Ռուսաստանի դեսպանը՝ Սարգսյան-Ալիև հնարավոր հանդիպման և Բաքվում «հանկարծամահ» եղած հայ գերու մասին

Ռուսաստանի դեսպանը՝ Սարգսյան-Ալիև հնարավոր հանդիպման և Բաքվում «հանկարծամահ» եղած հայ գերու մասին

PanARMENIAN.Net - Ռուսաստանը ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման ցանկացած հնարավորություն, որն ուղղված կլինի ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այդ մասին այսօր՝ օգոստոսի 28-ին, հայտարարել է Հայստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը:

«Քարնեգի» հիմնադրամի Կովկասի հարցերով ավագ փորձագետ Թոմաս դե Վաալը «Սոչիում՝ առանց գաղափարների» հոդվածում ընդգծել է, որ աշնանը Միացյալ Նահանգները կփորձեն ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի շրջանակներում նոր հանդիպում կազմակերպել, իսկ Ֆրանսուա Օլանդը Սերժ Սարգսյանին ու Իլհամ Ալիևին հրավիրել է Փարիզ:

Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների այս աշնանը հնարավոր հանդիպման մասին հայտարարել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Նախագահները կարող են հանդիպել Սոչիում տեղի ունեցած խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցությունները շարունակելու նպատակով, ասել է նա:

Անդրադառնալով Ադրբեջանում Տավուշի մարզի 31-ամյա բնակիչ Կարեն Պետրոսյանի սպանության հետաքննությանը, Իվան Վոլինկինը նշել է, որ այն պետք է լինի բազմակողմանի, ներգրաված լինեն բոլոր կողմերը, գրում է Panorama.am-ը:

«Ամեն ինչ կախված է լինելու, թե հետաքննության հարցում կողմերն ինչ կպայմանավորվեն: Որպեսզի միջադեպերի հնարավոր ռիսկերը նվազեն, հետաքննությունների մեխանիզմը պետք է լավ աշխատի»,- ասել է Վոլինկինը:

Օգոստոսի 7-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած Կարեն Պետրոսյանը, ով Թովուզի շրջանում ձերբակալվել էր, օգոստոսի 8-ի առավոտյան, «հանկարծամահ է եղել»։ Որպես մահվան պատճառ նշվում է «սիրտ-անոթային անբավարարությունը»։ Պետրոսյանի դին բժշկական փորձաքննություն է անցնում Գանձակի դատաբժշկական կենտրոնում։ Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունն արդեն տեղեկացված է դեպքի վերաբերյալ։

Ադրբեջանի ՊՆ պաշտոնական կայքը լուսանկարներ ու տեսագրություն էր տարածել, որտեղ Կարեն Պետրոսյանին, ռազմական համազգեստ հագցրած, բռնի ուժով բերում էին Ադրբեջանի ԶՈւ Շամխորի 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռովշան Աքփերովի մոտ՝ փորձելով Չինարիի բնակչին որպես «դիվերսանտ» ներկայացնել։ Մինչդեռ Չինարիի գյուղապետը հայկական լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել էր, որ գերին իրենց համագյուղացին է, քաղաքացիական անձ է։Ադրբեջանական կողմը, չբավարարվելով գերեվարված ՀՀ քաղաքացու նկատմամբ կիրառված ակնհայտ անմարդկային վերաբերմունքով, Կարեն Պետրոսյանին նվաստացրել է, տանջանքների և կտտանքների ենթարկել` հասցնելով նրան մահվան. այս ամենի ապացույցն ադրբեջանական լրատվամիջոցներով շրջանառվող տեսանյութերն ու լուսանկարներն են:

Օգոստոսի 14-ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել` նշելով, որ Ադրբեջանում գերության մեջ գտնվելու ընթացքում Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրգործ:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---