Վարդան Պետրոսյանի առաջին ցուցմունքը. Մոտակա և հեռակա լույսերով մի քանի նշան արեցի «Նիվա»-յին

Վարդան Պետրոսյանի առաջին ցուցմունքը. Մոտակա և հեռակա լույսերով մի քանի նշան արեցի «Նիվա»-յին

PanARMENIAN.Net - Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում սեպտեմբերի 6-ին շարունակվել է դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատը, որի ընթացքում նա իր առաջին ցուցմունքն է տվել: Իր իսկ հարցին, թե ինչու մինչև հիմա ցուցմունք չէր տալիս, դերասանը պատասխանել է՝ հրաժարվելու մի քանի պատճառ կար:

«Առաջին՝ քննիչ Հակոբյանը փորձել է մի քանի անգամ ինձնից ցուցմունքներ կորզել` առանց իմ փաստաբանի ներկայության: Ես էլ ասել եմ ցուցմունք չեմ տա, քանի որ փաստաբանս ներկա չէ: Նախաքննության ընթացքում նախաքննական մարմինը համառորեն փաստաբանիս չէր տրամադրում գործում առկա փաստաթղթերը: Այսինքն` ցուցմունք չէի տալիս որպես բողոքի ակցիա»,- նշել է Վարդան Պետրոսյանը, գրում է Panorama.am-ը:

Նա նաև նշել է՝ մինչև այժմ չի խոսել, քանի որ վախեցել է, որ իր ցուցմունքը կարող է հակասել տուժող կողմի ցուցմունքներին, այն դեպքում, երբ տուժողների վերաբերմունքն արդեն իսկ բավական ագրեսիվ էր:

«Տպավորություն էր ստեղծվել, որ ես վախեցել եմ ցուցմունք տալ: Ամենայն անկեղծությամբ եմ ասում, նման պարագայում լռելն ինձ համար ավելի տղամարդկայնություն էր, քան խոսելը: Տուժող կողմն ուզում էր, որ ցուցմունք տամ, հիմա այդպես էլ անում եմ»,- նշել է նա:

Վարդան Պետրոսյանին մեղադրանք էր առաջադրվել, քանի որ 2013-ի հոկտեմբերի 20-ին՝ ժամը 22:10–ի սահմաններում, Կոտայքի Սարալանջ գյուղից դեպի Երևան վարել է իր անձնական «ԲՄՎ-320» մակնիշի, 04 ավտոմեքենան ու, հասնելով Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածին, ոչ պատշաճ, վտանգավոր երթևեկություն իրականացրել: Ավտոմեքենան վարել է բնակավայրում սահմանված թույլատրելի առավելագույնը գերազանցող առնվազն՝ 71 կմ/ժ արագությամբ և երթևեկության ընթացքում օգտվելով հեռախոսակապից, զրկել իրեն ավտոմեքենայի լիարժեք կառավարումն իրականացնելու տեխնիկական հնարավորությունից:

Այդպիսով, ըստ մեղադրանքի, Պետրոսյանը ճանապարհային երթևեկության կանոնների 65 և 66 կետերի, ինչպես նաև «ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 23 հոդվածի 3-րդ կետի, 24 հոդվածի 7-րդ կետի «Զ» ենթակետի պահանջներին հակասող գործողություններով վթարային իրադրութուն է ստեղծել, որի արդյունքում ավտոմեքենան դուրս է բերել երթևեկելի մասից դեպի աջ և առջևի մասով ընդհարվել հողածածկ կողնակում կանգնած վիճակում գտնվող «Վազ 21214» մակնիշի ավտոմեքենայի հետևի մասին: Բախման հետևանքով «Վազ 21214»-ի ուղևորներ էդվարդ ու էդգար Հակոբյանները մահացել են, Տաթևիկ Հակոբյանի առողջությանը կյանքին վտագ սպառնացող ծանր վնաս է պատճառվել, Հայկ ու էմմա Հակոբյանների, ինչպես նաև վարորդ Արթուր Հակոբյանի առողջությանը՝ առողջության տևական քայքայումով միջին ծանրության վնաս:

Պետրոսյանին մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»:

Խոսելով վթարի օրվա մասին` դերասանն ասել է, որ նախապես պայմանավորվածություն ունենալով «Չէին սպասում» հաղորդաշարի հետ, առավոտյան, մինչև նկարահանող խմբի ժամանելը, Սարալանջ գյուղի իր տան բակում ընկույզ է հավաքել:

«Չէին սպասում» հաղորդաշարը նկարահանելուց հետո, դրա ռեժիսոր Սուրեն Շահվերդյանի առաջարկով նկարահանվել է նաև «Քաղցած չէին սպասում» հաղորդաշարը: Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք իր տան բակում դրված սեղանին օղու շշի մեջ ջուր է եղել, թե օղի, նա կրկնել է, որ դրա մեջ ջուր է եղել:

«Հաջորդ օրը ներկայացման էի: Ներկայացման հաջորդ օրը, ներկայացման ժամանակ, ներկայացումից հետո ալկոհոլ չեմ օգտագործում»,- ասել է Պետրոսյանը:

Իսկ թե ինչու է Եղվարդից վերադարձել Երևան, իր իսկ հարցին պատասխանելով ասաց, որ Սարալանջում ջրի խնդիր կա, տանը ջուր չի ունեցել, վերադարձել է, որպեսզի առավոտյան պատրաստ գնա աշխատանքի: Այդ օրը, նախքան ներկայացումը, երկու հարցազրույց է տվել: Անդրադառնալով միջադեպին, նա նշել է, որ մեքենան վարել է դանդաղ, նկատել է իրենից մի քիչ դեպի աջ գտնվող «Նիվա» ավտոմեքենան, որի հետադարձ լույսը վառված էր, մի քանի անգամ մոտակա և հեռակա լույսերով նշան արել՝ մտածելով, որ հանկարծ կարող է թեքվի մի քիչ ձախ:

«Անսպասելիորեն «Նիվան» թեքվում է դեպի խճուղի՝ դուրս գալով բանուկ մաս, իմ մեքենայի դիմաց: Եղել է բախում, գիտակցությունս կորցրել եմ»,- պատմել է դերասանը՝ հավելելով, որ ուշքի է եկել մաքուր օդից, երբ իրեն մեքենայից հանել են դուրս:

Այնուհետև նշել է, որ վթարի վայրից իրեն տեղափոխել են Եղվարդի հիվանդանոց, ապա՝ Երևան: Տեղափոխող անձնակազմը երիտասարդներ են եղել, ու, նրա խոսքով, սկսել է կատակել՝ նրանց քաջալերելու համար, քանի որ իր վիճակը շատ ծանր է եղել:

«Բոլորովին չեմ իմացել, որ ողբերգություն է եղել, որ երեխաներ են զոհվել: Հետո, երբ իմացա, ցնցումը շատ մեծ էր»,- ասել է նա: Ավարտելով իր խոսքը՝ Պետրոսյանն ասել է. «Երբ իրար կրակող, սպանող մարդիկ ընդամենը մի դեպուտատի ստորագրությամբ դուրս են թողնվում, իսկ երբ գիտես, որ ողբերգություն է եղել, դժբախտ պատահար, 11 ամիս է նստած ես... Քո համար ստորագրել է դեպուտատների կորպուս, արվեստի հայտնի գործիչներ, Հայաստանում և Ֆրանսիայում 21 հազար քաղաքացի, քննչական մարմիններն այնքան ծանր հանցագործ են համարում, որ եկել եմ այն եզրակացության, որ այս գործը քննվեց որպես կանխամտածված սպանություն և օգտագործվեց ինձ հոգեպես ճնշելու համար»:

Ավտովթարի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը պաշտոնապես ավարտվել էր հունվարի 23-ին:

Նոյեմբերի 4-ին դերասանը հիվանդանոցից տուն էր վերադարձել. արդեն ամսի 9-ին տեղեկություն էր տարածվել, որ նրան կալանավորելու որոշում է կայացվել։ Երբ ոստիկաններն եկել էին դերասանին կալանավորելու, նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր, արդյունքում Վարդան Պետրոսյանին կրկին տեղափոխել էին հիվանդանոց, որտեղից արդեն՝ «Սթրես» կենտրոն` սթրեսային վիճակի ախտորոշմամբ։ Մի քանի օր այնտեղ անցկացնելու հետո Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը պահանջել էր, որ Պետրոսյանը ներկայանա իր նկատմամբ խափանման միջոց ընտրելու հարցով դատական նիստին․ ներկայացել էր, արդունքում երկու ամսով կալանավորելու որոշում էր կայացվել՝ դատարանից նրան միանգամից տարել էին «Դատապարտյալների հիվցանդանոց» ՔԿՀ:

Հայտնի դերասանին կալանքի տակ առնելու ու պահելու փաստը հասարակությունում մեծ աղմուկ էր բարձրացրել թե քաղաքացիների, թե մտավորականության շրջանակում։ Ստորագրահավաք էր սկսվել կալանքը որպես խափանման միջոց վերացնելու համար, տասնյակ մտավորականներ, այդ թվում՝ Շառլ Ազնավուրը, կոչ էին անում՝ երաշխավորելով, որ դերասանն երկրից չի հեռանա ու կներկայանա բոլոր դատական նիստերին, բայց ոչինչ չօգնեց՝ դատարանը վճռական էր։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---