ՀՀ ՊՆ. Հայ գերու մասին լուրն ապատեղեկատվություն է

ՀՀ ՊՆ. Հայ գերու մասին լուրն ապատեղեկատվություն է

PanARMENIAN.Net - ՀՀ զինված ուժերն առօրյա ծառայություն են իրականացնում, իսկ հայ գերու մասին ադրբեջանական լուրն ապատեղեկատվություն է: Այս մասին հայտարարել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, գրում է Panorama.am-ը:

Նախօրեին ադրբեջանական կայքերը տեղեկատվություն են տարածել, թե օգոստոսի 26-ին Տավուշի մարզից ադրբեջանական Ղազախի շրջանի Քեմերլի գյուղ է անցել ՀՀ քաղաքացի՝ հավելելով, որ նրա տվյալներն առայժմ ճշտել չի հաջողվել։ Նշվում էր, որ քաղաքացին 53-54 տարեկան է, նա մոտ 20 րոպե մնացել է Քեմերլիի գյուղացիներից մեկի տանը, ապա ադրբեջանցի զինվորականները եկել ու տարել են նրան։ Ադրբեջանական որոշ կայքեր շտապել են նրան դիվերսանտ որակել:

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը Հանրային հեռուստատեսության «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել է, որ տեղեկություններ կան՝ օգոստոսի 26-ին՝ օրվա երկրորդ կեսին, անծանոթ անձը մոտեցել է Նոյեմբերյանի ուղղությամբ տեղակայված հայկական հենակետերի պայմանագրային զինծառայողների ուղղությամբ, ներկայացել որպես ոսկեվանցի, խոսել աղավաղված հայերենով, սխալ շեշտադրումներով, թույլտվություն խնդրել մոտենալ մեր դիրքապահներին: «Երբ մեր դիրքապահները հարցուփորձ են արել, նա չի կարողացել պատասխանել և փախել է ադրբեջանական կողմի ուղղությամբ»,- ասել է Աբովյանը: Հատկանշական է, որ որևէ բացակայող չկա նաև Ոսկևանում, գրում է Tert.am-ը:

Ադրբեջանն արդեն որերորդ անգամ առիթը բաց չի թողնում հայ դիվերսանտների մասին հայտարարություն տարածելու համար: Օրինակ՝ օգոստոսի 7-ին Թովուզի շրջանում Կարեն Պետրոսյանը Չինարիից հատել էր հայ-ադրբեջանական սահմանն ու ձերբակալվել, այնուհետև օգոստոսի 8-ի առավոտյան «հանկարծամահ եղել»։ Որպես մահվան պատճառ նշվում էր «սիրտ-անոթային անբավարարությունը»։ Նրա դին մինչև օրս չի վերադարձվել հայկական կողմին:

Մինչև այդ Ադրբեջանի ՊՆ-ն լուսանկարներ ու տեսագրություն էր տարածել, որտեղ Կարեն Պետրոսյանին, ռազմական համազգեստ հագցրած, բռնի ուժով բերում էին Ադրբեջանի ԶՈւ Շամխորի 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռովշան Աքփերովի մոտ՝ փորձելով Չինարիի բնակչին որպես «դիվերսանտ» ներկայացնել։ Մինչդեռ Չինարիի գյուղապետը հաստատել էր, որ գերին իրենց համագյուղացին է, քաղաքացիական անձ է։

Օգոստոսի 14-ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել` նշելով, որ Ադրբեջանում գերության մեջ գտնվելու ընթացքում Կարեն Պետրոսյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրգործ:

Հունվարի 28-ին Ադրբեջանի Թովուզի շրջանում ձերբակալվել էր սահմանը հատած հոգեկան խնդիրներ ունեցող Վերին Կարմիրաղբյուրի 77-ամյա բնակիչ Մամիկոն Խոջոյանը, որին ադրբեջանական կողմը փորձում էր ներկայացնել որպես «հայկական դիվերսիոն խմբի անդամ» ։ Մեկ ամսից ավելի գտնվելով գերության մեջ, մարտի 4-ի երեկոյան ՀՀ ՊՆ-ն տեղեկացրել էր, որ հոգեկան հիվանդությամբ տառապող Խոջոյանը ՀՀ իշխանությունների խնամքին է հանձնվել առողջական լուրջ խնդիրներով:

Հայրենադարձվելուց հետո Խոջոյանը տեղափոխվել էր Իջևանի բժշկակական կենտրոն, որտեղ անցկացված հետազոտությամբ նրա մարմնին բազմաթիվ կապտուկներ, կոտրվածքներ և վնասվածքներ էին հայտնաբերվել: Մայիսի 20-ին Խոջոյանը մահացել էր:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---