Խորեն Հովհաննիսյանի մասին ֆիլմ է նկարահանվում. Նրա 60-ամյակի առթիվ Մարադոնան կգա Հայաստան

Խորեն Հովհաննիսյանի մասին ֆիլմ է նկարահանվում. Նրա 60-ամյակի առթիվ Մարադոնան կգա Հայաստան

PanARMENIAN.Net - Ռուսական «Ռոսիա-2» հեռուստաալիքը 53 րոպե տևողությամբ ֆիլմ է նկարահանում լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանի մասին:

«Ցավալի է, որ Հայաստանում բարձր մակարդակով ըստ արժանվույն չգնահատվեց նրա տաղանդը: Այդ բացը լրացնելու համար Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակի առթիվ ռուսաստանցի մեր հայրենակից, գործարար Արթուր Սողոյանը ֆիլմ է պատվիրել, որը կանմահացնի Խորեն Հովհաննիսյանին: Ֆիլմը նկարահանում է «Ռոսիա-2» հեռուստաընկերության հատուկ խումբը, որը բաղկացած է 6 հոգուց»,- «Ֆուտբոլ+» շաբաթաթերթին հղումով գրում է Tert.am-ը:

Նախատեսվում է, որ ֆիլմը պատրաստ կլինի սեպտեմբերի վերջին, իսկ հաջորդ տարվա մարտին կկայանա ֆիլմի լայնամասշտաբ ցուցադրումը «Ռոսիա-2» հեռուստաալիքով և Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ: Մարտին կկազմակերպվի նաև ֆուտբոլային հանդիպում աշխարհի ֆուտբոլային աստղերի և ԽՍՀՄ հավաքականի միջև, որում խաղացել է Խորեն Հովհաննիսյանը:

Արդեն բանակցություններ են ընթացել Դիեգո Մարադոնայի հետ, և նա իր նախնական համաձայնությունն է տվել ժամանելու Հայաստան: Սպասվում է, որ 33 տարի անց խաղադաշտում նորից կհանդիպեն ֆուտբոլային 2 գերաստղերը՝ Մարադոնան և Խորեն Հովհաննիսյանը, բայց այս անգամ Երևանում:

ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի նախաձեռնությամբ նախատեսվում է հունվարի 10-ին՝ Խորեն Հովհաննիսյանի ծննդյան օրը, «Մոսկվա» կինոթատրոնում կազմակերպել մեծարման երեկո, որի ընթացքում կկայանա նաև ֆիլմի պրեմիերան»:

Հայ ֆուտբոլիստ (կիսապաշտպան), միջազգային կարգի սպորտի վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ Խորեն Հովհաննիսյանը ծնվել է 1955-ի հունվարի 10-ին: Նա բարձրակարգ տեխնիկայի տեր ֆուտբոլիտ է, խաբսի և փոխանցման վարպետ, գրոհների հմուտ կազմակերպիչ և դիպուկ հարվածող։ Լավագույներից մեկը հայկական ֆուտբոլում։

ԽՍՀՄ առաջնության բարձրագույն խմբում հանդես է եկել Երևանի «Արարատի» (1975-85) և Տաշքենդի «Պախտակորի» (1991) թիմերում։ «Արարատի» կազմում անցկացրել է 295 խաղ, խփել 93 գոլ։ Ընդհանուր առմամբ խփել է 113 գոլ։ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր (1980), Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող (1976), ԽՍՀՄ 1976թ. գարնանային առաջնության արծաթե մեդալակիր։ 1979-84-ին հանդես է եկել ԽՍՀՄ գլխավոր հավաքականում (37 խաղ, 8 գոլ)։ Հայաստանի ֆուտբոլիստներից առաջինն է մասնակցել աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի (1982) և խփել 1 գոլ։ Հանդես է եկել նաև ԽՍՀՄ պատանեկան հավաքականում։

Ավարտելով մրցելույթները՝ մարզչական աշխատանքի է անցել Հայաստանում, ղեկավարել Երևանի ՀՄԸՄ և «Փյունիկ» թիմերը, մարզել է Բեյրութի ՀՄԸՄ-ն, 1996-97-ին գլխավորել է Հայաստանի ազգային հավաքականը։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---