Քերին Մերձավոր Արևելքում է՝ մտադիր է տարածաշրջանի երկրներին պատերազմի հանել իսլամիստների դեմ

Քերին Մերձավոր Արևելքում է՝ մտադիր է տարածաշրջանի երկրներին պատերազմի հանել իսլամիստների դեմ

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ժամանել է Բաղդադ, որտեղից սկսվում է նրա շրջագայությունը Մերձավոր Արևելքի երկրներով: Այցի նպատակն է կոալիցիա ստեղծել ջիհադական «Իսլամական պետության» դեմ պայքարելու համար:

Ինչպես հայտնում է BBC-ին, Բաղդադում Քերին հանդիպում է նոր վարչապետ Հայդար Աբադիի հետ, որը նոր է կազմավորել ազգային միասնության կառավարությունը:

Բաղդադից Քերին կմեկնի Սաուդյան Արաբիա և տարածաշրջանի այլ պետություններ, որտեղ հուսով է ռազմական, քաղաքական և ֆինանսական աջակցություն ստանալ ԻՊ ահաբեկիչների դեմ պայքարում:

Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտնել էր, որ ԻՊ դեմ կոալիցիայում մոտ 40 պետություն է ընդգրկվել: Մինչդեռ Իրաքում իսլամիստներից ետ գրաված տարածքներում հայտնաբերվել են խաղաղ բնակիչների զանգվածային գերեզմաններ: Դրանցից մեկում, ըստ Sabah-ի, թաղված է 35 գնդակահարված եզդի, այդ թվում կանայք և երեխաներ: Մեկ այլ գերեզմանում հայտնաբերվել են տեղի բանտի կալանավորների բազմաթիվ դիակները, որոնց գնդակահարել են Մոսուլը գրավելուց հետո: Հայտնաբերված դիերի հստակ քանակը հայտնի չէ:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մի խումբ ռազմական փորձագետների հետ ընթրիքի ժամանակ հայտարարել է, որ կարող է օգտվել իր սահմանադրական իրավունքից և հրաման արձակել ռմբակոծել Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերն ազգային շահերը պաշտպանելու նպատակով: Ըստ The Washington Post-ի, ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ իրավունք ունի արտոնելու հարվածներն առանց Կոնգրեսի ձևական հավանության: Ակնկալվում է, որ Օբաման սեպտեմբերի 10-ին հանդես կգա ազգին ուղղված ելույթով, որի ժամանակ էլ կհայտարարի Սիրիայի տարածքին հարվածելու մտադրության մասին:

Իսկ Սիրիայում ահաբեկչական գործողություններ են կատարվում ահաբեկիչների դեմ: Իդլիբ գավառում մահապարտի պայթյունը խլեց իսլամիստական «Ահրար աշ Շամ» խմբավորման առնվազն 28 անդամի կյանք: Նշված խմբավորումը կռվում է ինչպես Ասադի, այնպես էլ «Իսլամական պետության» դեմ: Ըստ BBC-ի, զոհվածների թվում է խմբավորման առաջնորդ Հասան Աբուդը և ղեկավար օղակի այլ անդամներ: Հավանաբար, ահաբեկչական գործողությունը «Իսլամական պետության» ձեռքի գործն է, որը նախկինում էլ է վերացրել այդ կազմակերպության ղեկավարներից ոմանց:

Ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին:

Զինված հակամարտությունն Իրաքի հյուսիսում սկսվեց «Իսլամական կազմակերպության» գրոհից հետ Մոսուլի ուղղությամբ, որն ահաբեկիչները գրավեցին հունիսի լույս 10-ի գիշերը: Ըստ որոշ գնահատականների, 1300 զինյալներ գրավեցին Նայնավա գավառի կառավարական հաստատությունները, բանակային օբյեկտները և Մոսուլի միջազգային օդանավակայանը: Մոտ 500 հազար բնակիչներ փախան քաղաքից: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---