Արցախը նշում է անկախության հռչակման 23-րդ տարեդարձը

Արցախը նշում է անկախության հռչակման 23-րդ տարեդարձը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետությունը նշում է անկախության հռչակման 23-րդ տարեդարձը:

1991-ի սեպտեմբերի 2–ին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային Խորհրդի, Շահումյանի շրջանային Խորհրդի և բոլոր մակարդակների Խորհուրդների պատգամավորների համատեղ նստաշրջանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման և նրապետական իշխանության ու կառավարման ժամանակավոր մարմինների ձևավորման մասին հռչակագիր ընդունեց:

1991-ի դեկտեմբեր 10–ին՝ Խորհրդային Միության պաշտոնական անկումից ընդամենը մի քանի օր առաջ, Արցախում տեղի ունեցավ հանրաքվե, որի ընթացքում Արցախի բնակչությունը «այո՛» պատասխանեց «Համաձա՞յն եք, արդյոք, որ հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լինի այլ պետությունների ու հասարակությունների հետ համագործակցության ձևերն ինքնուրույն որոշող անկախ պետություն» հարցին: «Այո» էր պատասխանել հանրաքվեի մասնակից քաղաքացիների 99,89%–ը (108.615 մարդ):

1991-ի դեկտեմբերի 28-ին ձեւավորված ԼՂՀ Գերագույն խորհուրդն (խորհրդարան) ընդունել է Հռչակագիր պետական անկախության մասին, դրանով իսկ օրենսդրորեն ամրագրելով ինչպես հանրաքվեի արդյունքները, այնպես էլ իրավական փաստաթղթերի հաջորդականությունը, որոնք ապահովում են քաղաքական կարգավիճակի ինքնուրույն որոշման Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքը:

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեռնային Ղարաբաղի անկախության տոնի առթիվ: Դրանում ասվում է.

«Արցախի ժողովրդի պատմական ընտրությունն այլևս անշրջելի իրականություն է: Ամբողջ հայության աջակցությամբ, և առաջին հերթին ձեր անկոտրում կամքի, ձեր գերմարդկային ջանքերի ու ճիգերի շնորհիվ, ինչպես նաև մեծագույն զոհողությունների գնով դուք ստեղծեցիք և կայացրիք պետականություն:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն այսօր հպարտորեն կարող է կանգնել աշխարհի բոլոր այն երկրների շարքում, որոնք շահեկանորեն տարբերվում են իրենց կազմակերպվածությամբ, հզոր բանակով և պետական կուռ կառույցներով: Ժողովրդավարության խորացումը, մշակութային ու կրթական վերելքը, ինչպես նաև տնտեսական աճի տեմպերը ԼՂՀ-ում տպավորում են ոչ միայն մեզ: Արցախը և՛ իրեն, և՛ աշխարհին արդեն ապացուցել է, որ կայացած և ծաղկուն պետություն լինելու համար ունի հզոր քաղաքակրթական պաշար»:

«Մեզ պարտադրված պատերազմը և սահմանների երկայնքով իրականացվող պարբերական սադրանքները ոչինչ են այն հզոր ոգու համեմատությամբ, որ առաջնորդում է արցախցուն և ողջ հայությանը: Այդ ոգին առաջնորդեց մեր հերոսներին դեպի ազատամարտ և այդ ոգին է մեզ այսօր առաջնորդում դեպի արարում»:

Շնորհավորական ուղերձով է հանդես եկել նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Արցախի Հանրապետության նախագահի ուղերձում մասնավորապես ասվում է.

«Իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ մեր կարևորագույն պետական տոնի` Արցախի Հանրապետության օրվա առթիվ:

1991-ի սեպտեմբերի 2-ը շրջադարձային եղավ արցախահայության կյանքում և դարձավ նրա դարավոր երազանքների իրականացման սկիզբը: Այն ազդարարեց Արցախի Հանրապետության ծնունդը, որն արդյունք էր մեր ժողովրդի երկարամյա մաքառումների ու անկոտրում կամքի: Մենք վերջապես նվաճեցինք մեր հողի վրա ազատ ու անկախ ապրելու իրավունքը, ապրելու համամարդկային ու ազգային արժեքներին, ժողովրդավարական նորմերին ու միջազգային սկզբունքներին համահունչ:

Այդ ճանապարհին մեզ սպասում էին ինչպես դաժան փորձություններ, այնպես էլ մեծ հաղթանակներ, հաղթանակներ, որոնք ձեռք բերվեցին անասելի կորուստների ու զրկանքների, մեր հերոս քույրերի ու եղբայրների թափած արյան գնով: Դրանք հնարավոր դարձան համայն հայության միասնականության ու համախմբվածության, մեր ժողովրդի անսասան ոգու ու անձնվիրության շնորհիվ:

Ուղիղ մեկ ամիս առաջ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած դեպքերը ցույց տվեցին, որ Արցախի Հանրապետությունն ուժեղ է ու անառիկ, քանի որ նրա սահմանին կանգնած է իր հողն ու տունը պաշտպանող զինվորը, կանգնած է ողջ հայ ժողովուրդը: Այդպես է եղել այս 23 տարիների ընթացքում, այդպես կլինի այսուհետ:

Մաղթում եմ խաղաղություն, քաջառողջություն, երջանկություն ու ամենայն բարիք ձեր ընտանիքներին, զորացում ու բարգավաճում` մեր հարազատ Արցախին»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---