Երևանի կառուցապատումը, Հյուսիսային պողոտան, Հին Երևանն ու Աղետի գոտու անօթևանները. Նախարարն ամփոփել է 100 օրը

Երևանի կառուցապատումը, Հյուսիսային պողոտան, Հին Երևանն ու Աղետի գոտու անօթևանները. Նախարարն ամփոփել է 100 օրը

PanARMENIAN.Net - Քաղաքաշինության նախարարությունը որոշել է ոչ միայն խստացնել Երևանի կենտրոնում թույլատրվող կառուցապատման չափորոշիչները, այլև` մաքրել Երևանը կառուցապատված «մոլախոտերից»: Օգոստոսի 22-ին 100-օրյա աշխատանքն ամփոփող ասուլիս է տվել քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը` նշելով, որ կոնկրետ մայրաքաղաքի զարգացման հարցում երկու ուղղությամբ են շարժվելու:

Առաջինը՝ տրանսպորտայի հիմնակմախքի հետագա ձևավորումն է, մասնավորապես՝ Տերյան փողոցի բացումը, և երկրորդ՝ Երևանի կենտրոնի մաքրումը, քաղաքի զուտ բարեկարգումը։ «Երևանը կարիք ունի ոչ այդքան կառուցապատումների, որքան կառուցապատումները «մոլախոտերից» մաքրելու»,- ասել է նախարարը և անդրադարձել Հին Երևանի ծրագրին։

«Երկու ճանապարհ կա, առաջինը՝ ինչպես եղել է Հյուսիսային պողոտայի դեպքում, երբ յուրաքանչյուր նախագծող համաձայնել է իրականցել իր մասով, կամ էլ մեկ ճարտարապետական նախագծով է իրականացվել։ Հիմա բանակցում ենք, կարծում եմ ոչ ուշ, քան սեպտեմբի կեսերին կորոշվի, թե որ ճանապարհով գնալ՝ 5 լոտերի բաժանմա՞ն, թե՞ միասնական նախագծի»,- ասել է նա և ընդգծել, որ Աֆրիկյանների շենքի տեղափոխումը Հին Երևանի տարածք կլինի ամենաառաջին ծրագրերից մեկը։

Թեմայի շրջանակում նախարարը նշել է, որ Հայաստանի Ազգային պատկերասրահի շենքի քանդման խնդիր չկա և չի եղել.

«Կան ճարտարապետներ, ովքեր չեն թաքցնում, որ այն պետք է քանդվի, քանի որ սխալ տեղում է կառուցվել: Բայց դա հնարավոր բան չէ: Այլ խնդիր է, որ շենքի ճարտարապետությունը կարելի է ինչ-որ ժամանակ բարելավել»:

ՀՀ քաղաքաշինության նախարարի խոսքով՝ երեք ամիսների ընթացքում մանրամասն ուսումնասիրվել են ոլորտի բոլոր խնդիրները ։ Նախաձեռնել են նաև անցկացնել Ճարտարապետների միջազգային ֆորում, կազմակերպել երիտասարդական ճարտարապետների համահայկական գիտաժողով։

«Յուրաքանչյուր երկու տարին մեկ Հայաստանը կդառնա այն հարթակը, որտեղ աշխարհի հայ ճարտարապետները իրենց աշխատանքները կներկայացնեն, կցուցադրվեն և կհասկանանք, թե ինչ ուղղությամբ ենք գնում, ինչ խնդիրներ են հուզում երիտասարդներին»,- ասել է նա։

Շինարարական ոլորտում, ըստ նախարարի, հիմնական խնդիրը շինարարության որակն է, աշխատանքների գնահատման հետ գնագոյացման հարցերը և շինարարական տենդերների խնդիրը.

«Այս ուղղությամբ ձեռնարկել ենք բոլորովին նոր կառույցի ստեղծումը, որը կոչվել է «Փորձագիտական պետական կենտրոն»։ Խնդիրն այն է, որ շուկայական գնագոյացումը և այն նորմերը, որ կան, իրար չեն համապատասխանում, և դա պետք է կարգավորել»։

Անդրադառնալով Հյուսիսային պողոտային` նախարարը նշեց, որ բարեկարգման հիմնական աշխատանքները կավարտվեն հոկտեմբերի կեսերին:

«Սալահատակների աշխատանքներն ավատված կլինեն, օգտագործվում են կոշտ նյութեր նախկին սվաղի փոխարեն, բնական քարեր են օգտագործում, մակերեսը մեծացված է և թփերի փոխարեն ծառեր են նախատեսվում, լուսավորությունն էլ է փոխվելու և նոր լուսավորություն է լինելու, նաև թարմ և ժամանակակից քանդակներ են տեղադրվելու»,- ասաց Նարեկ Սարգսյանը` հավելելով, որ հույս ունեն Հյուսիսային պողոտա տեղափոխել Երվանդ Քոչարի «Կիբերնետիկայի մուսա» քանդակը և այլ քանդակներ։

Նախարարը նաև նշել է, որ ուղղաձիգ կանաչապատում կիրականացնեն հատկապես խուլ պատերի վրա, որի տեխնոլոգիաները Հայաստանում արդեն իսկ կան։

Հարցը, թե ինչու ավելի վաղ չէր որոշվել, որ պետք է լինեն օրինակ՝ ծառեր և ոչ թե թփեր, սալահատակների համար օգտագործվեն կոշտ նյութեր, նախարարը համեմատել է բժիշկների պատմության հետ.

«Եթե մարդու կյանքը բժիշկը փրկում է, բայց մատին ինչ-որ սպի է մնում, գալիս են բժշկին մեղադրում են, թե ինչու ես սպին թողել։ Հիմա հարցի ենթատեքստը դա է, ես չեմ դադարում դրա մասին ասել, որ այդ 10 հա տարածքն արևելյան ետնախորշերով տարածք էր, որը ժամանակի իշխանությունները և մասնագետներն ունեցան այդ կամքը, մտան այդ խնդրի տակ, և ունեցանք այն, ինչ ունենք, որից 3-4 հա տրվեց հանրությանը և դարձավ ժամանակակից թաղամաս»,- ասել է նախարարը, գրում է Tert.am-ը։

Նարեկ Սարգսյանը հավատացած է, որ կանցնի ևս 10 տարի, տեխնոլոգիաները կփոխվեն և հնարավոր է` նոր լուծումներ տրվեն պողոտային։

Վերակառուցման համատեքստում Հյուսիսային պողոտայի վերգետնյա հատվածում համալիր փոփոխություններ կիրականացվեն` բետոնե ծածկը կփոխարինվի գրանիտե բազմագույն սալաքարերով: Գեղարվեստական սալիկապատման 3 տարբերակից ընտրվել է մեկը: Քաղաքապետարանում վստահեցնում են, որ նոր նյութերի և տեխնոլոգիաների շնորհիվ պողոտան հնարավոր կլինի առանց հավելյալ վերանորոգման շահագործել 40-50 տարի:

Վերակառուցման նպատակը պողոտայի արտաքին տեսքն ավարտին հասցնելն է: 2006-7 թթ., որպես ժամանակավոր լուծում, այն պատվել էր գունավոր բետոնով, իսկ սալիկապատումը հետաձգվել էր մինչև դրա ամբողջական շահագործումը: Մինչև օրս պողոտայի, շենքերի գեղարվեստական լուսավորության, կանաչապատ և ծաղկապատ հատվածների, ջրային լուծումների հարցը լուծված չէ, և դրանք նույնպես ներկա փուլում պիտի իրականացվեն: Ընդհանուր առմամբ սալիկապատման է ենթակա 10 000 քմ տարածք:

Փոփոխություններ կլինեն նաև Հյուսիսային պողոտայի ստորգետնյա մասում: Շինարարական աշխատանքների մեկնարկին զուգահեռ պողոտային կից փակցվել էր ցուցանակ, համաձայն որի ստորգետնյա հատվածում առևտրահասարակական գոտի է գործելու: Այսօր այդ ցուցանակն այլևս այնտեղ չէ, թեև Նարեկ Սարգսյանը հաստատել է, որ ստորգետնյա հարկերից մեկը ծառայելու է որպես ավտոկայանատեղի, իսկ երկրորդ հարկի մի մասում լինելու են առևտրային, սպասարկման տարածքներ:

Երևանի քաղաքապետարանի բյուջեից վերակառուցմանը ֆինանսական միջոցներ չեն ուղղվելու: Հյուսիսային պողոտայի սալահատակի վերակառուցմամբ զբաղվում է «Դալմա Շին» ՍՊ ընկերությունը, ներդնող ընկերությունն է «Տաշիր Գրուպ»-ը: Վերակառուցման աշխատանքների համար ներդրվել է 5 մլն դոլար:

Նախարարն անդրադարձել է նաև Աղետի գոտուն` նշելով, որ մասնավորապես վարչապետ Հովիկ Աբրահամյանի այցից հետո, լուրջ ուսումնասիրություններ են կատարվել, կա հստակ մոտեցում՝ Գյումրիում դեռևս անօթևան մնացած 430 ընտանիքի համար ոչ թե նոր շենք կառուցել, այլ պետությունը նրանց տա բնակարանների գնման վկայագրեր:

«Որոշեցինք, որ ճիշտ կլինի պետությունը բնակարանների գնման վկայագրերով աշխատի բնակիչների հետ, քան նորից շենքեր կառուցի: Քաղաքում կան վաճառքի ենթակա բազմաթիվ շենքեր: Ավելի ճիշտ է գնել այդ բնակարնները՝ միաժամանակ աշխուժացնելով նաև քաղաքի շուկան»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ բնակիչների աջակցության ծրագրի պարամետրերը պատրաստ են, շուտով կսկսվի այդ գործընթացը, գրում է Panorama.am-ը:

Պատասխանելով այն դիտարկմանը, թե այդ ընտանիքների շրջանում մտավախություն կա, որ բնակարանների գնման վկայագրերի արժեքը չի համապատասխանի շուկայում գործող գներին, Սարգսյանը նշել է, որ այդպիսի բան չի կարող լինել. «Կադաստրից հարցումներ ենք անելու ճիշտ շուկայական արժեքը, դրան համապատասխան տրվելու են վկայագրերը»:

Քաղաքաշինության նախարարն ընդգծել է, որ Գյումրիի խնդիրները լուծելու համար պետությունն ունի անհարժեշտ գումար:

1988-ի երկրաշարժից գրեթե 16 տարի անց Գյումրու 95 մեծ ու փոքր տնակային թաղամասերը շարունակում են գոյատևել քաղաքի տարբեր հատվածներում: Տնակները, որոնք ժամանակին տեղադրվեցին 2-3 տարվա համար, արդեն 2.5 տասնամյակ որպես կացարան են ծառայում 4000 անօթևան գյումրեցու համար:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---