Ապրանքարտադրողների միության նախագահը գյուղմթերքի արտահանման ու այլընտրանքային բեռնափոխադրումների մասին

Ապրանքարտադրողների միության նախագահը գյուղմթերքի արտահանման ու այլընտրանքային բեռնափոխադրումների մասին

PanARMENIAN.Net - Արևմուտքի դեմ Ռուսաստանի պատասխան պատժամիջոցները և Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին լայն հնարավորություններ են բացում հայրենական գյուղատնտեսության զարգացման համար: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:

Սաֆարյանը նշել է նաև, որ այդ հնարավորություններից օգտվելու համար հարկավոր են վճռական քայլեր: Անհրաժեշտ միջոցների թվում Սաֆարյանը մատնանշեց գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների նվազեցման անհրաժեշտությունը, «հարկային արձակուրդների» ապահովումը ֆերմերային տնտեսությունների համար, տեխնոպարկի ստեղծումը: Նշելով, որ կառավարությունն արդեն իսկ որոշ քայլեր ձեռնարկում է այդ ուղղությամբ, նա ասաց. «140 հազար հեկտար չմշակված հողեր ունենք, որոնք պետք է մշակվեն, ստեղծեն ջերմոցային տնտեսություններ և խթանեն գյուղացիներին, որպեսզի առաքումը ռուսական շուկա կլոր տարի լինի»,- հավելեց նա: Սաֆարյանն ասաց նաև, որ հարկավոր է ստեղծել մի նոր ընկերություն, որը կզբաղվի դեպի Ռուսաստան բեռնափոխադրումներով:

Սաֆարյանի կարծիքով, գյուղմթերքից բացի, Ռուսաստան կարելի է արտահանել նաև տեղական տրիկոտաժն ու կոշիկը, հիշատակելով խորհրդային տարիներին մեծ համբավ ունեցող կոշիկի արտադրությունը: Նա հիշեցրեց, որ մինչև վերջերս ռուսական ընկերությունները քլորոպրենային կաուչուկ էին գնում Գերմանիայից, այժմ այդ առաքումները հարցականի տակ են: Եթե ռուսական կողմն արագացնի «Նաիրիտի» արդիականացման աշխատանքները, կբացահայտվի ռուսական շուկայում այդ արտադրանքի պահանջարկը 50-60 տոկոսով բավարարելու հնարավորությունը, ինչը կնպաստի արտահանման ծավալների աճին:

Սաֆարյանը կարծում է, որ պետք է ընդլայնել Ռուսաստանում առևտրային կցորդի ինստիտուտը: Ըստ նրա, Ռուսաստանի յուրաքանչյուր մարզում Հայաստանը պետք է առևտրային ներկայացուցիչ ունենա, որը կուսումնասիրի շուկայում առկա պահանջարկը՝ բարելավելով աշխատանքի արդյունավետությունը, հայտնում է Armenia Today-ը:

Ըստ ԱՌԿԱ գործակալության, Հայաստանը 2015 թ.-ին կարող է Ռուսաստան արտահանել 100-120 հազար տոննա գյուղատնտեսական արտադրանք՝ ընթացիկ տարում գրանցված մոտ 64-65 հազար տոննայի դիմաց, ասելէ Սաֆարյանը:

«Հայաստանը պետք է որոշիչ միջոցներ ձեռնարկի արտահանման այս մակարդակին դուրս գալու և իրավիճակից ամբողջությամբ օգտվելու համար, որը ստեղծվել է որոշ երկրներից գյուղատնտեսական արտադրանքի և հումքի ներկրման արգելքի կապակցությամբ», -ասել է նա:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 7-ին արգելեց մեկ տարվա ընթացքում Ռուսաստան ներկրել գյուղատնտեսական արտադրանքի, հումքի և պարենի առանձին տեսակներ այն երկրներից, որոնք պատժամիջոցներ են ներդրել Ռուսաստանի նկատմամբ: Նա հանձնարարել է ՌԴ կառավարությանը կազմել այդ սահմանափակումների շրջանակում հայտնված արտադրանքի կոնկրետ ցուցակը, որում հայտնվել են, մասնավորապես, տավարի և խոզի միսը, միրգը, թռչնամիսը, պանիրն ու կաթնամթերքը:

Սաֆարյանի կարծիքով՝ եթե բոլոր միջոցառումներն ամբողջությամբ իրականացվեն, ապա արդեն հաջորդ տարի Հայաստանը կարող է 70-80 մլն դոլարով ավելացնել Ռուսաստան իրականացվող արտահանման ծավալները:

ՀՀ ԱՎԾ-ի տվյալների համաձայն՝ Ռուսաստանի հետ Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառության ծավալը 2014 թ.-ի առաջին եռամսյակում կազմել է 596 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 0,5 տոկոսով: Հայաստանից Ռուսաստան իրականացվող արտահանումը հունվար-հունիսին կազմել է մոտ 133,9 մլն դոլար՝ նվազելով 6,4 տոկոսի, իսկ ՌԴ-ից Հայաստան իրականացվող ներկրումը կազմել է 462 մլն դոլար՝ ավելանալով 1,4 տոկոսով:

Հայաստանը բեռնափոխադրումների տեսակետից չի կարող հույսը դնել միայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի վրա, կարծում է Սաֆարյանը: «Վերին Լարս» հսկիչ անցակետի (Ստեփանծմինդա-Լարս) երթևեկությունը փակվել էր օգոստոսի 20-ի երեկոյան փլուզման պատճառով: Երթևեկությունը վերականգնվեց օգոստոսի 30-ին:

«Վերջին փլուզումը հանգեցրեց Հայաստանի և Ռուսաստանի միջև բեռնափոխադրումների նվազմանը: Լավ է, որ երթևեկությունն արագ վերականգնվեց: Սակայն, ցավոք, նման խնդիրները պարբերական բնույթ են կրում», - երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Սաֆարյանը:

Ավելի վաղ` մայիսի 17-ին, Վրաստանի տարածքում գրանցված ցեխահոսքի հետևանքով արգելափակվել էր Ռազմական-վրացական ճանապարհը «Կազբեգի-Վերին Լարս» հսկիչ անցակետի ուղղությամբ, և մեկ ամիս շարունակ դադարեցվել էր Վրաստանի տարածքով Ռուսաստանի և Հայաստանի միջև ցամաքային տարանցիկ հաղորդակցությունը: Սաֆարյանը կարծում է, որ այս խնդրի լուծումներից մեկը կարող է դառնալ թունելի կառուցումը, ինչը կօգնի խուսափել վտանգավոր հատվածներով երթևեկելուց:

«Թունելի կառուցման նախագիծը նոր չէ: Սակայն երկու անգամ դրան խանգարել են համաշխարհային պատերազմները, իսկ վերջին անգամ՝ ԽՍՀՄ-ի փլուզումը», - տեղեկացրեց Սաֆարյանը:

Խնդրի լուծմանն այլընտրանք կարող է դառնալ նաև երկաթուղու կառուցումը, որը կկապի Հայաստանը Ռուսաստանի հետ Իրանի միջոցով, ինչպես նաև Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերականգնումը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Աբխազիան դեմ չէ Հայաստանի համար միջանցիկ երկաթուղային հաղորդակցության նախագծին, սակայն այս գաղափարը կարող է քննարկվել միայն Աբխազիայի անկախության ճանաչումից հետո: Խորհրդային տարիներին Անդրկովկասի երկաթուղային ճանապարհի աբխազական հատվածով անցնում էր 24 զույգ բեռնատար և 14 զույգ ուղևորատար գնացք:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---