ԼՂՀ ՊՆ. Արցախում պատերազմի վերսկսումը հայկական կողմին բերելու է նոր հաղթանակ

ԼՂՀ ՊՆ. Արցախում պատերազմի վերսկսումը հայկական կողմին բերելու է նոր հաղթանակ

PanARMENIAN.Net - Արցախում պատերազմի վերսկսումը հայկական կողմին բերելու է նոր հաղթանակ, վստահեցնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը: Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպմանը պատասխանելով հարցին՝ ինչպիսին է լինելու հայ զինվորի պատասխանը հակառակորդին հավանական պատերազմի ժամանակ, նա հայտարարել է, որ ուրիշ բան չի ակնկալում և իր զինվորն այսօր հաղթանակին է պատրաստ:

«Ես, որպես պաշտպանության նախարար, ամեն օր պատրաստվում եմ պատերազմի և ինձ համար, օրը բացվում կամ ավարտվում է պատերազմին պատրաստ լինելով: Իմ և իմ ենթակաների գործունեությունը ամեն օր ուղղված է դրան», -ասել է նա:

Հուլիսի վերջից օգոստոսի 10-ը հակառակորդի բոլոր գործողություններն աննախադեպ էին 90-ականներից այս կողմ։ Կառավարության օգոստոսի 7-ի նիստին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զեկուցել է, որ հայկական ստորաբաժանումները կանխել են 20-ից ավելի դիվերսիա։ Նրա խոսքով` նպատակն էր ազդել բանակցային գործընթացի վրա, ինչպես նաև` ներքին լսարանի մոտ վերացնել պարտվածի հոգեբանությունը։ 2014-ի ընթացքում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է մոտ 18 000 անգամ, այնինչ 2013-ի ընթացքում այդ թիվը կազմել է 13 000:

Այս տարվա ընթացքում հակառակորդը 26 դիվերսիոն հետախուզական գործողության փորձ է ձեռնարկել, որից միայն 15-ը՝ հուլիսի 25-ից՝ օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում: Հակառակորդը ռազմական բնույթի աննախադեպ գործողությունների էր դիմում, այդ թվում՝ հրադադարի ինտենսիվ խախտումների և խաղաղ բնակավայրերի ռմբակոծությունների, դիվերսիոն հետախուզական ակտիվ գործողությունների, ինչպես նաև ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ու թիկունքում զորքերի տեղաշարժերի, տեղեկատվական և քարոզչական ակտիվ աշխատանքներ տանում:

ՊԲ ղեկավարը նաև հավելել է. «Ամեն օր երեկոյան անվանականչի ժամանակ ամեն մարդ պետք է ճշտի՝ ով ինչ է անելու պատերազմի սկսելու ժամանակ»:

Մովսես Հակոբյանը նշել է, որ առանց Արցախի մասնակցության հիմնախնդիրը լուծել անհնար է. «Ովքեր ուզում են բանակցեն, ինչ առաջարկություններ ուզում են ներկայացնեն, Արցախի հարցը լուծելու է Արցախի ժողովուրդը: Առանց նրա մասնակցության անհնար է այս խնդրի լուծումը: Երբ Ղարաբաղը մասնակցի բանակցությանը, կարող եք ակնկալել, որ մի քանի տարի հետո խնդիրը կլուծվի»,- գրում է Panorama.am-ը:

Օգոստոսի 10-ին Սոչիում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը։ Նախագահները հաստատել են ղարաբաղյան հիմնախնդիրը խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու պատրաստակամությունը: Իր խոսքում նախագահ Սարգսյանը նշել է, որ հիմնախնդիրը պետք է լուծել փոխզիջման և այն սկզբունքների հիման վրա, որոնք առաջարկել են Մինսկի խմբի համանախագահները:

Հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը կարծիք հայտնեց, որ միջադեպերը չեն շարունակվի նույն ինտենսիվությամբ, քանի որ իրադարձությունների զարգացումը ցույց տվեց, որ հայկական զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը, և ադրբեջանցիների բոլոր փորձերը ձախողվեցին:

Արդրադառնալով ձերբակալված դիվերսանտներին, Հակոբյանը նշել է, որ Քարվաճառում ներթափանցած դիվերսիոն խմբի վնասազերծված ու ձրբակալված անդամները դատվելու ենք Արցախի Հանրապետության օրենքներով:

Խոսելով Ադրբեջանում օգոստոսի 8-ին 31-ամյա գյուղացի Կարեն Պետրոսյանի սպանության մասին` Արցախի պաշտպանական գերատեսչության ղեկավարը նկատել է, որ հայկական բանակում ոչ մի սպա երբեք նման կերպ չէր վարվի գերու հետ. «Ես ամաչում եմ, որ հակառակորդի բանակում ղեկավար կազմը, մարդիկ, ովքեր այդ կերպ են վարվել Կարեն Պետրոսյանի հետ, կրում են զինվորական համազգեստ: Դա վայել պահվածք չէ զինվորականի համար, անգամ` հակառակորդ բանակի զինվորականի»: Նա շեշետել է, որ հայկական բանակի անգամ ամենից անկարգապահ դասակի հրամանատարը երբեք նման վարք չէր դրսևորի. «Մենք մարդ հոշոտող չենք դաստիարակում, այլ հայրենիքի պաշտպան»:

Օգոստոսի 7-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած Կարեն Պետրոսյանը, ով Թովուզի շրջանում ձերբակալվել էր, օգոստոսի 8-ի առավոտյան, «հանկարծամահ է եղել»։ Որպես մահվան պատճառ նշվում է «սիրտ-անոթային անբավարարությունը»։ Պետրոսյանի դին բժշկական փորձաքննություն է անցնում Գանձակի դատաբժշկական կենտրոնում։ Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունն արդեն տեղեկացված է դեպքի վերաբերյալ։

Ադրբեջանի ՊՆ պաշտոնական կայքը լուսանկարներ ու տեսագրություն էր տարածել, որտեղ Կարեն Պետրոսյանին, ռազմական համազգեստ հագցրած, բռնի ուժով բերում էին Ադրբեջանի ԶՈւ Շամխորի 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռովշան Աքփերովի մոտ՝ փորձելով Չինարիի բնակչին որպես «դիվերսանտ» ներկայացնել։ Մինչդեռ Չինարիի գյուղապետը հայկական լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել էր, որ գերին իրենց համագյուղացին է, քաղաքացիական անձ է։Ադրբեջանական կողմը, չբավարարվելով գերեվարված ՀՀ քաղաքացու նկատմամբ կիրառված ակնհայտ անմարդկային վերաբերմունքով, Կարեն Պետրոսյանին նվաստացրել է, տանջանքների և կտտանքների ենթարկել` հասցնելով նրան մահվան. այս ամենի ապացույցն ադրբեջանական լրատվամիջոցներով շրջանառվող տեսանյութերն ու լուսանկարներն են:

Օգոստոսի 14-ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել` նշելով, որ Ադրբեջանում գերության մեջ գտնվելու ընթացքում Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրգործ:

Զինվորների դաստիարակության ու բարձր մարտական ոգու հարցում նա կարևորել է բանակում հոգևոր դասի ներկայաթյունն ու նշել, որ Արցախի թեմի հետ բազմաթիվ ծրագրեր են իրականացնում, իսկ հոգևոր սպասավորները միշտ զինվորների կողքին են:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---