Անկախության կողմնակիցների թիվը Շոտլանդիայում աճում է. Բնակչության 47 տոկոսն ուզում է անջատվել Մեծ Բրիտանիայից

Անկախության կողմնակիցների թիվը Շոտլանդիայում աճում է. Բնակչության 47 տոկոսն ուզում է անջատվել Մեծ Բրիտանիայից

PanARMENIAN.Net - Գնալով աճում է Մեծ Բրիտանիայի կազմից Շոտլանդիայի դուրս գալու կողմնակիցների թիվը, վկայում են բրիտանական YouGov հետազոտական ընկերության հարցման արդյունքները:

Ըստ հետազոտության արդյունքների, անկախությանը դեմ է տարածաշրջանի բնակչության 53 տոկոսը, կողմ է՝ 47-ը: Ընդ որում, օգոստոսի կեսին այդ ցուցանիշները հետևյալն էին՝ 57 տոկոս և 43 տոկոս համապատասխանաբար, իսկ օգոստոսի սկզբին՝ 60 և 39 տոկոս:

Հարցումն անցկացվել է օգոստոսի 28-ից սեպտեմբերի 1-ն ընկած հատվածում Շոտլանդիայի 1063 բնակչի շրջանում, հայտնում է Ինտերֆաքսը:

Շոտլանդիան անկախություն կստանա 2016-ի մարտի 24-ին, եթե շոտլանդացիների մեծ մասը կողմ քվեարկի դրան 2014 թ. սեպտեմբերի 18-ի հանրաքվեում: Նոյեմբերի 26-ին կառավարությունն Էդինբուրգում կներկայացնի «Սպիտակ գիրքը»՝ դա փաստաթուղթ է Միացյալ Թագավորության այդ մասի անկախացման հեռանկարների մասին: «Այդ հիմնարար փաստաթուղթը ներկայացնում է անկախության տնտեսական, սոցիալան և ժողովրդավարական սկզբունքները: Այնտեղ շարադրված են Շոտլանդիայի ուժեղ ֆինանսական կողմերն ու մանրամասն նկարագրված է անկախացման գործընթացը»,-հայտարարել է Շոտլանդիայի առաջին նախարարի տեղակալ Նիկոլա Սթարջոնը: «Սպիտակ գրքի» հետ մեծ հույսեր են կապում: «Անկախացման այդ ուղեցույցն ամենամանրակրկիտ ու հասկանալի փաստաթուղթը կլինի այդ տիպի երբևէ հրապարակված փաստաթղթերի շարքում: Այն կարող է պետք գալ ոչ միայն Շոտլանդիային, այլ պոտենցիալ անկախացող ցանկացած երկրի»,-ասել է Սթարջոնը:

Զեկույում մանրամասն նկարագրված են այն բոլոր գործընթացները, որոնք պետք է իրականացվեն ինքնիշխանության հաստատման համար մինչ Անկախության օրը ու առաջին ընտրությունները Շոտլանդիայի խորհրդարան: Սթարջոնը հորդորել է բնակչությանը ծանոթանալ այդ 670-էջանոց փաստաթղթին:

Մարտի 24-ը պատահաբար չի ընտրվել որպես Շոտլանդիայի հնարավոր ինքնիշխանության օր՝ այդ օրը 1603 թվականին կնքվել է «Թագերի դաշինքը»: Այն միավորեց Անգլիային և Շոտլանդիային տոհմային միությամբ, որի շրջանակներում երկու թագավորությունները մոտ 100 տարուց ավելի անկախ մնացին:

Ինչ վերաբերում է հանրաքվեի անցկացմանը, ապա այն նշանակվել է դեռ մարտին: Այդ ընթացքում հանրային կարծիքի հերթական հարցման արդյունքները ցույց տվեցին, որ Շոտլանդիայի անկախացմանը կողմ է բնակիչների միայն 30 տոկոսը, իսկ մոտ 50 տոկոսը համաձայն է պահպանել ստատուս քվոն:

Դեռ փետրվարին Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուն հայտարարեց, որ անկախ Շոտլանդիայի համար «շատ դժվար կլինի, եթե ոչ անհնար» անդամակցելը ԵՄ-ին: Ըստ նրա, եթե Շոտլանդիան անկախանա, նա ստիպված կլինի ընդհանուր հիմունքներով ԵՄ անդամակցության հայտ ներկայացնել:

Ըստ գործող կանոնակարգի, հայտը պետք է արժանանա դաշինքի բացառապես բոլոր անդամների հավանությանը, և հենց այդ փուլում են հավանական բարդությունները:

Օրինակ, հայտարարել է Բարոզուն, Իսպանիան ժամանակին դեմ էր Կոսովոյի անդամակցությանը ԵՄ-ին: «Ինչ-որ առումով այս դեպքը նման է, քանի որ խոսքը նոր պետության մասին է»,-հավելել է նա:

Բարոզուն հասկացրել է, որ Շոտլանդիայի բնակիչները պետք է իրենք որոշեն իրենց երկրի ապագան և ինքը մտադիր չէ ազդել նրանց որոշման վրա:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---