Կարեն Պետրոսյանի դին Հայաստան վերադարձնելու պահանջով միջազգային կառույցներին ուղղված նամակների արշավ է սկսվել

Կարեն Պետրոսյանի դին Հայաստան վերադարձնելու պահանջով միջազգային կառույցներին ուղղված նամակների արշավ է սկսվել

PanARMENIAN.Net - Ադրբեջանում գերության մեջ մահացած Տավուշի մարզի բնակիչ 31-ամյաԿարեն Պետրոսյանի դին միջազգային փորձագետների մասնակցությամբ հետազոտելու և աճյունը Հայաստան վերադարձնելու պահանջով միջազգային կառույցներին ուղղված նամակ են պատրաստել «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանը և «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարին, Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատարին, «Ամնեսթի ինթերնեյշընըլ» իրավապաշտպան կազմակերպությանը, Ադրբեջանում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանատներին ուղղված նամակում ասվում է, որ լուրջ հիքեր կան կարծելու, որ Կարեն Պետրոսյանը մահացել է ոչ թե սիրտ-թոքային խիստ անբավարարությունից, ինչպես վստահեցնում են Բաքվի իշխանությունները, այլ վատ վերաբերմունքի և տանջանքների հետևանքով: Նշվում է նաև հայ գերու նկատմամբ միջազգային նորմերի խախտումների մասին:

Նամակում ասվում է, որ սա միակ դեպքը չէ, վերջին տարիներին Ադրբեջանում գերի ընկած Հայաստանի մի քանի քաղաքցիներ հանրայնորեն նսեմացվել, բռնության են եռնթարկվելու ու անգամ մահվան դեպքեր են եղել: Նամակագիրները միջազգային կառույցներին կոչ են անում Կարեն Պետրոսյանի դիակի պատշաճ փորձաքննությունն անցկացնել միջազգային փորձագետների մասնակցությամբ և Հայաստանի իշխանություններին տեղեկացնել դրանց արդյունքների մասին: Նաև գործի դնել բոլոր լիազորությունները, որպեսզի Կարեն Պետրոսյանի դին միջազգային նորմերի համաձայն վերադարձվի Հայաստան: «Մենք կասկածում ենք, որ դիակի հանձնումը ձգձգվում է՝ թաքցնելու համար դաժան վերաբերմունքի և բռնության հետքերը»,- ասվում է նամակում, գրում է Panorama.am-ը:

Օգոստոսի 7-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած Կարեն Պետրոսյանը, ով Թովուզի շրջանում ձերբակալվել էր, օգոստոսի 8-ի առավոտյան, «հանկարծամահ է եղել»։ Որպես մահվան պատճառ նշվում է «սիրտ-անոթային անբավարարությունը»։ Պետրոսյանի դին բժշկական փորձաքննություն է անցնում Գանձակի դատաբժշկական կենտրոնում։ Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունն արդեն տեղեկացված է դեպքի վերաբերյալ։

Ադրբեջանի ՊՆ պաշտոնական կայքը լուսանկարներ ու տեսագրություն էր տարածել, որտեղ Կարեն Պետրոսյանին, ռազմական համազգեստ հագցրած, բռնի ուժով բերում էին Ադրբեջանի ԶՈւ Շամխորի 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռովշան Աքփերովի մոտ՝ փորձելով Չինարիի բնակչին որպես «դիվերսանտ» ներկայացնել։ Մինչդեռ Չինարիի գյուղապետը հայկական լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել էր, որ գերին իրենց համագյուղացին է, քաղաքացիական անձ է։Ադրբեջանական կողմը, չբավարարվելով գերեվարված ՀՀ քաղաքացու նկատմամբ կիրառված ակնհայտ անմարդկային վերաբերմունքով, Կարեն Պետրոսյանին նվաստացրել է, տանջանքների և կտտանքների ենթարկել` հասցնելով նրան մահվան. այս ամենի ապացույցն ադրբեջանական լրատվամիջոցներով շրջանառվող տեսանյութերն ու լուսանկարներն են:

Օգոստոսի 14-ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել` նշելով, որ Ադրբեջանում գերության մեջ գտնվելու ընթացքում Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրգործ: Քննություն է կատարվում՝ պարզելու ՀՀ խաղաղ բնակչի գերեվարվելու հանգամանքները, ինչպես նաև Ադրբեջանի տարածքում՝ նրա՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Կոնվենցիայով երաշխավորված կյանքի և խոշտանգումների չենթարկվելու իրավունքների խախտումների վերաբերյալ փաստերը։ Միջոցներ են ձեռնարկվում բռնարարքի հեղինակների ինքնությունը պարզելու և նրանց գործողություններին քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։ Քրեական գործով նախաքննությունն իրականացնում է հատկապես կարևոր գործերի քննության վարչությունը:

Ավելի ուշ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը հայտարարել է, որհարուցված քրգործի շրջանակներում ձեռք բերված տվյալները հիմք են տալիս առաջ քաշել Ադրբեջանում գերության մեջ մահացած Չինարի գյուղի բնակիչԿարեն Պետրոսյանին հայկական տարածքից առևանգելու վարկածը:

«Կարենն այդ օրն ավանակով գնացել էր հանդամաս` վառելափայտի: Հանդամասը սահմանակից է Ադրբեջանին: Չինարիից դեպի ադրբեջանական գյուղ տանող ճանապարհն ականապատված է, և այն անվտանգ շրջանցելու ուղղին հայտնի է միայն ադրբեջանցի դիվերսանտներին: Ավանակը հայտնաբերվել է հայկական կողմում: Դրանից հետո Կարեն Պետրոսյանի հետքերը կորել են: Աշխատանքային վարկածի համաձայն, երիտասարդին նկատել են միայնակ, առևանգել ու տարել են ադրբեջանական տարածք: Քննության ընթացքում ձեռք բերած տվյալները խոսում են հենց այս վարկածի օգտին»,- ասել է Տռուզյանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---