Արցախի անկախության մասին Կալիֆորնիայի բանաձևը. Հայաստանում այն կարևոր քայլ են համարում, Ադրբեջանում` մխիթարվում սին հույսերով

Արցախի անկախության մասին Կալիֆորնիայի բանաձևը. Հայաստանում այն կարևոր քայլ են համարում, Ադրբեջանում` մխիթարվում սին հույսերով

PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ողջունում է ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի սենատի` Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու մասին որոշումը:

«Ողջունում ենք ԱՄՆ Կալիֆորնիայի Սենատի որոշումը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման վերաբերյալ: Որքան Ադրբեջանը կշարունակի խոչընդոտել ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծմանն ուղղված Հայաստանի և եռանախագահների ջանքերը, այնքան նորանոր համանման որոշումներ ու բանաձևեր կարելի է ակնկալել, որոնք ճանապարհ կհարթեն դեպի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչում»,- հայտարարել է նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Ավելի վաղ` օգոստոսի 28-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն էլ նշել է, թե որոշումը չափազանց կարևոր է:

«Ամեն անգամ նմանատիպ բանաձևերով ամրագրվում է Արցախի սուբյեկտությունը»,- ընդգծել է փոխնախարարը, գրում է Panorama.am-ը:

Արցախի Հանրապետության իշխանությունները Կալիֆորնիայի սենատի կողմից Արցախի անկախության ճանաչումը գնահատում են` որպես շատ կարևոր քաղաքական, իրավական և բարոյական քայլ: ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը նշել է, որ այս քայլը նաև նվեր է Կալիֆորնիայի կողմից Արցախի անկախության օրվա՝ սեպտեմբերի 2-ի նախօրյակին:

«Սա մեծ իրադարձություն է համայն հայության համար, և մենք դրան հասել ենք Հայաստանի և Սփյուռքի հետ համատեղ ջանքերով: Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Արցախի ճանաչման գործընթացը շարունակվում է և շարունակվում է շատ ակտիվ տեմպերով»,- ասել է նա` հավելելով, որ Կալիֆորնիան չպետք է դիտարկել որպես հասարակ նահանգ, քանի որ այն Ամերիկայի ամենախոշոր նահանգն է թե բնակչության, թե տնտեսության տեսանկյունից:

«Սա համարժեք է մի խոշոր և կարևոր պետության կողմից Արցախի ճանաչմանը: Այն էլ, առանց որևէ մեծ ֆինասնական ծախսերի: Սա ուղղակի արժևորումն է այն ուղու, որն անցել է Արցախը: Սա ապացուցում է, որ մենք ժողովրդավար պետություն ենք, առաջնորդվում ենք քաղաքակիրթ աշխարհի արժեքներով: Եթե դա այդպես չլիներ, աննորմալ և ֆաշիստական պետությանը ո՞վ պետք է ցանկանար ճանաչել, բնականաբար, ոչ ոք»,- նշել է Դավիթ Բաբայանը:

ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեն ողջունել է «այս խիզախ ու շրջադարձային քայլը, որ ոչ միայն վկայությունն է ամերիկահայության տքնաջան աշխատանքի, այլ նաև Կալիֆոռնիայի նահանգի հանրային պաշտոնատարների` բոլոր ժողովուրդների հանդեպ ցուցաբերած հարգանքի, այս դեպքում` նաև Արցախի ինքնորոշման իրավունքին»:

«Այս քվեարկությունն ավելի կարևոր է հատկապես այս օրերին, երբ Ադրբեջանը սաստկացրել է իր ռազմատենչ հայտարարությունները ու զինադադարի պայմանների խախտումները` թուրքական և ադրբեջանական լոբբիների բանաձևը ձախողության մատնելու ջանքերին զուգահեռ: Այս քվեարկությունը մեծապես ամպրապնդում է հայ ժողովրդի ոգին՝ իր արդար նպատակները հետապնդելու ճանապարհին, ինչպես նաև շեշտում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի` շղթայազերծած սեփական ճակատագրին տեր լինելու, ինքնակառավարման ժողովրդավարական համակարգ ստեղծելու և այդ ճանապարհով իր գոյությանը սպառնացող վտանգները դիմագրավելու պայքարի կարևորությունը:

Տոնում ենք բոլորիս հաղթանակը հանդիսացող այս քայլը և ուզում ենք հատուկ գնահատանք արձանագրել Հայ Դատի գործիչների հանդեպ, որոնք այս նպատակի համար երկար տարիների տքնաջան աշխատանք են տարել»,- նշված է ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեի տարածած հայտարարության մեջ:

Միևնույն ժամանակ ադրբեջանական ԱԳՆ-ն արդեն իսկ հասցրել է մեկնաբանել որոշման ընդունումը: Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուիչ Էլման Աբդուլլաևը հայտարարել է, որ որոշումը «դեկլարատիվ բնույթի է և չունի իրավաբանական ուժ»:

« Այս փաստը կասկածի տակ է դնում սենատորների ազնվությունը, որոնք քվեարկել են այս փաստաթղթի ընդունման օգտին, ինչը հնարավոր է դարձել ԱՄՆ-ում հայկական լոբբիի ֆինանսական աջակցության շնորհիվ»,- ասել է նա:

Ամերիկյան Կալիֆորնիա նահանգի Սենատն օգոստոսի 27-ին ճանաչել է Արցախի անկախությունն ու ինքնորոշման իրավունքը Ավելի վաղ բանաձևի քվեարկության վերաբերյալ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը նահանգի հայությանը կոչ էր արել էլեկտրոնային հաղորդագրությունների և հեռախոսակապի միջոցով կապվել իրենց շահերը ներկայացնող սենատորների հետ և վերջիններիս խնդրել բանաձևին կողմ քվեարկել:

Մի քանի ամիս առաջ՝ մայիսի 5-ին, Կալիֆորնիայի Վեհաժողովի ընթացակարգերի կոմիտեն նույնպես ճանաչել էր Արցախի անկախությունը և կոչ արել ԱՄՆ նախագահին ու Կոնգրեսին սատարել ինքնորոշման իրավունքը։ Կոնգրեսական Մայք Գատտոյի ներկայացրած AJR 32 բանաձևի օգտին էր քվեարկել 9 օրենսդիր, 1-ը դեմ էր, ևս 1-ը չէր մասնակցել քվեարկությանը:

Կալիֆորնիան տասնյակ հազարավոր ամերիկահայերի համար տուն է դարձել, որոնք փախստական դարձան 1988-ին՝ սումգայիթյան, ինչպես նաև 1988-ին Կիրովաբադի ու 1990-ին Բաքվի հայկական ջարդերի հետևանքով: Այդ էթնիկ զտումները հող նախապատրաստեցին Ադրբեջանի կողմից արդեն մոտ երկու տասնամյակ տևող ագրեսիայի համար, որի ընթացքում նա պարտվեց Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմում, իսկ հետո օգտագործեց իր նավթային հարստությունը հզոր ռազմական արսենալ գնելու համար: Ադրբեջանի առաջնորդները փորձում են վերսկսել պատերազմը քրիստոնյա ժողովրդի դեմ, որն ապրել է այդ հողում հազարավոր տարիներ:

1991-ից անկախություն հռչակելուն պես Արցախը հաջողությամբ 5 խորհրդարանական ու 5 նախագահական ընտրություն է անցկացրել, որոնք միջազգային դիտորդները գնահատել են որպես ազատ, արդար ու թափանցիկ: Վերջին նախագահական ընտրությունները, որ կայացան 2012-ի հուլիսին, ստացան մոտ 20 երկրի, այդ թվում` ԱՄՆ-ի մոտ 80 միջազգային դիտորդի դրական գնահատականը:

2014-ի հունվարի 7-ին Կալիֆորնիայի Վեհաժողովի անդամ Մայք Գատտոն բանաձև ներկայացրեց ԼՂՀ անկախության ճանաչման մասին: AJR 32 բանաձևը հիշեցնում է մարդկանց ինքնորոշման ու ժողովրդավարական զարգացման իրավունքի մասին: Ըստ Գատտոյի, Կալիֆորնիայի ժողովուրդն ու հայ համայնքը միասնական են ԼՂՀ անկախության ճանաչմանն աջակցելու գործում: Գատտոն Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի համահեղինակներից մեկն է, ինչպես նաև մասնակցել է դրամահավաքին հօգուտ սիրիահայերի:

ԼՂՀ անկախությունը ճանաչելու կոչերը ու ճանաչման բուն գործընթացը գնալով ավելի մեծ տարածում են ստանում տարբեր երկրներում: Փետրվարի 27-ին Ֆրանսիայի խորհրդարանի անդամներ Ֆրանսուա Ռոշբլուանը, Ռենե Ռուկեն ու Գի Տեսիեն կոչ արեցին ճանաչել ԼՂՀ անկախությունը, ինչը կնպաստի տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: Հունվարի 28-ին Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը հավանություն տվեց ԼՂՀ ինքնորոշման իրավունքի մասին բանաձևին ու ճանաչեց Արցախի անկախությունը: Բանաձևը ներկայացրել էր Խորհրդի անդամ Փոլ Քրեքորյանը: Քաղխորհուրդը բանաձևում հաստատեց իր հավատարմությունը Արցախի Հանրապետության անկախության ճանաչմանը: 2012-ի հոկտեմբերի 24-ին ավստրալիական Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիր խորհուրդը միաձայն բանաձև ընդունեց ԼՂՀ անկախության ճանաչման ու անկախության հռչակման մասին: Բանաձևը ներկայացրել էր Մարի Ֆիկարոյը: Բանաձևը նաև կոչ է անում Ավստրալիայի կառավարությանը պաշտոնապես ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունն ու հարաբերություններ հաստատել նրա հետ:

2013-ի ապրիլի 23-ին Ֆրեսնոն դարձավ Կալիֆորնիայի առաջին շրջանը, որը ճանաչեց ԼՂՀ անկախությունը: Շրջանի հոգաբարձուների խորհուրդը բանաձև ընդունեց, որի հեղինական էր Խորհրդի ղեկավար Անդրեաս Բորգեսը, որով պաշտոնապես ճանաչվեց, որ ԼՂՀ-ն պատմականորեն և ազգաբնակչությամբ բուն հայկական տարածաշրջան է, որը գտնվում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Բանաձևը կոչ է անում Կալիֆորնիայի օրենսդիրներին պաշտոնապես ճանաչել ԼՂՀ անկախությունը:

2013-ի ապրիլի 10-ին ԱՄՆ Մեն նահանգի Ներկայացուցիչների պալատն ու Սենատը համատեղ բանաձև ընդունեցին ԼՂՀ անկախության ճանաչման մասին՝ կոչ անելով ԱՄՆ նախագահին ու Կոնգրեսին աջակցել, որպեսզի ԼՂՀ-ն մասնակից դառնա ռազմավարական կարևորության տարածաշրջանում տևական խաղաղության հաստատմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին:

2013-ի մայիսի 30-ին Լուիզիանա նահանգը բանաձև ընդունեց ի սատարումն ԼՂՀ ջանքերի՝ ապրել որպես ազատ ու անկախ պետություն: «Լուիզիանա նահանգի Սենատը հորդորում է ու սատարում է ԼՂՀ տևական ջանքերն, ուղղված որպես անկախ ու ազատ պետության զարգացմանը, երաշխավորելու համար իր քաղաքացիների համար ազատ ու անկախ հանրությանը բնորոշ իրավունքների իրացումը: Որոշում ենք նաև հորդորել նախագահին ու Կոնգրեսին սատարել ԼՂՀ ինքնորոշման իրավունքին ու անկախությանը»,-ասվում է բանաձևում:

2012-ի օգոստոսի 6-ին Մասաչուսեթս նահանգի Ներկայացուցիչների պալատը բանաձև ընդունեց, որով կոչ արեց ԱՄՆ նախագահին ու Կոնգրեսին սատարել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշմանն ու անկախությանը: 2012-ի մայիսին ամերիկյան Ռոդ Այլենդ նահանգը ևս ճանաչեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

Արցախի Հանրապետություն

1923թ., հաշվի չառնելով Լեռնային Ղարաբաղի բնակչության կարծիքը, ՌԿԿ(բ) Կովկասի բյուրոյի որոշմամբ Ադրբեջանական ԽՍՀ կազմում ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ:

65 տարի անց, Լեռնային Ղարաբաղում ժողովրդական շարժում սկսվեց Հայաստանի հետ վերամիավորվելու նպատակով, ինչը հավանության չարժանացավ ԽՍՀՄ իշխանությունների կողմից: 1991թ. սեպտեմբերի 2-ին ԼՂԻՄ եւ Շահումյանի շրջանի Ժողովրդական պատգամավորների խորհրդի համատեղ նիստում ԽՍՀՄ կազմում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ԼՂԻՄ-ի եւ Շահումյանի շրջանի սահմաններում, որոնց բնակչությունը հիմնականում հայեր էին: 1991թ. դեկտեմբերի 10-ին անցկացվեց ԼՂՀ անկախության հանրաքվեն: 1991թ. դեկտեմբերի 28-ին անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում կազմավորվեց առաջին կառավարությունը:

1991 թվականի աշնանն Ադրբեջանում սկսվեցին ռազմական գործողություններ, որոնց ընթացքում նրան հաջողվեց վերահսկողություն սահմանել Շահումյանի շրջանում եւ բռնազավթել ԼՂՀ Մարդակերտի, Հադրութի եւ Մարտունու շրջանների մեծ մասը: 1993թ. կեսից պատասխան ռազմական գործողությունների արդյունքում, ԼՂՀ-ն վերականգնեց վերահսկողությունը գրեթե իր ողջ տարածքում: 1994թ. հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումից հետո ԼՂՀ վերահսկողության տակ են շարունակում մնալ նաեւ Քելբաջարի, Լաչինի, Կուբաթլիի, Ջեբրաիլի, Զանգելանի շրջաններն եւ Աղդամի ու Ֆիզուլիի շրջանների մի մասը (անվտանգության գոտի): Հետագայում, ԼՂՀ Սահմանադրության 142 հոդվածում նշված է, որ մինչ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական տարածքի ամբոջականության վերականգնումը եւ սահմանների հստակեցումը, հանրային իշխանությունն իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Արցախի Հանրապետության իրավասության տակ:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---