Դոնբասում կործանված Boeing 777-ի վերաբերյալ նախնական զեկույցը. 34 էջ՝ առանց գլխավոր հարցերի պատասխանների

Դոնբասում կործանված Boeing 777-ի վերաբերյալ նախնական զեկույցը. 34 էջ՝ առանց գլխավոր հարցերի պատասխանների

PanARMENIAN.Net - Նիդերլանդների Անվտանգության խորհուրդը հրապարակել է Ուկրաինայի օդային տարածքում կործանված մալազիական Boeing 777-ի վթարի վերաբերյալ նախնական զեկույցը:

34-էջանոց փաստաթուղթը բազում տեխնիկական, եղանակային, օդրերևութաբանական և կործանված ինքնաթիռին ու թռիչքին, անձնակազմին, ինքնագրիչներին վերաբերող այլ մանրամասների թվարկում է: Փորձագետները զգուշավոր են ձևակերպումներում՝ ինքնաթիռի կործանման պատճառ են եղել «կառուցվածքային վնասվածքները բարձր էներգետիկ օբյեկտների արտաքին ազդեցության արդյունքում»: Զեկույցում չի ասվում, թե ինչով է պայմանավորված «արտաքին ազդեցությունը», որի հետևանքով ինքնաթիռը մաս-մաս է եղել օդում ավելի քան 10 հազար մետր բարձրության վրա:

Զեկույցում, մասնավորապես, ասվում է, որ ինքնաթիռի ինքնագրիչները ամբողջական են մնացել, թռիչքի ընթացքում տեխնիկական անսարքություններ չեն եղել, անձնակազմը արտահերթ կապ չի հաստատել կարգավարների հետ: Թռիչքի տևողության պատճառով անձնակազմը երկու հերթափոխ ուներ՝ կապիտանները ավելի քան 10 հազար թռիչքաժամ ունեին, որից 7000-ը Boeing 777-ով, առաջին օդաչուները՝ 3000 թռիչքաժամ, որից մոտ 200 ժամը՝ Boeing 777-ով: Ինքնաթիռը վերջին ստուգումն անցել էր 2014-ի ապրիլին, տեխնիկական անսարքություններ չէին հայտնաբերվել, Ամստերդամից թռչելիս ևս ոչ մի տեխնիկական հարց չի առաջացել, թռիչքն անցնում էր նորմալ:

Թռիչքի վերջին վայրկյանները նույնպես սովորականի պես են անցել՝ 13:19:49-ին ուկրաինացի կարգավարները վերջին ցուցումներն են տվել թռիչքի վերաբերյալ, հաստատումը ստանալով մի քանի վայրկյան անց: 13:20-ին ուկրաինական կարգավարները Դնեպրոպետրովսկից կրկին ցանկացել են կապ հաստատել հերթական ցուցումները տալու համար, սակայն ինքնաթիռը չի պատասխանել: Չորս ապարդյուն փորձերից հետո Դնեպրոպետրովսկի կարգավարների հետ կապ է հաստատել Ռոստովը և հայտնել, որ կարծես, ինքնաթիռը մասնատվում է: Ինքնագրիչների գրառումները կասեցված են 13:20-ին:

Հուլիսի 17-ին Ռուսաստանի ու Ուկրաինայի սահմանին՝ Դոնեցկ քաղաքից ոչ հեռու, որտեղ ռազմական գործողություններ էին ընթանում, կործանվեց Boeing 777 ինքնաթիռը, որում 280 ուղևոր ու անձնակազմի 15 անդամ կար: Մալազիական ավիաուղիների բոինգը կատարում էր Ամստերդամ-Կուալա Լումպուր թռիչքը։ «Ռուսաստանի ավիատարածք մտնելուց 50 կմ առաջ այն սկսել է իջնել, հետագայում ինքնաթիռը գտել են Ուկրաինայի տարածքում այրվող հետքերով»,- նշել է աղբյուրը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---