10  Արցախը երկնքից

Կալիֆորնիայի Սենատը ճանաչել է Արցախի անկախությունը

Կալիֆորնիայի Սենատը ճանաչել է Արցախի անկախությունը

PanARMENIAN.Net - Ամերիկյան Կալիֆորնիա նահանգի Սենատը ճանաչել է Արցախի անկախությունն ու ինքնորոշման իրավունքը։ AJR 32 բանաձևը քվեարկության է դրվել օգոստոսի 27-ին, գրում է Asbarez-ը։

Ավելի վաղ բանաձևի քվեարկության վերաբերյալ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը նահանգի հայությանը կոչ էր արել էլեկտրոնային հաղորդագրությունների և հեռախոսակապի միջոցով կապվել իրենց շահերը ներկայացնող սենատորների հետ և վերջիններիս խնդրել բանաձևին կողմ քվեարկել:

Մի քանի ամիս առաջ՝ մայիսի 5-ին, Կալիֆորնիայի Վեհաժողովի ընթացակարգերի կոմիտեն նույնպես ճանաչել էր Արցախի անկախությունը և կոչ արել ԱՄՆ նախագահին ու Կոնգրեսին սատարել ինքնորոշման իրավունքը։ Կոնգրեսական Մայք Գատտոյի ներկայացրած AJR 32 բանաձևի օգտին էր քվեարկել 9 օրենսդիր, 1-ը դեմ էր, ևս 1-ը չէր մասնակցել քվեարկությանը:

Կալիֆորնիան տասնյակ հազարավոր ամերիկահայերի համար տուն է դարձել, որոնք փախստական դարձան 1988-ին՝ սումգայիթյան, ինչպես նաև 1988-ին Կիրովաբադի ու 1990-ին Բաքվի հայկական ջարդերի հետևանքով: Այդ էթնիկ զտումները հող նախապատրաստեցին Ադրբեջանի կողմից արդեն մոտ երկու տասնամյակ տևող ագրեսիայի համար, որի ընթացքում նա պարտվեց Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմում, իսկ հետո օգտագործեց իր նավթային հարստությունը հզոր ռազմական արսենալ գնելու համար: Ադրբեջանի առաջնորդները փորձում են վերսկսել պատերազմը քրիստոնյա ժողովրդի դեմ, որն ապրել է այդ հողում հազարավոր տարիներ:

1991-ից անկախություն հռչակելուն պես Արցախը հաջողությամբ 5 խորհրդարանական ու 5 նախագահական ընտրություն է անցկացրել, որոնք միջազգային դիտորդները գնահատել են որպես ազատ, արդար ու թափանցիկ: Վերջին նախագահական ընտրությունները, որ կայացան 2012-ի հուլիսին, ստացան մոտ 20 երկրի, այդ թվում` ԱՄՆ-ի մոտ 80 միջազգային դիտորդի դրական գնահատականը:

2014-ի հունվարի 7-ին Կալիֆորնիայի Վեհաժողովի անդամ Մայք Գատտոն բանաձև ներկայացրեց ԼՂՀ անկախության ճանաչման մասին: AJR 32 բանաձևը հիշեցնում է մարդկանց ինքնորոշման ու ժողովրդավարական զարգացման իրավունքի մասին: Ըստ Գատտոյի, Կալիֆորնիայի ժողովուրդն ու հայ համայնքը միասնական են ԼՂՀ անկախության ճանաչմանն աջակցելու գործում: Գատտոն Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի համահեղինակներից մեկն է, ինչպես նաև մասնակցել է դրամահավաքին հօգուտ սիրիահայերի:

ԼՂՀ անկախությունը ճանաչելու կոչերը ու ճանաչման բուն գործընթացը գնալով ավելի մեծ տարածում են ստանում տարբեր երկրներում: Փետրվարի 27-ին Ֆրանսիայի խորհրդարանի անդամներ Ֆրանսուա Ռոշբլուանը, Ռենե Ռուկեն ու Գի Տեսիեն կոչ արեցին ճանաչել ԼՂՀ անկախությունը, ինչը կնպաստի տարածաշրջանում խաղաղության հաստատմանը:

Հունվարի 28-ին Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը հավանություն տվեց ԼՂՀ ինքնորոշման իրավունքի մասին բանաձևին ու ճանաչեց Արցախի անկախությունը: Բանաձևը ներկայացրել էր Խորհրդի անդամ Փոլ Քրեքորյանը: Քաղխորհուրդը բանաձևում հաստատեց իր հավատարմությունը Արցախի Հանրապետության անկախության ճանաչմանը:

2012-ի հոկտեմբերի 24-ին ավստրալիական Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիր խորհուրդը միաձայն բանաձև ընդունեց ԼՂՀ անկախության ճանաչման ու անկախության հռչակման մասին: Բանաձևը ներկայացրել էր Մարի Ֆիկարոյը: Բանաձևը նաև կոչ է անում Ավստրալիայի կառավարությանը պաշտոնապես ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունն ու հարաբերություններ հաստատել նրա հետ:

2013-ի ապրիլի 23-ին Ֆրեսնոն դարձավ Կալիֆորնիայի առաջին շրջանը, որը ճանաչեց ԼՂՀ անկախությունը: Շրջանի հոգաբարձուների խորհուրդը բանաձև ընդունեց, որի հեղինական էր Խորհրդի ղեկավար Անդրեաս Բորգեսը, որով պաշտոնապես ճանաչվեց, որ ԼՂՀ-ն պատմականորեն և ազգաբնակչությամբ բուն հայկական տարածաշրջան է, որը գտնվում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Բանաձևը կոչ է անում Կալիֆորնիայի օրենսդիրներին պաշտոնապես ճանաչել ԼՂՀ անկախությունը:

2013-ի ապրիլի 10-ին ԱՄՆ Մեն նահանգի Ներկայացուցիչների պալատն ու Սենատը համատեղ բանաձև ընդունեցին ԼՂՀ անկախության ճանաչման մասին՝ կոչ անելով ԱՄՆ նախագահին ու Կոնգրեսին աջակցել, որպեսզի ԼՂՀ-ն մասնակից դառնա ռազմավարական կարևորության տարածաշրջանում տևական խաղաղության հաստատմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին:

2013-ի մայիսի 30-ին Լուիզիանա նահանգը բանաձև ընդունեց ի սատարումն ԼՂՀ ջանքերի՝ ապրել որպես ազատ ու անկախ պետություն: «Լուիզիանա նահանգի Սենատը հորդորում է ու սատարում է ԼՂՀ տևական ջանքերն, ուղղված որպես անկախ ու ազատ պետության զարգացմանը, երաշխավորելու համար իր քաղաքացիների համար ազատ ու անկախ հանրությանը բնորոշ իրավունքների իրացումը: Որոշում ենք նաև հորդորել նախագահին ու Կոնգրեսին սատարել ԼՂՀ ինքնորոշման իրավունքին ու անկախությանը»,-ասվում է բանաձևում:

2012-ի օգոստոսի 6-ին Մասաչուսեթս նահանգի Ներկայացուցիչների պալատը բանաձև ընդունեց, որով կոչ արեց ԱՄՆ նախագահին ու Կոնգրեսին սատարել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշմանն ու անկախությանը:

2012-ի մայիսին ամերիկյան Ռոդ Այլենդ նահանգը ևս ճանաչեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---