Ղարաբաղում բախումները թույլ տվեցին Պուտինին նորովի ներկայանալ. Ի՞նչ է ակնարկում Սաբինա Ֆրեյզերը

Ղարաբաղում բախումները թույլ տվեցին Պուտինին նորովի ներկայանալ. Ի՞նչ է ակնարկում  Սաբինա Ֆրեյզերը

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի Ատլանտյան խորհուրդի անդրատլանտյան կապերի գծով ավագ գիտաշխատող, քաղաքական վերլուծաբան Սաբինա Ֆրեյզերի գնահատականով՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը 1994-ի հրադադարից հետո իր ամենավատթար դրսևորումն ունեցավ այս ամառ:

«Հաճախ մոռացվող» Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խլեց նվազագույնը 18 զինվորի կյանք: Մի քանի շաբաթվա կտրվածքով սա ահռելի թիվ է, եթե հաշվի ենք առնում, որ միջինը տարեկան երեսուն մարդ է սպանվում նույն հակամարտության բովում: Սակայն կոնֆլիկտի ապասառեցումը հիշեցրեց ոչ միայն դրա վտանգի մասին, այլև հնարավորություն ստեղծեց, որպեսզի Ռուսաստանը ցույց տա իրեն որպես Կովկասում անվտանգության հիմնական երաշխավոր: Սակայն քիչ հավանական է, որ Պուտինի իշխանություններն իսկապես ցանկանան լուծել այս հակամարտությունը, քանի որ տարածաշրջանն այդ կերպ կդառնա նավթի, գազի ապահով տարանցման, ինչպես նաև՝ Արևմուտքի այլ շահերին ծառայող ապահով գոտի»,- նշում է Ֆրեյզերը:

Ընդգծելով, որ տարածաշրջանում իրավիճակի սրումը նպաստում է Ռուսաստանի դիրքերի ամրապնդմանը, Ֆրեյզերը հավելել է, որ նախագահներին օգոսոստի 9-ին Սոչի հրավիրելով, Պուտինն ինքն իրեն ներկայացրել է որպես խաղաղարար:

«Կողմերի պաշտոնական տվյալների համաձայն, հուլիսի 30-ից օգոստոսի 4-ը շփման գծում իրավիճակի սրման հետևանքով երկու կողմից զոհվել է 18 զինծառայող: Պաշտոնական տվյալները փաստացի չեն ներկայացնում խաղաղ բնակչության շրջանակում զոհերի դեպքերը: Դիպուկահարների կրակոցներից և արկերի վրա պայթելու հետևանքով զոհերի թիվը վերջին տարում հասել է 30-ի»,- նշել է վերլուծաբանը:

Ավելի վաղ Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը տեսաուղերձ է տարածել, որտեղ կոչ է անում ղարաբաղյան հակամարտության կողմերին ձեռնպահ մնալ ուժի կիրառումից: «Կրկին հայտնում ենք մեր կարեկցանքը վերջին միջադեպերի ժամանակ զոհվածների ընտանիքներին և վիրավորներին: Ինչպես նշեց դեսպան Ուորլիքը՝ սա սառեցված հակամարտություն չէ: Թե այստեղ, թե Բաքվում մենք կոչ ենք անում ձեռնարկել անհրաժեշտ քայլերը՝ լարվածության նվազեցման և հրադադարը հարգելու համար: Սպառնալիքները և կոշտ հռետորաբանությունը գործին չեն օգնում: Այս կոնֆլիկտը ռազմական լուծում չունի: Կոչ ենք անում երկու կողմերին սկսել լուրջ բանակցություններ: Հաշվեհարդարը և հետագա բռնությունները ավելի կդժվարացնեն խաղաղ լուծում գտնելու ճանապարհը:Զոհվածների հիշատակը հարգելու լավագույն միջոցը բախումները հենց հիմա դադարեցնելն է»,-հայտարարել է դեսպանը:

Հուլիսի վերջից օգոստոսի 10-ը հակառակորդի բոլոր գործողություններն աննախադեպ էին 90-ականներից այս կողմ։ Կառավարության օգոստոսի 7-ի նիստին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զեկուցել է, որ հայկական ստորաբաժանումները կանխել են 20-ից ավելի դիվերսիա։ Նրա խոսքով` նպատակն էր ազդել բանակցային գործընթացի վրա, ինչպես նաև` ներքին լսարանի մոտ վերացնել պարտվածի հոգեբանությունը։ 2014-ի ընթացքում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է մոտ 18 000 անգամ, այնինչ 2013-ի ընթացքում այդ թիվը կազմել է 13 000:

Այս տարվա ընթացքում հակառակորդը 26 դիվերսիոն հետախուզական գործողության փորձ է ձեռնարկել, որից միայն 15-ը՝ հուլիսի 25-ից՝ օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում: Հակառակորդը ռազմական բնույթի աննախադեպ գործողությունների էր դիմում, այդ թվում՝ հրադադարի ինտենսիվ խախտումների և խաղաղ բնակավայրերի ռմբակոծությունների, դիվերսիոն հետախուզական ակտիվ գործողությունների, ինչպես նաև ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ու թիկունքում զորքերի տեղաշարժերի, տեղեկատվական և քարոզչական ակտիվ աշխատանքներ տանում։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---