Microsoft-ին առաջարկվել է ինովացիոն կենտրոնի հիման վրա ՀՀ-ում Microsoft Ventures աքսելերատոր ստեղծել

Microsoft-ին առաջարկվել է ինովացիոն կենտրոնի հիման վրա ՀՀ-ում Microsoft Ventures աքսելերատոր ստեղծել

PanARMENIAN.Net - Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Microsoft ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի նոր շուկաների գլխավոր մենեջեր Փիլար Թորեսին առաջարկել է քննարկել նոր ուղղություններով երկարաժամկետ գործակցության և Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված նոր հեռանկարային ծրագրերի իրականացման հնարավորությունները՝ հաշվի առնելով երկկողմ գործակցության հաջող փորձը: Կառավարության ղեկավարը, մասնավորապես, անդրադարձել է Microsoft ինովացիոն կենտրոնի հենքի վրա Microsoft Ventures աքսելերատոր ստեղծելու և մոբայլ լուծումների/մշակումների կենտրոն հիմնելու հնարավորություններին:

Կառավարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Թորեսի հետ հանդիպմանը վարչապետը նշել է, թե տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում ամենաարագ զարգացող ճյուղերից մեկն է:

«Այն զարգացման մեծ ներուժ ունի և համարվում է ՀՀ կառավարության ծրագրի առանցքային ուղղություններից մեկը»,- նշել է Հովիկ Աբրահամյանը՝ վստահեցնելով, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է Microsoft-ի հետ համագործակցությունը շարունակելու և ընդլայնելու գործում:

2008-2012 թվականների ընթացքում տնտեսության զարգացման գերակա ճյուղ ճանաչված ՏՏ ոլորտում գրանցվել է մոտ 23 տոկոս միջին տարեկան աճ: 2012-նն ամփոփող տվյալների համաձայն՝ հայաստանյան ՏՏ ոլորտում աշխատում են մոտ 10 հազար ինժեներներ, ոլորտը թողարկել է մոտ 244 միլիոն ԱՄՆ դոլարի արտադրանք:

Փիլար Թորեսը ողջունել է ՀՀ կառավարության նախաձեռնությունը՝ ուղղված ՏՏ բնագավառի զարգացման ծրագրերի իրականացմանը և վստահություն հայտնել երկկողմ համագործակցության ընդլայնման հարցում: Նա կարևորել է փոխգործակցությունը մտավոր սեփականության, քաղաքացիների իրավունքների պաշտպանության և կիբեռհանցագործությունների դեմ պայքարում:

Զրուցակիցները նաև քննարկել են ՀՀ կառավարության և Microsoft ընկերության միջև փոխըմբռնման նոր հուշագրի ստորագրմանն առնչվող հարցեր:

Microsoft ինովացիոն կենտրոնների ցանցը գործում է ամբողջ աշխարհում և աջակցում տեղական սթարթափերին և տեխնոլոգիական համայքներին՝ ապահովելով համապատասխան միջավայր և մատուցելով ծառայություններ, որոնք օգնում են հիմնել նորանոր սթարթափեր, զարգացնել ստեղծարար միտքը և բարձրացնել մրցունակությունը:

Հայաստանի Microsoft ինովացիոն կենտրոնը գործում է 2011-ի մայիսի 11-ից, որից անմիջապես հետո միացել է ինովացիոն կենտրոնների համաշխարհային ցանցին և սկսել ակտիվ գործունեություն ծավալել Microsoft-ի կողմից ամբողջ աշխարհում նորարար և սետղծագործ մտքի զարգացման նպատակով իրականացվող նախաձեռնությունների շրջանակում: Դրա հիմնական առաքելությունը տեղական ՏՏ համայնքին աջակցելն է՝ նպատակ ունենալով ձևավորել բարենպաստ միջավայր համաշխարհային ու տեղական շուկայում մրցունակ սթարթափերի ստեղծման համար:

Դեռևս 2000-ի դեկտեմբերի 28-ին Հայաստանի կառավարությունը ինֆորմացիոն տեխնոլոգիաների արդյունաբերությունը ճանաչեց ՀՀ տնտեսության զարգացման գերակա ճյուղերից մեկը։ Այնուհետև` 2001-ին, գործադիրի հավանությանն արժանացավ ՀՀ ինֆորմացիոն (տեղեկատվական) տեխնոլոգիաների արդյունաբերության զարգացման հայեցակարգը, իսկ 2008-ին՝ ՏՏ ոլորտի զարգացման հայեցակարգը։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---