Պուտին-Պորոշենկո հանդիպումը. Էներգետիկայի հարցում համաձայնության են եկել, բայց Ուկրաինայի արևելքի ճակատագիրն անհայտ է

Պուտին-Պորոշենկո հանդիպումը. Էներգետիկայի հարցում համաձայնության են եկել, բայց Ուկրաինայի արևելքի ճակատագիրն անհայտ է

PanARMENIAN.Net - Օգոստոսի 26-ին Մինսկում կայացած Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպման արդյունքներով Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ զրույցը վերաբերել է ռուս-ուկրաինական հարաբերությունների ամբողջ սպեկտրին, այդ թվում` տնտեսական գործակցությանը, հարավ-արևելքում իրավիճակին, արյունահեղության անհապաղ դադարեցման անհրաժեշտությանն ու խնդիրների ամբողջ կոմպլեքսի քաղաքական կարգավորմանը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Մասնավորապես, Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե Պյոտր Պորոշենկոյի հետ համաձայնության են եկել վերսկսել Ուկրաինայի ու Ռուսաստանի միջև էներգետիկ հաղորդակցման շուրջ երկխոսությունը` հաշվի առնելով հանգամանքը, որ նախորդ բանակցություններն այդ ուղղությամբ «շարունակում են գտնվել փակուղում»:

ՌԴ նախագահի խոսքով, հանդիպման ժամանակ չեն քննարկվել Ուկրաինայի հարավարևելյան շրջաններում կրակի դադարեցման պայմանները:

«Ռուսաստանը չի կարող խոսել որևէ պայմաններից, Կիևի, Դոնեցկի և Լուգանսկի միջև հնարավոր պայմանավորվածություններից: Մենք ընդամենը կարող ենք նպաստել կողմերի միջև վստահության մթնոլորտի ստեղծմանը չափազանց անհրաժեշտ բանակցային գործընթացում: Մենք այդ հարցն ենք քննարկել»,- ասել է Պուտինը:

ՌԴ նախագահը հայտարարել է Մինսկում ձեռք բերված այն պայմանավորվածության մասին, համաձայն որի Ուկրաինայի հարցով կոնտակտային խումբը կվերսկսի արյունահեղությունը կանխելու ուղղությամբ աշխատանքները: Առաջիկա հանդիպումը նախատեսված է անցկացնել Մինսկում արդեն այս շաբաթ: Պուտինի խոսքով, կողմերը կարևորել են նաև Լուգանսկին և Դոնեցկին հումանիտար օգնություն հատկացնելու անհրաժեշտությունը:

Օգոստոսի 26-ին Մինսկում կայացել են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ուկրաինայի ղեկավարներիբանակցությունները, որոնց մասնակցել են նաև Եվրախորհրդի ներկայացուցիչները: Դրան հաջորդած Պուտինի ու Պորոշենկոյի հանդիպումը տևել է մոտ 2 ժամ:

Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է նաև Ուկրաինայի Ազգային անվտանգության խորհրդի ձերբակալած ռուս դեսանտայինների հարցը՝ նշելով, թե այդ առնչությամբ ամփոփ տեղեկատվության չի տիրապետում, սակայն որքան տեղյակ է՝ «նրանք սահմանային պահպանության ծառայություն են իրականացրել և հնարավոր է՝ հայտնվել են ուկրաինական տարածքում: Պուտինը, հիշատակելով Ռուսաստանի տարածքում ժամանակ առ ժամանակ ուկրաինական զինվորականների հայտնվելու փաստը, հույս է հայտնել, թե խնդիրներ չեն առաջանա, գրում է Panorama.am-ը:

Հանդիպումից մի քանի ժամ առաջ Ուկրաինայի ԱԱԾ-ն հրապարակել էր երկրի տարածքում ձերբակալված ռուս դեսանտայինների հետ հարցազրույցներ, որում գերեվարված զինծառայողները հաստատում են Ուկրաինայում աշխարհազորայինների շարքերում ռազմական գործողություններին մասնակցելու փաստը:

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն լրագրողների հետ ճեպազրույցում իր հերթին ՌԴ ղեկավարի հետ բանակցությունները «բարդ ու ծանր» է որակել: Բացի այդ, նա նշել է, որ Ուկրաինայի արևելքում երկկողմ հրադադարի հաստատման համար պետք է անհապաղ ճանապարհային քարտեզ պատրաստվի, գրում է Reuters-ը:

Անդրադառնալով Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի նախագահների, ինչպես նաև ԵԽ ներկայացուցիչների հետ հանդիպումներին, երկրի ղեկավարը նշել է, որ դրանք որոշ արդյունքներ են տվել:

«Մեր գլխավոր նպատակը խաղաղությունն է: Հստակ քայլեր ենք պահանջում, որոնք ուկրաինական հողի վրա խաղաղություն կհաստատեն»,- հայտարարել է Պորոշենկոն:

Նա հավելել է, որ բանակցությունների արդյունքում պետք է գլխավոր շտաբերի պետերի միջև կոնսուլտացիաներ սկսվեն:

«Պայմանավորվել ենք, որ եռակողմ կոնտակտային խմբի միջոցով կոնսուլտացիաներ կանցկացնենք՝ հնարավորինս շուտ երկկողմ հրադադարի անցնելու համար, որին հետագայում կհետևեն ԵԱՀԿ դիտորդական առաքելության ներկայացուցիչները»,- նշել է Ուկրաինայի նախագահը:

Նա հատկապես կարևորել է, որ Մինսկում հանդիպումների ժամանակ խոսքը գնում էր Դոնեցկի ու Լուգանսկի շրջաններում իր խաղաղ պլանը կյանքի կոչելու մասին:

«Պնդել ենք, որ առաջին հերթին պայմանավորվածություն ձեռք բերվի անօրինական ձերբակալված ուկրաինացի քաղաքացիներին ազատ արձակելու վերաբերյալ»,- նշել է Պորոշենկոն:

Ուկրաինայի նախագահը եզրափակել է, որ խաղաղ պլանի տրամաբանությանը կողմ են եղել բոլոր երկրների նախագահները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---