Նալբանդյանն Էրդողանին է փոխանցել Հայոց ցեղասպանության 100-ամյակին Երևանում գտնվելու հրավերը

Նալբանդյանն Էրդողանին է փոխանցել Հայոց ցեղասպանության 100-ամյակին Երևանում գտնվելու հրավերը

PanARMENIAN.Net - Օգոստոսի 28-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն Անկարայում ներկա է գտնվել Թուրքայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը։

Արարողությունից հետո պատվիրակությունների ղեկավարների պատվին տրված ընդունելությանը նախարար Նալբանդյանը նախագահ Էրդողանի հետ կարճատև զրույցից հետո նրան է հանձնել նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական հրավերը՝ 2015-ի ապրիլի 24-ին ներկա գտնվելու Երևանում կայանալիք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը։

Չանկայայի նախագահական պալատում կայացած Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլա Գյուլից Ռեջեփ Թայիփ Էրդողանին իշխանության փոխանցման արարողությանը մասնակցել են մի քանի տասնյակ երկրների բարձրաստիճան պատվիրակություններ։

Ռեջեփ Թայիփ Էրդողանը օգոստոսի 10-ին երկրի պատմության մեջ առաջին ուղիղ նախագահական ընտրության արդյունքում նախագահ է ընտրվել:

Հուլիսի 1-ին Թուրքիայի իշխող Արդարության և զարգացման կուսակցությունը նախագահի պաշտոնում առաջադրել էր վարչապետ Էրդողանի թեկնածությունը: Դրան նվիրված ելույթում Էրդողանը նշել էր, որ երկրի պատմության մեջ օգոստոսյան ընտրությունները պետք է «նոր դարաշրջանի հանգրվան» դառնան: Նա խոստացել էր ընտրվելու դեպքում «պաշտպանել ժողովրդի շահերը»:

Արարողության ընթացքում 60-ամյա Էրդողանը մեջլիսի նախագահությունից ստացել է ընտրվելու մասին արձանագրությունն ու երդում տվել` պաշտոնապես ստանձնելով երկրի նախագահի լիազորությունները: Էրդողանը երկրի վարչապետի պաշտոնում նշանակել է Ահմեթ Դավութօղլուին, որը մինչև այդ զբաղեցնում էր արտգործնախարարի պաշտոնը:

Սպասվում է, որ մոտ ապագայում նա Դավութօղլուին կհանձնարարի նոր Կառավարություն ձևավորել, որի հաստատման հարցը օգոստոսի 29-ին կքննարկվի ազգային ժողովում:

Իմիջիայլոց, արարողության ժամանակ ընդդիմադիր Ազգային-հանրապետական կուսակցության անդամները երդմնակալության արարողությունից առաջ ցուցադրաբար լքել են դահլիճը: Կուսակցության ներկայացուցիչը Թուրքիայի սահմանադրության գիրքը նետել է խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեքի վրա, երբ նրան զրկել են խոսքի իրավունքից:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---