Ցինկեր. Այսուհետ Իսրայելի դիվանագիտության ջանքերն ուղղված կլինեն Թուրքիայի իրական դեմքի բացահայտմանը

Ցինկեր. Այսուհետ Իսրայելի դիվանագիտության ջանքերն ուղղված կլինեն Թուրքիայի իրական դեմքի բացահայտմանը

PanARMENIAN.Net - Ատելությունն Իսրայելի դեմ Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախընտրական արշավի գլխավոր դրույթն էր: Երբ նրա հռչակած «զրո խնդիրներ հարևանների հետ» քաղաքականությունը հանգեցրեց բազում խնդիրների սահմանակից երկրների, Եվրամիության անդամների հետ, Իսրայելն այդ ֆոնին շատ հարմար թիրախ էր թշնամու կերպարի համար, հայտարարել է Ընտրական համակարգերի միջազգային կենտրոնի (ICES) նախագահ, Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Ցինկերը:

Ցինկերը հիշեցրել է, որ Գազայում վերջին հակամարտության ժամանակ Էրդողանը մեղադրեց Իսրայելին պաղեստինցիների դեմ «պետական ահաբեկչության» մեջ: Նա հայտարարեց, որ հարաբերությունների կարգավորում Իսրայելի ու Թուրքիայի միջև այժմ լինել չի կարող:

Սակայն, ըստ Ցինկերի, նույնիսկ այս իրավիճակում, չնայած, որ Անկարայի ու Թել Ավիվի հարաբերությունները որակապես վատթարացել են, Իսրայելում շարունակում է գործել ուժեղ լոբբի, որը փորձում է թույլ չտալ, որ հարաբերություններն ավելի սառեն. «Սակայն, բարեբախտաբար, համբերությունն ամեն դեպքում վերջ ունի»:

Ինչպես հայտնում է իսրայելյան NRG պորտալը, վերջին 5 տարում պաշտոնական Երուսաղեմը, հույս ունենալով, որ թուրք-իսրայելյան հարաբերությունները կջերմանան, ձեռնպահ էր մնում կտրուկ արտահայտություններից Էրդողանի ու թուրք բարձրագույն մյուս ղեկավարների հասցեին: Սակայն, երբ թուրքական իշխանությունները բացահայտ կերպով սատարեցին ՀԱՄԱՍ-ին, Երուսաղեմը որոշեց խախտել լռությունը:

Իսրայելն այլևս մտադիր չէ ձեռնպահ մնալ թուրք ղեկավարության բացահայտ քննադատությունից: Այսուհետ Իսրայելի դիվանագիտության ջանքերն ուղղված կլինեն ՆԱՏՕ-ի անդամ և ԱՄՆ դաշնակից Թուրքիայի իրական դեմքի բացահայտմանը:

Օգոստոսի սկզբին Memur-Sen պետծառայողների թուրքական արհմիությունը, որը մոտ է կանգնած երկրի իշխանական կառույցներին, դիմեց դատարան՝ պահանջելով քաղաքացիությունից զրկել տեղացի հրեաներին, որոնք Իսրայելի անձնագիր ունեն և ծառայել են ՑԱԽԱԼ-ի շարքերում: Արհմիության փոխղեկավար Ահմեդ Օզերը հայտարարեց, թե նրանց, ովքեր ցեղասպանություն են գործել աշխարհի աչքի առաջ, հարկավոր է զրկել քաղաքացիությունից, ձեռնաշղթաներ հագցնել ու դատի տալ: Դատարան դիմելուց առաջ հրապարակած կոմյունիկեում Օզերը դատապարտել է սիոնիստական բարբարոսների կողմից զանգվածային սպանություններն ու ցեղասպանությունը «Գազայի հատվածի մեր եղբայրների դեմ»:

Նախագահական ընտրությունները Թուրքիայում տեղի են ունեցել օգոստոսի 10-ին: Ընտրություններում հաղթեց գործող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը հավաքեց ընտրողների ձայների 51,8 տոկոսը: Թուրքիայի գործող նախագահ Աբդուլլահ Գյուլի լիազորությունները սպառվել են օգոստոսի 28-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---