նախատեսված է այն ընդլայնել` միաժամանակ նաև կառուցելով կաթի մշակման արտադրամաս:

Տեղի է ունեցել նաև հանդիպում ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի հետ, որի ընթացքում վարչապետն իր գոհունակությունն է արտահայտել Արցախում նման գյուղատնտեսական ծրագրի մեկնարկման կապակցությամբ: Նա կոնկրետ ուղիներ է մատնանշել համագործակցության հետագա քայլերի համար, ինչը ողջունել են նաև արտասահմանյան գործընկերները:

Genoservice ընկերության հետ գործակցությունը սկիզբ է առել դեռևս 2012 թվականից, երբ Աշոտ Բախշիյանը (այն ժամանակ լինելով գյուղնախարարի առաջին տեղակալ) այցելել է Չեխիա: Այդ այցելության ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, պարբերաբար տեղի են ունեցել փոխայցելություններ, որոնց արդյունքում գործակցությունն իրական ու գործնական բնույթ է ստացել:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---