Թուրք ռեժիսոր. Կան թուրքեր, որոնք ճանաչում են Հայոց ցեղասպանությունը, և գնալով նրանց թիվն ավելանում է

Թուրք ռեժիսոր. Կան թուրքեր, որոնք ճանաչում են Հայոց ցեղասպանությունը, և գնալով նրանց թիվն ավելանում է

PanARMENIAN.Net - Հայտնի գերմանաբնակ թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքինը, որը Վենետիկի կինոփառատոնում ներկայացրեց «Սպի» ֆիլմը Ցեղասպանությունը վերապրած հայի մասին, պատմել է թուրքական Hurriyet-ին այն մասին, որ ցեղասպանության ընկալումը թուրքերի շրջանում փոխվել է: Նա անդրադարձել է նաև այն խնդրին, թե արդյոք հեշտ է թուրքի համար արտասանել «արգելված բառը»:

«Սպի» ֆիլմը պատմում է Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայազգի Նազարեթ Մանուկյանի մասին: Ցեղասպանությունից տարիներ անց նա պատահաբար իմանում է, որ իր զույգ աղջիկները, հնարավոր է, նույնպես փրկվել են, և սկսում նրանց որոնումները՝ հասնելով մինչև Հյուսիսային Դակոտա:

Ֆիլմի տևողությունը 138 րոպե է, այն անգլալեզու է, սցենարի հեղինակներն են ռեժիսորն ու Մարտիկ Մարտինը: Ֆիլմում նկարահանվել են Արսինե Խանջյանը, Սիմոն Աբգարյանը, Ակին Ղազին և այլոք:

Ըստ ռեժիսորի, ցեղասպանության քննարկման ընկալումը Թուրքիայում կտրուկ փոխվեց 2007-ին Հրանտ Դինքի սպանությունից հետո:

«Լրագրող Հասան Ջեմալը գիրք ունի ցեղասպանության մասին, ես արվեստագետ ընկերներ ունեմ, որոնք աշխատանքներ ունեն այդ թեմայով: Կա թուրքերի մի շերտ, որոնք ճանաչում են ցեղասպանությունը և նրանց քանակը գնալով աճում է… Կարծես, գնալով ավելի հեշտ է դառնում քննարկել այդ թեման: Տասնամյակների տաբուներն այսօր թուլացած են թվում»,- ասել է նա:

Անդրադառնալով թուրքական ազգայնական ռեսուրսների կողմից հնչած սպառնալիքներին՝ Աքինը նշել է, որ դրանք իրեն չեն հուզում: «Ես աշխատել եմ ֆիլմի վրա 7 տարի և պատրաստ եմ սպառնալիքներին»:

Ռեժիսորը նշեց, որ իրեն սպառնացել են ընդամենը մեկ անգամ, սակայն երկրից դուրս թվում էր, թե «ամբողջ Թուրքիան դեմ է ֆիլմին»:

Ավելի վաղ թուրք ազգայնականները ֆիլմի համար սպառնացել էին Աքինին՝ նշելով, որ թույլ չեն տա ֆիլմը ցուցադրել Թուրքիայում այն բանից հետո, երբ ռեժիսորը հարցազրույց էր տվել հայկական «Ակօս»-ին։ «Մենք բացեիբաց սպառնում ենք «Ակօս»-ին, հայ ֆաշիստներին ու այսպես կոչված մտավորականներին։

Թուրք-թուրանական ասոցիացիայի աջակցությամբ հրատարակվող Ötüken անվամբ ամսագրի տարածած հայտարարությունում ասվում էր, որ այդ ֆիլմը Թուրքիայի ոչ մի կինոթատրոնում չի ցուցադրվի։

Ըստ Աքինի, «ցեղասպանություն» բառի վախը նրան օգնեց հաղթահարել Հասան Ջեմալի «1915. Հայոց ցեղասպանություն» գիրքը: «Մինչ այդ ես ուղիներ էի փնտրում, թե ինչպես խուսափեմ այդ բառն օգտագործելուց»,-խոստովանել է նա:

Արդյո՞ք ֆիլմը նկարահանվել է մեղքի զգացումից կամ պատասխանատվությունից դրդված: «Այո: Ես զգում եմ պատասխանատվություն: Ոչ ես, ոչ հայրս այն ժամանակ ծնված չէինք: Բայց ես այս հասարակության մասն եմ, և դա այն է, ինչի համար ես պատասխանատվություն եմ զգում: Ինչ վերաբերում է ներողությանը, ապա ֆիլմը ներողություն չէ: Դու գնում ես այնտեղ և ներողություն խնդրում: Դա այլ է…»,-հայտարարել է ռեժիսորը:

Հայոց ցեղասպանության մասին գեղարվեստական ֆիլմերը

1915՝ «Արյունոտ Արևելք», ռեժ.` Ա. Արկատով,
1915՝ «Քրդերի իշխանության տակ» (Թուրքական Հայաստանի ողբերգությունը). ռեժ.` Ա. Միներվին,
1919՝ «Հոգիների աճուրդը» (Ravished Armenia), ռեժ.` Օ. Ափվելը ,
1928՝ «Անդրանիկ», ռեժ.` Ա. Շահխաթունի,
1960՝ «Հյուսիսային ծիածան», ռեժ.` Ա. Հայ-Արտյան
1963՝ «Ամերիկա, Ամերիկա» (America America) ռեժ.` Է. Քազան
1969՝ «Սարոյան եղբայրներ», ռեժ.` Խ. Աբրահամյան, Ա. Հայրապետյան
1970՝ «Գարուն ա, Ձյուն ա արել», ռեժ.` Գ. Մելիք-Ավագյան
1970՝ «Կոմիտաս Վարդապետի կյանքն ու երգերը», ռեժ.` Զ. Էլմասյան
1972՝ «Կրակեցեք դաշնակահարի վրա», ռեժ.` Ֆ. Տրյուֆո
1974՝ «Պատը», ռեժ.` Յ. Գյունեյ
1975՝ «Կեսգիշերային ճեպընթաց», ռեժ.` Ա. Փարկեր
1977՝ «Նահապետ», ռեժ.` Հ. Մալյան
1977՝ «Երկունք», ռեժ.` Ֆ․ Դովլաթյան
1977՝ «Քարե հովիտ», ռեժ.` Ա. Մկրտչյան
1979՝ «Ձորի Միրո», ռեժ.` Ժ. Ավետիսյան
1981՝ «Գործուղում առողջարան». ռեժ.` Ա. Հայրապետյան
1981՝ «Մուսա լեռան 40 օրը», ռեժ.` Ջ. Քյուրքչյան,
1982՝ «Մուսա լեռան 40 օրը», ռեժ.` Ս. Մուրադյան,
1982՝ «Առաքելություն ի Բեռլին», ռեժ.` Հ. Թուխանյան,
1983՝ «Գիշերում առկայծող կրակ», ռեժ.` Ռ. Գևորգյանց, Գ. Կևորկով,
1985՝ «Ապրիլ», ռեժ.` Վ. Չալդրանյան,
1985՝ «Մի հայի օրագիր», ռեժիսորների խումբ
1986՝ «Զոհը», ռեժ.` Հ. Լինդեր
1988՝ «Հրաժեշտի հինգ նամակ», ռեժ.` Յու. Երզնկյան
1988՝ «Մուսա լեռ-88. Վիշապի տարի», ռեժ.` Ա. Վահունի
1988՝ «Երթ», ռեժ.` Է. Իսահակյան
1988՝ «Կոմիտաս», ռեժ.` Դ. Ասկարյան
1990՝ «Կարոտ», ռեժ.` Ֆ. Դովլաթյան
1991՝ «Մայրիկ», ռեժ.` Ա․ Վերնոյ,
2002՝ «Արարատ», ռեժ.` Ա. Էգոյան,
2007՝ «Արտույտների ագարակը» (La Masseria Delle Allodole), ռեժ.` Վիտտորիո և Պաոլո Տավիանի եղբայրներ,
2009՝ «Հոգիների աճուրդը» (Ravished Armenia) (1919-ին նկարահանված ֆիլմի վերականգնված ու վերամոնտաժված տարբերակը),
2010՝ «Շների կղզին», ռեժ.` Ս․ Ավեդիքյան,
2011՝ «Վանա ծովուն արշալույսը», ռեժ.` Ա․ Իգիթյան, Վ․ Ստեփանյան,
2014՝ «Սպին» (The Cut, ռեժ․՝ Ֆ․ Ակին։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---