Երևանի մզկիթի դուռը բոլորի առջև բաց է. Թուրքերին նամազի համար արտոնություն տալու խնդիր չկա

Երևանի մզկիթի դուռը բոլորի առջև բաց է. Թուրքերին նամազի համար արտոնություն տալու խնդիր չկա

PanARMENIAN.Net - Երևանում գործող Կապույտ մզկիթում որևէ մեկին նամազ անելու արտոնություն տալու խնդիր չկա, մզկիթի դուռը բաց է բոլորի համար՝ անգլիացի, ֆրանսիացի, գերմանացի, թուրք, եթե վերջիններս ենթարկվում են մզկիթում 20 տարի ի վեր գործող հատուկ ծրագրերին, կրոնական ծիսակատարություններին և իրանական օրենքներին: Այդ մասին ասել է Երևանի Կապույտ մզկիթի հոգևոր սպասավոր շեյխ Շաջաանը ի պատասխան դիտարկմանը, որ մի քանի օր շարունակ թուրքական կայքերը գրում էին, թե Թուրքիայում՝ Իգդիրում մի շարք հասարակական կազմակերպություններ դիմել են արտաքին գործերի նախարարություն` հայտնելով, որ ցանկանում են Երևանի մզկիթում ուրբաթօրյա նամազ անել։ Ըստ այդմ` թուրքական ՀԿ-ները դիմել են արտգործնախարարություն` թույլտվություն ստանալու համար, ինչպես նաև պահանջել, որ նախաձեռնությունն իրականացնելու նպատակով Հայաստանից անվտանգության երաշխիք ստանան:

Նախաձեռնության կազմակերպիչն այսպես կոչված «հայկական անհիմն պնդումների դեմ միավորում» (Asimder) կազմակերպությունն է, որը հայտնի է իր հակահայկական գործունեությամբ: Ըստ տարբեր աղբյուրների` կազմակերպության ֆինանսավորողն Ադրբեջանն է:

«Պաշտոնապես մեզ որևէ բան չի հայտարարված և գրված: Մենք էլ ենք այդ լուրերի մասին իմացել սոցիալական ցանցերից, բայց պաշտոնապես որևէ բան չենք ստացել: Որևէ նամակ կամ տեղեկություն Թուրքիայից չենք ստացել: Երկրորդ կետն այն է, որ մզկիթի դուռը բաց է բոլորի համար՝ անգլիացի, ֆրանսիացի, գերմանացի, թուրքն էլ նրանց մեջ կարող է գա և գնա, մզկիթի դուռը բոլորի համար բաց է»,- ասել է մահմեդական հոգևոր սպասավորը, գրում է Tert.am-ը:

Նա նաև նշել է, որ 20 տարուց ավելի է՝ Կապույտ մզկիթն իր սեփական ծրագրերն ունի, և եթե նրանք ուզում են գալ, պետք է ենթարկվեն այդտեղ գործող, հատուկ մշակված ծրագրերին, օրակարգին և կրոնական ծիսակատարություններին, որոնք կատարվում են ըստ իրական օրենքների:

Asimder-ի նախագահ Գյոքսել Գյուլբեյը ասել էր, թե «այն դեպքում, երբ թուրքական կողմը երկու երկրների միջև երկխոսության հաստատման համար ջանքեր է գործադրում, Հայաստանն այս հարցում ոչ մի քայլ չի անում, ուստի սա բացը լրացնելու լավ առիթ է»:

Գյուլբեյը նաև նշել էր, որ Թուրքիայի հայկական համայնքն ազատ և անվտանգ միջավայրում կրոնական ծիսակատարություններ է իրականացնում և իրենք էլ ցանկանում են նույնը Երևանում անել: Գյուլբեյը պնդել էր, թե «Երևանն իրենց պատմական հայրենիքն է, որտեղից նախնիները բռնի տեղահանվել են»: Նրանք ցանկանում էին նամազ անել սեպտեմբերի 5-ին:

Ի պատասխան հարցին, թե արդյոք թուրքերը շատ են այցելում Երևանի կապույտ մզկիթ, և տանում են նրանց արդյոք թանգարանի այն հատվածը, որտեղ Հայոց ցեղասպանության մասին նյութեր կան, շեյխ Շաջջանը նշել է, որ ամեն ինչ ցույց է տալիս և ընկերական արձագանք ստանում, «անձամբ որևէ մեկի հետ պատերազմ չունի»:

Կապույտ մզկիթը կամ Գյոյ-ջամին կառուցել է Երևանի կիսանկախ սարդար Հուսեյն-Ալի խանը 1766 թվականին (հիջրեթի 1179 թվական): Մզկիթի հարավային դարպասի ճակատին դրա կառուցողը թողել է մի արձանագրություն, որի վերջում հիշատակվում են նրա անունն ու մզկիթի կառուցման թվականը: Կապույտ մզկիթը պատկանում է շիա դավանության մզկիթների շարքին: Այն Երևանի մզկիթների մեջ ոչ միայն ամենագեղեցիկն ու շքեղն էր, այլև` ամենամեծը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---