Հայուհի Նազիրա Սարգիսը դարձել է Սիրիայի նոր կառավարության անդամ

Հայուհի Նազիրա Սարգիսը դարձել է Սիրիայի նոր կառավարության անդամ

PanARMENIAN.Net - Սիրիայի նոր կառավարության անդամները սահմանադրական երդում են տվել նախագահ Բաշար Ասադին: Երդման արարողությունից հետո կայացած հանդիպմանը նախագահ Ասադը ցուցումներ է տվել նախարարներին՝ ներկայացնել նոր տեսլականն ու վեր հանել այն սխալները, որոնք եղել են նախորդ փուլում:

Նա նշել է, որ կառավարության աշխատանքի հաջողությունը կախված է քաղաքացիների վստահությունից և պետք է հիմնված լինի թափանցիկության սկզբունքի վրա:

Բաշար Ասադը նշել է, որ կառավարության առջև ծառացած մարտահրավերները հիմնականում վերաբերվում են քաղաքացիներին: Դրանք պատերազմի ու խաղաղության հարցեր են, որոնք մեծ հայրենասիրությամբ լուծում են պաշտպանության նախարարությունը, Սիրիայի բանակն ու ԶՈւ-ն, որոնք զգալի հաջողությունների են հասել ահաբեկչության դեմ պայքարում: Անհրաժեշտ է առաջիկայում ևս ուշադրություն դարձնել ազգային հաշտեցման գործընթացին, որն ապացուցեց իր արդյունավետությունը:

Անդրադառնալով տնտեսության ոլորտին՝ նախագահ Ասադը նշել է, որ առավել կարևոր հարցը հաջորդ փուլում լինելու է ոչ միայն ազատագրված շրջանների վերականգնումը, այլ նաև քաոսային կառուցապատում ունեցող շրջանների կանոնավորումը: Դա պահանջում է նախարարություններից գործելու լավ մշակված պլաններ ձեռնարկել: Դա կօգնի նաև ակտիվացնել այդ շրջանների տնտեսությունն ու դրական ազդեցություն կունենա հազարավոր ընտանիքների կյանքի վրա:

Միաժամանակ կառավարությունը պետք է միջոցներ ձեռնարկի սոցիալական արդարության հասնելու համար, կանխի գնային մենաշնորհը, պայքարի նրանց դեմ, ով փորձում է շահ ստանալ ճգնաժամից:

Նախարարների խորհրդի նախագահ Վաիլ ալ Հալիկին անձամբ իր կողմից ու կառավարության անդամների անուններից հավաստիացրեց, որ իրենք ձգտելու են ապահովել քաղաքացիների պահանջներն ու իրացնել նրանց շահերը: Երկրի ողջ տարածքում անվտանգության ու կայունության վերականգնման նպատակով ամենուր անհրաժեշտ աջակցությունը կցուցաբերվի բանակին ու Զինված ուժերին ահաբեկչության դեմ պայքարում, հայտնում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը:

Սիրիայի բնապահպանության նախարար է նշանակվել հայազգի Նազիրա Սարգիսը:

Բաշար Ասադը հաղթանակ տարավ Սիրիայում հունիսի 3-ին կայացած նախագահական ընտրություններում: Ըստ պաշտոնական տվյալների, նրա օգտին քվեարկեց ընտրողների 88, 7 տոկոսը՝ շուրջ 10,3 մլն մարդ: Արևմուտքում, մասնավորապես, ԱՄՆ-ում, սակայն, հրաժարվեցին ճանաչել քվեարկության պայմանները: Այս նախագահական ժամկետն Ասադի համար երրորդը կլինի: Նա ստանձնեց նախագահի պաշտոնը 2000 թվականին, հոր՝ Հաֆեզ Ասադի մահվանից հետո: 7 տարի անց, 2007-ի մայիսին Սիրիայում Ասադին վստահության վերաբերյալ հանրաքվե կայացավ, որի արդյունքում վերջինս ստացավ երկրի քաղաքացիների 97 տոկոսի աջակցությունը:

Սիրիայում արդեն 3 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 160 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:Ամեն օր մոտ 6 հազար սիրիացի փախստական է դառնում:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---