Փաշինյանը շրջանառության մեջ է դրել «Սահմանապահ համայքների մասին» օրինագիծը. 6 խմբակցություն կդիմի Կառավարություն

Փաշինյանը շրջանառության մեջ է դրել «Սահմանապահ համայքների մասին» օրինագիծը. 6 խմբակցություն կդիմի Կառավարություն

PanARMENIAN.Net - ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 19-ին ԱԺ պաշտոնական շրջանառության մեջ է դրել «ՀՀ սահմանապահ համայքների մասին» օրենքի նախագիծը: Այն ձևավորվել է հուլիս և օգոստոս ամիսներին մի շարք սահմանապահ համայնքներ կատարած այցերի ընթացքում տեղի բնակչության հետ ունեցած քննարկումների և պայմանավորվածության արդյունքում, գրել է պատգամավորն իր ֆեյսբուքի էջում:

Նախագծով նախատեսվում է սահմանապահ գյուղերի բնակիչներին տրամադրել հետևյալ արտոնությունները՝

ա) 50 տոկոս զեղչ՝ էլէներգիայի, բնական գազի, խմելու և ոռոգման ջրի վարձավճարների մասով

բ) սահմանապահ համայնքների բնակիչները ազատվում են հողի հարկից և անշարժ գույքի գույքահարկից

դ) ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետևանքով անօթևան մնացած բնակիչներին մեկամսյա ժամկետում տրամադրվում է համարժեք օթևան՝ նույն համայնքի տարածքում

ե) ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետևանքով վիրավորված քաղաքացիների բուժումն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով

զ) սահմանապահ համայնքներին պետական բյուջեի միջոցներից տրվում է ամենամյա օգնություն՝ համայնքի բնակիչների առողջապահական կարիքները հոգալու և երիտասարդ ընտանիքներին աջակցելու համար:

Օգոստոսի 2-ին Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ գտնվում եմ Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր գյուղում: «Պարբերաբար հնչում են կրակոցներ: Իրավիճակը իմ տպավորությամբ լիովին վերահսկվում է մեր Զինված ուժերի կողմից»:

Իսկ օգոստոսի 18-ին «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտարարել էր, որ խորհրդարանական 6 խմբակցության անունից առաջիկայում օրենսդրական փոփոխությունների համատեղ փաթեթ կներկայացվի ՀՀ կառավարությանը, որը ներառելու է առաջարկներ` ինչ քայլեր են անհրաժեշտ, որպեսզի սահմանամերձ շրջաններում գործարարներին հարկային արտոնություններ տրամադրվեն, խորհրդային բանկերում սահմանագոտու բնակիչների ունեցած ավանդներն արագ փոխհատուցվեն, բնակիչների գազի, էլեկտրաէներգիայի վարձերը զեղչվեն, գրում է «Առավոտը»:

«Կարծում եմ` կառավարությունը պարտավոր է հաշվի առնել և նկատի ունենալ խորհրդարանական խմբակցությունների առաջարկը, քանզի այս պահին գյուղի բնակիչն էլ զինվոր է, թեև անունը զինվոր չէ: Այն պայմաններում, որ այդ մարդիկ ապրում և գործում են, նրանք իսկական զինվորներ են: Մենք դա պետք է հասկանանք ու կարողանանք արտոնություններ ապահովել»,- ասել է Ռուբեն Հակոբյանը:

Ազգային ժողովի քաղաքական ուժերի՝ վերջերս հրապարակած քաղաքական հայտարարության արդյունքում խորհրդարանում ներկայացված կուսակցությունների նախաձեռնությամբ օգոստոսի 16-17-ը ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ՕԵԿ խմբակցության անդամ Իշխան Խաչատրյանը, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ԲՀԿ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանը և ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը երկօրյա այցով Տավուշի մարզում են եղել:

ՀՀ ԱԺ նախագահի և խորհրդարանականների առաջին հանդիպումը սահմանամերձ Մովսես համայնքի հենակետի դիրքապահների հետ է եղել։ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը և քաղաքական ուժերի ներկայացուցիչները նշել են, որ ՀՀ և ԼՂՀ սահմանները պաշտպանող զինվորներն ու զինվորականները հակառակորդի՝ վերջերս իրականացրած դիվերսիոն գործողություններին տվել են համարժեք պատասխան և հերթական անգամ ապացուցեցին հայ զինվորի ոգու անպարտելիությունը, Հայոց բանակի մարտունակությունն ու բարձր պատրաստվածությունը, հայրենիքի նկատմամբ ունեցած սերն ու նվիրվածությունը։

Խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները նշել են նաև, որ հայ սահմանապահները զգոն ու մշտարթուն են և լավ են գիտակցում, որ մեր հայրենիքի անվտանգության ու անձեռնմխելիության առաջին պաշտպաններն են, և մեր երկրի ու ԼՂՀ սահմանների պաշտպանությունն ամուր ձեռքերում է։

Պատվիրակության անդամների հետ ծավալված ջերմ և անկաշկանդ զրույցի ընթացքում մարտական հերթափոխ իրականացնող զինվորներն ու սպաները վստահեցրել են, որ օրվա ցանկացած պահի պատրաստ են դիմադրելու և հակառակորդին հակահարված հասցնելու։

Զինվորների հետ հանդիպումից հետո ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հանդիպել է Մովսես համայնքի բնակիչների հետ: Անդրադառնալով սահմանամերձ համայնքների խնդիրներին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում են այդ խնդիրների լուծման ուղղությամբ:

«Այսօր բոլոր քաղաքական ուժերը համախմբվել են մի գաղափարի՝ հայրենիքի պաշտպանության շուրջ: Դուք Հայոց բանակի մի մասն եք, և անհրաժեշտության դեպքում մենք միասնաբար ոտքի ենք ելնելու մեր երկրի պաշտպանության համար»,- դիմելով համայնքի բնակիչներին՝ նշել է ՀՀ ԱԺ նախագահը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---