28  08.09.14 - Մեկնարկել է Ազգային Ժողովի աշնանային նստաշրջանը

Պատգամավորները կարող են գումար փոխանցել Իրաքի եզդիներին. Հատուկ հաշվեհամար է բացվել

Պատգամավորները կարող են գումար փոխանցել Իրաքի եզդիներին. Հատուկ հաշվեհամար է բացվել

PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային ժողովը հատուկ հաշիվ է բացել, որին խորհրդարանի պատգամավորները Իրաքի եզդիների օգնությանն ուղղված գումար կփոխանցեն: Այդ մասին սեպտեմբերի 8-ին խորհրդարանի նիստին հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Բոլորդ տեղյակ եք, որ Հայաստանի եզդիական համայնքը դիմել է մեզ Իրաքի եզդիներին օգնելու խնդրանքով: Ես պետք է տեղեկացնեմ, որ համապատասխան հաշվեհամարն արդեն բացված է, և այն պատգամավորները, ովքեր կցանկանան օգնել Իրաքի եզդիներին, կարող են փոխանցումներ կատարել այդ հաշվեհամարին», - ասել է Շարմազանովը՝ պատգամավորներին կոչ անելով մասնակցել դժվար իրավիճակում հայտնված եզդիներին օգնության նախաձեռնությանը, գրում է Armenia Today-ը:

ՀՀ կառավարության՝ Իրաքում ծայրահեղականների գործողությունների հետևանքով տուժած և իրենց բնակավայրերից տեղահանված եզդիներին 100.000 ԱՄՆ դոլարի չափով օգնությունտրամադրելու համապատասխան հայտագիրը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 2-ինհանձնել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿԳՀ) հայաստանյան ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվիթին։ Գումարը փոխանցվելու է ՄԱԿ-ի ՄԱԿԳՀ-ի ժնևյան կենտրոնակայանի հաշվեհամարին: Միջոցառմանը ներկա էին նաև Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն, Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը, Հայաստանի եզդիների հոգևոր առաջնորդ շեյխ Բրո Հասանյանը:

Վերջին շաբաթներին աշխարհի ուշադրության կենտրոնում են«Իսլամական պետություն» խմբավորմանկողմից կրոնական և ազգայինփոքրամասնությունների դեմ իրականացվող զանգվածային ոճրագործությունները։ Բռնությունների հետևանքով բնակության մշտական վայրերից տեղահանվել են հազարավոր խաղաղ բնակիչներ` եզդիներ, քրիստոնյաներ, մահմեդականներ։ Բռնությունները բազմաթիվ զոհերի պատճառ են դարձել։

Օգոստոսի 18-ին նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը հայտարարություն էր տարածել` նշելով, որ որևէ ազգային և կրոնական փոքրամասնության և, մասնավորապես, Իրաքի եզդիների հանդեպ բռնության կիրառումը բացարձակապես անընդունելի է, և միջազգային հանրությունը պետք է անհապաղ քայլեր ձեռնարկի դրանք ժամ առաջ դադարեցնելու, տուժածներին աջակցություն ցուցաբերելու, մարդասիրական օգնություն տրամադրելու համար:

Նախագահի կողմից հանձնարարականներ էին տրվել արտգործնախարարությանը և դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին՝ միջազգային ասպարեզում խնդրին պատշաճ մակարդակով հետամուտ լինելու իրենց ջանքերը կրկնապատկելու համար: Նախագահ Սարգսյանը օգոստոսի 18-ին վարչապետի հետ քննարկել է նաև Հայաստանի կողմից տրամադրվող մարդասիրական օգնության՝ նախապես ծրագրված ծավալները՝ 50.000 ԱՄՆ դոլարը, կրկնապատկելու հարցը, ինչին ՀՀ կառավարությունը լուծում է տվել օգոստոսի 21-ին:

Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ նախագահի հանձնարարությամբ` արտգործնախարարությունը համապատասխան քայլեր է ձեռնարկել.

«Հայաստանի ներկայացուցիչները միջազգային կազմակերպություններում բարձրաձայնել են խնդրի հրատապության և միջազգային հանրության կողմից անհապաղ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտության մասին։ Հայաստանը համահեղինակել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում սեպտեմբերի 1-ին ընդունված համապատասխան բանաձևը»,- նշել է նա։

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվիթը բարձր է գնահատել Իրաքի եզդիներին օժանդակելու Հայաստանի որոշումը, որը կարևոր ներդրում է` տեղահանվածներին օգնելու գործում։

Ավելի վաղ Ազիզ Թամոյանը հայտարարել էր, որ պատրաստվում են Իրաքի հյուսիսային հատվածում բնակվող եզդիների մոտ 200 ընտանիք վերաբնակեցնել Արցախում: Նրա խոսքով,Ղարաբաղի ղեկավարությունը համաձայնել է աջակցել այդ ընտանիքներին: Թամոյանը նաև նշել էր, որ Հայաստանի եզդիաբնակ տարբեր գյուղերում դրամահավաք է անցկացվում, գումարները կփոխանցվեն հատուկ հաշվեհամարի, որով էլ կկազմակերպվի այդ ընտանիքների տեղափոխումը:

«Իսլամական պետություն» խմբավորումը, որը մինչև վերջերս կոչվում էր «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ISIS), իրաքյան սունիների ապստամբ խմբերի գլխամասային կազմակերպությունն է, որը ստեղծվել է 2006-ի հոկտեմբերի 15-ին: Խմբավորումը իշխանության հավակնություններ ունի 18 իրաքյան գավառից 8-ում, որտեղի բնակչությունը հիմնականում սունիներ են: Կազմակերպության ստեղծմանը մասնակցել է «Ալ Քայիդան» և նրա հետ կապված «Շուրա մոջահեդների խորհուրդը»: Գլխավոր նպատական է օկուպանտների և նրանց դաշնակիցների արտաքսումը և իսլամական շարիաթական պետության ստեղծումը Իրաքի սունիների գավառներում: 2010-ի մարտին ավիահարվածի արդյունքում ոչնչացվեցին խմբավորման երկու առաջնորդները՝ Աբու Օմար ալ Բաղդադին և եգիպտացի Աբու Այուբ ալ Մասրին: Նոր առաջնորդ դարձավ մարոկացի Ան Նասեր Լիդինիլ Աբու Սուլեյմանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---