Էրդողանը փորձել է Օլանդին ճնշել Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու հարցում

Էրդողանը փորձել է Օլանդին ճնշել Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու հարցում

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փորձել է ճնշում գործադրել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի վրա Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման հարցում:

Ինչպես հայտնում է Լիբանանում լույս տեսնող «Ազդակ» թերթը Ստամբուլի հայալեզու «Մարմարա» պարբերականի վրա հղումով, խոսակցությունը, որի ժամանակ էրդողանը փորձել է զգուշացնել Օլանդին հրաժարվել ցեղասպանության վերաբերյալ օրինագծի ընդունումից, կայացել է սեպտեմբերի 4-5-ը Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած նախագահների առանձին հանդիպման ժամանակ:

Էրդողանը հիշեցրել է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման մասին, ինչպես նաև հիշեցրել Բաքվին տված ինչ-ինչ խոստումների մասին: «ՆԱՏՕ-ն շատ կզորանա, եթե գործակցություն հաստատի Ադրբեջանի հետ»,-հայտարարել է Էրդողանը:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի խորհրդարանի քննարկմանն է ներկայացվել 20-րդ դարի ցեղասպանությունների և մարդկայնության դեմ ոճրագործությունների ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ: Օրինագիծը ներկայացրել է խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն: Պատգամավորը նշել է, որ Ֆրանսիան պաշտոնապես ճանաչել է երկու ցեղասպանություն՝ Հոլոքոսթն ու Հայոց ցեղասպանությունը, սակայն պատժելի է միայն Հոլոքոսթի ժխտումը: Բուայեն վստահ է, որ այդ ոչ արդարացի իրավիճակը շտկման կարիք ունի:

Սա Վալերի Բուայեի նախաձեռնած առաջին օրինագիծը չէ: 2013-ի փետրվարին Ֆրանսիայի Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Այս օրինագիծը հիմնված է Եվրախորհրդարանի ընդունած «Ցեղասպանության և ռազմական հանցագործությունների ժխտման քրեականացումը» հոդվածի վրա: Նա նախկինի պես պատիժ է նախատեսում մինչև մեկ տարվա ազատազրկում կամ 45 հազար եվրո տուգանք ցեղասպանության ժխտման համար:

Մինչ այդ Բուայեն նմանատիպ օրենքի ընդունման նախաձեռնությամբ հանդես եկավ: 2012 թվականի հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը օրինագիծ ընդունեց ցեղասպանությունների ժխտման մասին, այդ թվում Հայոց ցեղասպանության: Մինչ այդ Բուայեի նախաձեռնած փաստաթուղթը 2011թ. դեկտեմբերի 22-ին ընդունել էր ստորին պալատը՝ Ազգային ժողովը: Փետրվարի վերջում Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդն օրինագիծը համարեց հակասահմանադրական, քանի որ այն «վտանգում է խոսքի ազատությունը»:

Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացումը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախընտրական խոստումն է:

Ֆրանսիայից բացի, Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ է քննարկվում նաև Հունաստանում՝ խորհրդարանի օրակարգում է խտրականության, անհանդուրժողականության և ռասիզմի դեմ օրենքի նախագիծը, որով պատիժ է նախատեսվում սահմանել այդ թվում նաև Հայոց ցեղասպանության ժխտման համար: Օրերս հայտնի դարձավ, որ Էրդողանը զգուշացրել է Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասին, որ օրինագիծը կարող է բարդությունների պատճառ դառնալ հույն-թուրքական հարաբերություններում: Հունական կողմն, իր հերթին, նշել է, որ օրինագիծը համապատասխանում է միջազգային իրավունքին և Եվրոպայում ընդունված որոշումներին: Օրինագիծն, ըստ Աթենքի, նախապատրաստվել է որպես հարգանքի տուրք զոհերին և ոչ մի կապ չունի ժամանակակից Թուրքիայի հետ հարաբերությունների հետ:

Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքներ են գործում Շվեյցարիայում և Սլովակիայում:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---