Սեպտեմբերի 1-ին ընդառաջ. Աշխատավարձի բարձրացում, 40.000 առաջին դասարանցի, 29 նոր դասագիրք, երգ ու պար

Սեպտեմբերի 1-ին ընդառաջ. Աշխատավարձի բարձրացում, 40.000 առաջին դասարանցի, 29 նոր դասագիրք, երգ ու պար

PanARMENIAN.Net - Կառավարության օգոստոսի 28-ի հերթականնիստին կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը զեկուցել է` ինչպես է Հայաստանը դիմավորում նոր ուսումնական տարին` նշելով, որ հանրապետությունում ամբողջ թափով ընթանում են նախապատրաստական աշխատանքները:

2014-ի «Լավագույն դաստիարակ» և «Լավագույն ուսուցիչ» մրցույթների հաղթողներին մեկական ավտոմեքենայով պարգևատրելու նպատակով գործադիրը Կառավարության աշխատակազմին հատկացրել է 12 մլն 700 հազար դրամ: Պարգևները շնորհվելու են Ուսուցչի օրը` հոկտեմբերի առաջին կիրակի:

«Նոր ուսումնական տարվա նախաշեմին կանխատեսում ենք, որ դպրոց կհաճախի մոտ 40.000 առաջին դասարանցի: Աշակերտների վերջնական վիճակագրությունը մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի հետ կամփոփվի մինչև սեպտեմբերի 10-ը և կներկայացվի գալիք ուսումնական տարվա ընթացքում հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորող աշակերտների վերջնական թիվը»,- նշել է նախարարը:

2010-2011 ուս.տարում դպրոց է հաճախել 35.948 առաջին դասարանցի, 2011-2012-ին և 2012-2013-ին` 37.000: 2013-2014 ուս.տարում առաջին դասարանի աշակերտների թիվը մոտ 39.000 էր:

Աշոտյանը նշել է, որ այս ընթացքում տեղի են ունենում ավանդական օգոստոսյան խորհրդակցությունները մարզերում և Երևանում, ընթանում է դասագրքերի բաշխման գործընթացը.

«Ուսումնական տարվա նախաշեմին լրամշակել և կրկնակի փորձաքննության ենք ենթարկել 29 դասագիրք, նոր դասագրքեր, որոնք մուտք են գործելու դպրոց: Ընթանում է նաև ուսումնական պարագաների, դասամատյանների և այլ օժանդակ նյութերի բաշխման գործընթացը: Ըստ սահմանված ժամանակացույցի, քաղաքաշինության նախարարությունից ստացված տեղեկության համաձայն, ավարտվել են վերանորոգման աշխատանքները մի շարք դպրոցներում և դրանք պատրաստ են ուսումնական տարվա մեկնարկին»:

Նախարարը նշել է, որ այս ընթացքում հաջողվել է խուսափել ուսուցչական կազմի զանգվածային կրճատումներից, լուծելով նաև սոցիալական խնդիր, հաշվի առնելով, որ կրթության ոլորտը նաև խոշոր գործատու ոլորտ է: Հաշվարկային աշխատավարձի բարձրացում է տեղի ունեցել հուլիսի մեկից՝ 9%-ի չափով:

Ամփոփելով նախարարի պաշտոնում վերանշանակումից հետո պաշտոնավարման առաջին 100 օրը` նախարարը անդրադարձել էր նաև աշխատավարձերի բարձրացման հարցին: Պատասխանելով լրագրողների դիտարկմանը, թե դպրոցների ուսուցիչների մի ստվար զանգված այդպես էլ չզգաց աշխատավարձերի բարձրացումը, համենայն դեպս՝ բարձրացումը շոշափելի չի եղել շատերի համար, Աշոտյանը նշել էր, որ աշխատավարձի կտրուկ բարձրացում որևէ մեկը չէր խոստացել. խոսքը մշտապես եղել է 8-10%-ի բարձրացման մասին:

«Մի մասի մոտ փաստացի բարձրանալու է, մի մասի մոտ՝ ոչ, քանի որ Հայաստանը փաստացի 25.000 ուսուցչի կարիք ունի, մինչդեռ ունենք 40.000 ուսուցիչ: Ակնհայտ է, որ մեկ դրույքը ոչ բոլորին է հասնում, հիմնականում դրույքը կիսվում է։ Բոլորս էլ գիտենք ուսուցիչների, որոնք 0.25 դրույքով են աշխատում»,- ասել էր նա։

Սեպտեմբերի 1-ից մեկնարկելու է Կայուն դպրոցական սնունդ ծրագիրը, որը ֆինանսավորվում է կառավարության կողմից և որի նպատակն է տարրական դասարանների աշակերտներին միանվագ դպրոցական սնունդ մատակարարել՝ ելնելով տվյալ տարիքային խմբի ֆիզիոլոգիական և կենսաբանական առանձնահատկություններից: Այս առումով ծրագիրը ոչ միայն կրթական է, այլև սոցիալական, գյուղատնտեսական, առողջապահական:

Նախարարը նշել է, որ ծրագիրը մեկնարկելու է Վայոց Ձորի և Սյունիքի մարզերից, իսկ 2015-ի առաջին կիսամյակում՝ ուսումնական տարվա երկրորդ կիսամյակում, տարածվելու է նաև Արարատի մարզում:

Այս տարի հայրենասիրական դաստիարակության նոր կոնցեպտ է մշակվել և ներդրվելու է դպրոցներում ՀՀ պաշտպանության նախարարության և երկրապահ կամավորականների միության հետ համատեղ:

«Փորձնական կարգով ներմուծվել է ազգային երգ ու պար առարկան՝ 10 պիլոտային դպրոցներում: Այս գործողությունը նույնպես Կառավարության գերակա ուղղությունների և միջոցառումների ծրագրի մեջ է եղել: Ծրագիրը մշակվել է համապատասխան ոլորտի մասնագետների հետ միասին, և փորձարկումից հետո կամփոփենք արդյունքներն ու կներկայացնենք տվյալներ և հետո կորոշենք հետագա քայլերը՝ այս առարկայի մասսայականացման հետ կապված»,- նշել է Արմեն Աշոտյանը:

Նախարարը տեղեկացրել է, որ ուսումնական տարվա ընթացքում ավագ և հիմնական միջնակարգ դպրոցները կստանան 8 վիրտուալ էլեկտրոնային լաբորատորիա՝ 4 հիմնական առարկայից՝ ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, մաթեմատիկա-երկրաչափություն:

«Մենք ավելի ժամանակակից կդարձնենք տվյալ առարկաների ուսուցումը մեր դպրոցներում և նաև որոշ չափով կփոխհատուցենք այն խնդիրը, որ դպրոցներ կան, որտեղ իրական լաբորատորիաներ գոյություն չունեն, բայց էլեկտրոնային լաբորատորիաների միջոցով երեխաները կկարողանան կիրառել իրենց գիտելիքները և տեսնել այդ փորձերը, հաշվարկները, բանաձևերը, փորձարկել և այլն»,- նշել է նախարարը:

Նա անդրադարձել է նաև ԱԺ-ում գտնվող 12-ամյա պարտադիր կրթության մասին օրինագծին, որն անցել է առաջին ընթերցումը. «Հուսանք, որ աշնանային նստաշրջանում նաև երկրորդ ընթերցմամբ հավանության կարժանանա, որից հետո արդեն հաջորդ տարվա ընթացքում կամփոփվեն պարտադիր 12-ամյա կրթության ներդրման կարգը և ծրագրային դրույթները»:

Հունիսի 26-ին ներկայացնելովառաջիկա 5 տարվա Կառավարության ծրագրի՝ կրթության և գիտության ոլորտին վերաբերող դրույթները, նախարար Աշոտյանը նշել էր, որ կարևորագույն փոփոխություններից մեկը պարտադիր կրթության շեմի բարձրացումն է. նրա խոսքով, այժմ ՀՀ Սահմանադրությամբ պարտադիր է համարվում հիմնական դպրոցի կրթությունը, որն ավարտվում է 9-րդ դասարանում: Նախատեսվում է, որ այդ շեմը կբարձրացվի, և կսահմանվի պարտադիր 12-ամյա կրթության անցնելու կարգ:

Սա նշանակում է, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի հիմնական դպրոցի 9-րդ դասարանն ավարտելուց հետո պարտավոր կլինի կրթությունը շարունակել կամ ավագ դպրոցում կամ նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում: Դա կնպաստի հասարակության կրթական ցենզի բարձրացմանը՝ միաժամանակ լուծելով սոցիալական խնդիր: Մասնագիտական կրթությունը լինելու է անվճար:

Վիճակագրական տվյալների համաձայն՝ տարեկան 9-րդ դասարանն ավարտող մոտ 4.000 շրջանավարտ չի շարունակում կրթությունը:

Քոլեջներում և ուսումնարաններում պետությունն այս տարի կառավարության հատկացումների շրջանակներում մոտ 50%-ով ավելացել է պետական պատվերը:

«Հայաստանն աննախադեպ քանակությամբ եվրոպական ծրագրային գրանտներ է շահել այս տարի: 18 Տեմպուս ծրագիր ունենք Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող մեր բուհերում, ինչն, իհարկե, և՛ ուրախալի է, և՛ պարտավորեցնող, որովհետև միջազգային համագործակցության շրջանակներում նաև երկիր են ներկայացնում մեր բուհերը»,- նշել է Աշոտյանը` հավելելով, որ շարունակում են աշխատել ՏԿ և տեղական ինքնակառավարման մարմինների հետ, որպեսզի համատեղ ուժերով ապահովեն ուսումնական տարվա հաջող մեկնարկն ու արդյունավետ գործունեությունն ամբողջ ուսումնական տարվա ընթացքում:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---