Հայաստանն ու ԱԶԲ-ն ստորագրեցին $37 մլն-ի վարկային համաձայնագիրը

Հայաստանն ու ԱԶԲ-ն ստորագրեցին $37 մլն-ի վարկային համաձայնագիրը

PanARMENIAN.Net - Հայաստանն ու Ասիական զարգացման բանկն այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ստորագրել են «Էլեկտրահաղորդման ցանցի վերակառուցման ծրագիր» վարկային համաձայնագիրը, որով Բանկը մեր երկրին մոտ 37 մլն ԱՄՆ դոլար վարկային միոջոցներ կտրամադրի (25 տարի մարման ժամկետով, ներառյալ 5 տարի արտոնյալ ժամկետով, տոկոսադրույքը` տարեկան 2%):

Ծրագրի շրջանակում նախատեսվում է ընդլայնել վերահսկման և տվյալների ձեռքբերման SCADA և էներգիայի կառավարման համակարգերը, ինչպես նաև վերակառուցել 220 կՎ «Ագարակ-2» և «Շինուհայր» ենթակայանները: Այնկնպաստի հանրապետության էներգետիկ անվտանգության և սպառողների էլեկտրամատակարարման հուսալիության բարձրացմանը, էներգետիկայի բնագավառում տարածաշրջանային փոխշահավետ գործակցության զարգացմանը:Դրա արդյունքում ակնկալվում է էներգիայի հաղորդման հզորության ուժեղացում: Հաղորդման և դիսպետչերական ցանցը կուժեղացվի` ներքին և արտահանման շուկաների էներգիայի հուսալի և բավարար մատակարարում ապահովելու համար:

Հայաստանի անունից համաձայնագիրը ստորագրել են էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, Ասիական զարգացման բանկի անունից` Բանկի՝ Հայաստանի մշտական ներկայացուցիչ Դեյվիդ Դոուլը:

Ծրագրի ամփոփ նկարագրի համաձայն, դրա նպատակը Հայաստանի էներգետիկ համակարգի գործառնական արդյունավետության բարելավումն ու էներգիայի մատակարարման հուսալիության ապահովումն է: Այն ներառում է երկու հիմնական բաղադրիչ. Առաջինը՝ վերահսկման և տվյալների ձեռք բերման (SCADA) համակարգի ընդալյնում, երկրորդը՝ գոյություն ունեցող ութ ենթակայանի վերակառուցում: Հայաստանը վառելիքի, ինչպես նաև վերականգնվող ռեսուրսների, օրինակ` ջրի, սահմանափակ պաշարների հանածո ունի: Տեղակայված արտադրական հզորությունը 2011-ի վերջին կազմել է ընդամենը 3,900 մեգավատ (ՄՎ): 2011-ի էլեկտրաէներգիայի արտադրության 34% կազմել է ատոմային էներգիան, 34%` հիդրոէլեկտրաէներգիան և 32%` ջերմային էներգիան (օգտագործելով ներկրված բնական գազ): 1990-ականների վերջից բարեփոխումների և ռեստրուկտուրիզացիայի շնորհիվ էներգետիկայի ոլորտը Հայաստանում հասել է նշանակալի արդյունքների: Բաշխման ցանցը և էներգիայի արտադրման ակտիվների մեծ մասը սեփականաշնորհվել են:

Ծրագիրն իրականացնելու են «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ները, տեղեկացնում են նախարարության մամուլի ծառայությունից:

Արդեն իսկ ներդրված SCADA համակարգը լիարժեք գործող ու արդյունավետ դարձնելու նպատակով նախատեսվում է լրացուցիչ մոտ 200 կմ օպտիկամանրաթելքային մալուխ տեղադրել, զգալիորեն ավելացնել համակարգից օգտվողների թիվը, արդիականացնել գոյություն ունեցող ծրագրային փաթեթը և ստեղծել հարևան երկրների համակարգերի հետ տվյալների միջսերվերային փոխանակման հնարավորություն:

Նախորդ տարիներին «Շինուհայր» 220 կՎ ենթակայանը մասնակիորեն վերակառուցվել է, ենթակայանում փոխարինվել են 220 կՎ լարման առաջնային սարքավորումները: Տվյալ ծրագրի շրջանակում կփոխարինվեն երկրորդային շղթաները, ռելեական պաշտպանության և ավտոմատիկայի հնացած սարքվածքները, որոնք այլևս չեն բավարարում հուսալի և անվտանգ էլեկտրաէներգիայի հաղորդման պահանջներին:

«Ագարակ-2» ենթակայանում, որն անմիջականորեն կապված է իրանական 230 կՎ լարման ցանցի հետ, նախատեսվում է տեղադրել լրացուցիչ 220/110 կՎ ավտոտրանսֆորմատոր, որն էներգահամակարգի տվյալ հատվածում կապ կստեղծի 220 և 110 կՎ լարման էլեկտրահաղորդման գծերի միջև և հնարավորություն կտա 110 կՎ «Ագարակ-1» ենթակայանից սնվող սպառողներին ապահովել էլեկտրաէներգիայի պահուստային սնուցմամբ:

Նախատեսվում է ծրագիրն ավարտել 2019-ին:

Միաժամանակ Ասիական զարգացման բանկի, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» և «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ընկերությունների միջև ստորագրվել է նաև էլեկտրահաղորդման ցանցի վերակառուցման Ծրագրի համաձայնագիրը:

Այն մասին, որ Հայաստանը պատրաստվում է Ասիական զարգացման բանկից վարկ վերցնել, հայտնի էր դարձել հունիսին: Վարչապետ Հովիկ Աբրահամյանի` հունիսի 4-ի որոշման համաձայն, Բանկի պատվիրակության հետ էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի վերակառուցման ծրագրի շրջանակում Ասիական զարգացման բանկի կողմից առաջարկվող 37 մլն ԱՄՆ-ի դոլար վարկի շուրջ Երևանում բանակցություններ վարելու նպատակով բանակցային խումբ էր ստեղծվել, որը գլխավորել էր նախարար Երվանդ Զախարյանը: Ըստ որոշման` բանակցային խմբի ղեկավարը լիազորվում է Հայաստանի կառավարության անունից քննարկել էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի վերակառուցման ծրագրի վարկավորման դրույթներն ու պայմանները, ինչպես սահմանված է վարկային համաձայնագրի նախագծով, և բանակցությունների արդյունքում ստորագրել համապատասխան արձանագրություն:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---