ԼՂՀ ՊՆ. Վերջին 20 տարին ցույց տվեցին` Ադրբեջանը խուսափում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման տարբերակներից

ԼՂՀ ՊՆ. Վերջին 20 տարին ցույց տվեցին` Ադրբեջանը խուսափում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման տարբերակներից

PanARMENIAN.Net - Չնայած նրան, որ 20 տարի առաջ Ադրբեջանի խնդրանքով, որը որպես միջնորդ դիմել էր Ռուսաստանին, հրադադար էր կնքվել, շփման գծում հակառակորդի վերջին դիվերսիոն գործողությունները կրկին ցույց տվեցին, որ նրա հիմնական նպատակը ԼՂՀ-ն գրավելն ու Ղարաբաղի ամբողջ տարածքի վրա հսկողություն տարածելն է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը:

Նրա խոսքով` Ադրբեջանը չի կորցնում Ղարաբաղը գրավելու հույսը` շանտաժի ենթարկելով ԵԱՀԿ Մինսկի խումբը.

«Ադրբեջանը աբսուրդային տարածքային հավակնություններ ունի Երևանի ու Զանգեզուրի հանդեպ: Վերջին 20 տարին ցույց տվեցին, որ Ադրբեջանը միշտ խուսափում է ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից առաջարկվող ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման տարբերակներից»:

Միաժամանակ նախարարը նշել է, որ վերջին տարիներին Բաքուն նավթի հաշվին զինված ուժերում հսկայական միջոցներ է ներդրել` դրանով ապացուցելով ղարաբաղյան հարցը ռազմական ճանապարհով լուծելու սեփական մտարդությունը: Խոսելով Ադրբեջանի ու Հայաստանի ԶՈՒ սպառազինությունների մասին` Հակոբյանը նշել է, որ այս պահին հարաբերակցությունը երկուսը մեկի է` հոգուտ հակառակորդի, սակայն դա չի նշանակում, թե ինտենսիվ զինման դեպքում վերջինս հաջողության կհասնի: Մանավանդ, որ 1992-ին հայկական ու ադրբեջանական զենքերի հարաբերակցությունը եղել է մեկը քսանի:

«Ադրբեջանի կողմից մարտական գործողությունների վերսկսումը ԼՂՀ Պաշտպանության բանակի համար շարունակում է մնալ սպասելի: Ես ամեն օր սպասում եմ պատերազմին, և բանակի նպատակն է պատերազմին պատրաստ լինել»,- շեշտել է նախարարը` հավելելով, որ Արդբեջանի ԶՈՒ զինմանն ի պատասխան ԼՂՀ-ն զբաղվում է զինվորականների ուսուցմամբ, արսենալի թարմացմամբ: Նրա խոսքով, այս տարվա առաջին կիսամյակում հատուկ մարտական պարապունքներ են անցկացվել: Թիկունքի ապահովման համար զինվորական տեխնիկան լրացվել է, նաև լավացել է սնունդի որակը, հաղորդում է Armenia Today-ը:

Հուլիսի վերջից օգոստոսի 10-ը հակառակորդի բոլոր գործողություններն աննախադեպ էին 90-ականներից այս կողմ։ Կառավարության օգոստոսի 7-ի նիստին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զեկուցել է, որ հայկական ստորաբաժանումները կանխել են 20-ից ավելի դիվերսիա։ Նրա խոսքով` նպատակն էր ազդել բանակցային գործընթացի վրա, ինչպես նաև` ներքին լսարանի մոտ վերացնել պարտվածի հոգեբանությունը։ 2014-ի ընթացքում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է մոտ 18 000 անգամ, այնինչ 2013-ի ընթացքում այդ թիվը կազմել է 13 000:

Այս տարվա ընթացքում հակառակորդը 26 դիվերսիոն հետախուզական գործողության փորձ է ձեռնարկել, որից միայն 15-ը՝ հուլիսի 25-ից՝ օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում: Հակառակորդը ռազմական բնույթի աննախադեպ գործողությունների էր դիմում, այդ թվում՝ հրադադարի ինտենսիվ խախտումների և խաղաղ բնակավայրերի ռմբակոծությունների, դիվերսիոն հետախուզական ակտիվ գործողությունների, ինչպես նաև ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ու թիկունքում զորքերի տեղաշարժերի, տեղեկատվական և քարոզչական ակտիվ աշխատանքներ տանում։

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---